կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 19:21
Քաղաքական

Հասանաբադի մարտի մասին մանրամասն․ յոթհարկանի հայհոյանք Վահրամ Աթանեսյանի հասցեին

Հասանաբադի մարտի մասին մանրամասն․ յոթհարկանի հայհոյանք Վահրամ Աթանեսյանի հասցեին

Հասանաբադում կռվել ենք, սաղ ենք, էդքան թուրք ենք խփել, էդքան ընկեր ենք կորցրել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում մանրամասներ պատմեց Հասանաբադի մարտին մասնակցած ստեփանակերտցի ո՛չ դաշնակցական ազատամարտիկ Դավիթ Գրիգորյանը, որին վրդովեցրել է Վահրամ Աթանեսյանի բամբասանքը հայոց բանակի 28-ամյակի առիթով հրապարակված՝ «Ունենալով ռազմական այդպիսի միավոր՝ Դաշնակցությունը կարող էր քաղաքական հարցեր լուծել, բայց ջոկատները մղեց դեպի պետական բանակ․ Իգոր Սարգսյան» հոդվածի վերաբերյալ։

«Էդ Աթանեսյանին ասա՝ ա՛յ տղա, ով ուզում է լինի՝ կապ չունի, եթե դու բան ունես ասելու, էնա սաղ մնացած մարդիկ կան, կգան քո․․․․․․․»,-ասաց նա։

Դավիթ Գրիգորյանը հենց Հասանաբադի մարտում է վիրավորվել, այդ պատճառով է նրա համար անհասկանալի՝ ինչպե՞ս գոյություն չի ունեցել Հասանաբադի մարտը, եթե ինքն ու Խորհրդային ստորաբաժանման հրամանատարը հիվանդանոցում կողք-կողքի են պառկած եղել․ «Գնացել ենք «լեզու բերենք», մեզ խաբել են, որովհետև Խորհրդային զորքը պիտի դուրս գար էդտեղից, իսկ էդտեղ ամենահզորներն էին, որոնց հրամանատարը մեզ վրա դուրս է եկել, ինքը մեզ է խփել, մենք իրեն ենք խփել, երկուսով էլ պառկած ենք եղել հիվանդանոցում, ինքը մահացել է, ես սաղ եմ մնացել»։

«Գնացել ենք լեզու բերենք» արտահայտությունը նշանակում է հայկական ստորաբաժանումները գնացել են Հասանաբադ, որպեսզի ադրբեջանցի գերի վերցնեն՝ նրան խոսեցնելու և պարզելու համար՝ Խորհրդային զորքը ադրբեջանցիներին ի՞նչ զինամթերք է տալիս, ինչպե՞ս է օգնում, ո՞րտեղից է օգնում և այլն։ Հետախուզական երկու ջոկատ էր՝ ստեփանակերտցիների և Դաշնակցության ջոկատները՝ համատեղ մոտ 15 հոգի։  Խորհրդային զորամիավորումները տեղեկացել էին այս մասին, Հասանաբադ գյուղ չհասած ձորում խումբը շրջափակման մեջ էր ընկել ադրբեջանցիների կողմից և ընդհարում էր տեղի ունեցել։ Խորհրդային զինվորներն էլ մեկ հայերի ուղղությամբ էին կրակել, մեկ՝ ադրբեջանցիների։

«Որովհետև Սովետը փլվել էր, իրենք պիտի էդտեղից գնային,  ո՛չ աշխատավարձ էին ստանում, ո՛չ բան, իրենք պատրաստ էին սաղին ծառայել․ մենք իրենց տալիս էինք Եղվարդի բոթասները՝ մեզ էին ծառայում, թուրքերն էին ինչ-որ բան տալիս՝ թուրքերին էին ծառայում»,-պատմեց Դավիթ Գրիգորյանը և ընդգծեց, որ Հասնաբադի մարտի ամենամեծ նշանակությունն այն է, որ հայկական կողմը կարողացավ «Խորհրդային զորքեր» կոչվող կազմավորման (Խորհրդային Միություն արդեն չկար, հետևաբար՝ զորք ունենալ չէր կարող) մեջքը ջարդելով ապացուցել, որ իրենց խելոք պահեն՝ այլևս հայկական գյուղերը չգնան։

Այս ամենը «հեքիաթ» որակող, «Հասանաբադի ճակատամարտ» եզրույթը շրջանառության մեջ դնող և ինքն էլ իր ասածը հերքող Վահրամ Աթանեսյանի ուշադրությունը հրավիրում ենք, որ Yerkir.amհրապարակման մեջ «ճակատամարտ» արտահայտություն չկա, կա «Հասանաբադում շրջափակման մեջ ընկանք» արտահայտություն, որը փաստ է այնքանով, որքանով Դավիթ Գրիգոյանի՝ այդ մարտում վիրավորված լինելու հանգամանքը և դաշնակցական ջոկատի հրամանատար Վաչե Ռոստոմյանի, փոխհրամանատար Վարդան Բախշյանի և զինակից ընկեր Գագիկ Գրիգորյանի զոհվելու փաստը։ Տղերքի զոհվելու օրը ոչ թե Աթանեսյանի նշած՝ 1992 թ-ն էր, այլ 1991 թվականի դեկտեմբերի 16-ը։ Մեկ ամիս էլ չանցած՝ Խորհրդային այս զորամիավորումները զենքը հանձնեցին Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին և դուրս եկան․ սա նաև Հասանաբադի մարտի արդյունքն էր։

Իգոր Սարգսյանը, որի պատմելով հիշատակել ենք այս դրվագը, Հասանաբադում շրջափակման մեջ ընկած ստորաբաժանմանը օգնության հասած՝ Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) խմբի մեջ է եղել, անձամբ ականատես է եղել այս ամենին։ Նաև Աֆղանստանում կռված Դուշման Վարդանը այնտեղից սովորած գեղավեստական կարկահերթ է արձակել, շրջափակման մեջ հայտնված տղաները ճանաչել են կրակահերթը, ադրբեջանցիները հետ են քաշվել, Արամը նռնակը տեղն է դրել։

Իգոր Սարգսյանին «մեկ անգամ եռամսյա հավաքով ճակատում հայտնված» անվանող Վահրամ Աթանեսյանին և նրա ասածը հալած յուղի տեղ ընդունողներին ասենք, որ Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ Իգոր Սարգսյանի մարտական ուղին սկսվում է 1991 թ-ի նոյեմբերից և ավարտվում հրադադարի կնքման հետ՝ 1994 թ-ի մայիսին՝ Ֆիզուլիում։ 1991 թ-ին նա մասնակցել է Կրկժանի, Հասանաբադի, Լեսնոյի գործողություններին, մասակցել դիվերսիոն գործողությունների, 1992-ին՝ Շուշիի ազատագրմանը, Լիսագորի, Լաչինի, Զառիսլուի մարտական գործողություններին,  Մարտակերտի պաշտպանությանը, կռվել է Կիչան-Սրխավենդի հատվածում, մասնակցել Ղազանչիի, Առաջաձորի, Չլդրանի պաշտպանության և ազատագրման մարտական գործողություններին, 1993 թ-ին՝ Մարտունու շրջանում, Աշան, Գելափլի, Բերդաշեն հատվածում, 1994 թ-ին Ֆիզուլիի շրջանի Սեիդահմեդլի, Կարախանբեյլի գյուղերի հատվածների մարտերին և 1994 թ-ի զինադադարի կնքման ժամանակ էլ եղել է Արցախում։ Մինչև այսօր էլ ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի կազմում տարին մի քանի անգամ այցելում է Արցախ։ Նրա մասին կարող են պատմել նրա հետ մարտական ուղի անցած ազատամարտիկներ, հրամանատարներ։

Մինչդեռ Վահրամ Աթանեսյանի կենսագրությունում «մարտական ուղի» բաժինը սկսվում է հրադադարի կնքումից մի քանի տարի էլ հետո՝ «1996-1997թթ.՝ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով վաշտի, այնուհետև՝ ուսումնական գումարտակի  հրամանատարի տեղակալ»․ այսքանը։ Եվ այս մարդը իրեն իրավունք է վերապահել «դատողություններ անել» ռազմական տարբեր գործողությունների և դրանց մասնակցած ազատամարտիկների մասին։ Անգամ ասում են՝ դա անում է որոշ շրջանակներից ստացած գումարի դիմաց։ Ժողովուրդը կասեր՝ «Դատարկ տակառը բարձր է զնգում»։   

Իգոր Սարգսյանը նրա հրապարակմանը իրեն հատուկ համեստությամբ է արձագանքում․ «Այնպես չէ, որ ես Դաշնակցությանը ներկայացնելու խնդիր ունեմ․ այսքան ժամանակ չի ասել Դաշնակցությունը, հիմա էլ չի ասի, բայց ասելիք կա, որպեսզի վաղը մեր անվտանգությունը ճիշտ ապահովենք և դա անենք գործողություններով և ոչ խոսքով»։

Իգոր Սարգսյանը դեռ ազատամարտիկ եղած ժամանակվանից է զգացել արցախցու ջերմությունը, հողին, հայրենիքին, իրեն պաշտպանողին նվիրվածությունը․ երբ իրենց՝ կամավորականներին, գիշերը պահում էին արցախցի ընտանիքները, իրենք չէին ցանկանում նեղություն տալ և թույլ չէին տալիս, որ հարսները, մայրերը իրենց հագուստը լվանան, բայց առավոտյան զարթնում էին՝ տեսնում ամեն ինչ մաքրած, կողքներին դրված։ Նա իր երախտագիտությունն է հայտնում այդ ընտանիքներին․ «Այս ժողովուրդը պատերազմը վերցրեց իր վրա, ուրեմն այս ժողովրդի կողքին պիտի լինենք, որպեսզի տանուլ չտանք պատերազմը»։

Նա ասում է, որ որևիցե մեկին նսեմացնելու, ցածրացնելու խնդիր երբևիցե չի դրել, գնահատում է Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցած բոլոր ջոկատների ավանդը և հպարտ է նրանցով։ Պարզապես, դաշնակցական ստորաբաժանման օրինակով ցանկացել է ցույց տալ, որ հայրենիքին պետք է անմնացորդ նվիրվել, անհրաժեշտության պահին կանգնել սահմանին, սերունդ դաստիարակել, մարտունակ կամավորականներ պատրաստել։

Իգոր Սարգսյանի հետ Հասանաբադի մարտին մասնակցած ընկերները Վահրամ Աթանեսյանից ներողություն են պահանջում։  «Պատերազմական հեքիաթը» Աթանեսյանի հորինած սուտն է՝ իր քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Նրան ճանաչում են 1991 թ-ից և խորհուրդ են տալիս իր չտեսած մարտական գործողությունների մասին չխոսել և ազգի գոյապայքարի թեմայով չվաճառվել․ դա, սովորաբար, լավ տեղ չի տանում։

Աննա Բալյան