Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծանր վիրավորում ստացած ազատամարտիկները շշնջում էին՝ մենակ թե հասնիմ դոխտուրի մոտ»,-այս նախադասությունը շատ բժիշկներ ու բուժքույրեր են լսել վիրավոր ազատամարտիկներից. գրում է Yerkir.am-ը:
Ռազմադաշտային բժշկությունը ստեղծվել է արցախյան պատերազմին զուգահեռ՝ քաղաքացիական առողջապահության բազայի վրա: 1988-ին, Արցախում երբ ազգամիջյան հակամարտությունները դեռևս փողոցային ծեծկռտուքի, ադրբեջանցիների կողմից կռիվներ հրահրելու, խաղաղ հայ բնակչության վրա հարձակվելու դրսևորումներ ունեին, Հայաստանից բժիշկներն սկսեցին գնալ Արցախ՝ բարդ վիրահատություններ անելու և արցախահայությանը սատարելու: Ակնհայտ էր, որ բախումները զարգանալու, ծավալվելու միտում ունեն և շատ շուտով վերաճեցին պատերազմական կանոնավոր գործողությունների:
Բժիշկները խաղաղ բնակչությանն օգնելու առաքելությամբ էին Արցախում. այդպես էին նրանք ներկայանում 1988-91 թվականներին Արցախը բոլոր կողմերից հսկող օմոնականներին ու իբր խաղաղարար առաքելություն կատարող խորհրդային զինվորականներին: Բժիշկները հաճախ էին վիրահատում ծպտված ազատամարտիկներին, ռուսական խիստ վերահսկողությունը շրջանցելով՝ նրանք իրենց կյանքն էին վտանգում, բազմաթիվ հնարքների դիմում և քաղաքացիական բուժօգնության քողի տակ բուժում ու շարքեր ուղարկում ազատամարտիկների:
Այդ տարիներին Ստեփանակերտն ամեն օր ռմբակոծվում ու արկակոծվում էր Շուշիից: 1990-ականների սկզբների սերունդը օրերով ցերեկային լույս չէր տեսնում, որովհետև ամիսներ շարունակ ապրում էր անլույս ապաստարաններում: Արցախը ռմբակոծվում էր նաև ինքնաթիռներից. թշնամին հատուկ այն վայրերն էր ընտրում, որտեղ ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ կային: Հիվանդանցները չէին հասցնում սպասարկել հրազենային վիրավորումներ ստացող բնակիչներին: Մյուս կողմից էլ Արցախի տարբեր գյուղերում ու քաղաքներում էին կռիվներ ընթանում: Պետք էր հենց տեղում կազմակերպել ազատամարտիկների բուժօգնությունը: Պետք էր ստեղծել հոսպիտալներեր, որտեղ հիմնավոր բուժում կստանային առաջնագծում վիրավորված ու ռազմադաշտային հոսպիտալներում առաջին բուժօգնությունն ստացած ազատամարտիկները:
Հայաստանի և Արցախի ուժերը համախմբվեցին, ու ստեղծվեց ռազմադաշտային բժշկությունը, որը կարճ ժամանակում սկսեց կանոնակարգված աշխատել. դաշտային հոպիտալներ հիմնվեցին տարբեր բնակավայրերում՝ առաջնագծին այնքան մոտ, որ հեռավորությունը հաճախ 1-2 կմ էլ չէր կազմում: Իսկ ստացիոնար հոսպիտալը բուժծառայության պետ Վալերի Մարությանի ջանքերով հիմնվեց Ստեփանակերտում՝ նկուղային հարկում, որը նաև ապաստարան էր:
Արցախյան պատերազմին զուգահեռ ու դրանից հետո մեր երկրից շատ կամ քիչ հեռավորության վրա էլ են պատերազմներ եղել: Ամենաքիչ զոհերը մենք ենք ունեցել, քիչ է նաև անդամալույծների թիվը: Ըստ վիճակագրության՝ վիրավորների 80-90 տոկոսը շարքեր է վերադարձել հենց կազմակերպված ու որակյալ բուժօգնության շնորհիվ:
Հոսպիտալներում աշխատած բժիշկները պատմում են, որ նրանք, ովքեր հասնում էին հոսպիտալ, փրկվում էին:
Արցախյան պատերազմի ժամանակ կազմավորված ռազմադաշտային բժշկությունը այսօրվա փխրուն խաղաղության պայմաններում կայուն ու կարևոր դեր ունի մեր Զինված Ուժերում:
Հայաստանում առաջին հոսպիտալն ստեղծվել է Վանաձորում, երկրորդը՝ Երևանում, հաջորդը՝ Սիսիանում: 1990-ականներին Հայաստանն ու Արցախը միասին ունեին 8 ռազմաբժշկական հաստատություն:
Այսօր ԶՈՒ-ի ռազմաբժշկական ծառայությունն իր ենթակայության տակ տասնյակից ավելի հաստատություններ ունի: «Բժշկական անձնակազմը կազմված է 1000-ից ավելի բուժաշխատողներից: Անգամ դասակները համալրված են բուժաշխատողով: Զորամասերի մշտական տեղակայման վայրերում ու առաջնագծում աշխատող բուժծառայողներն անցել են ռազմաբժշկական հատուկ պատրաստություն: Մեր երազանքն է, որ մարտական հերթապահություն իրականացնող յուրաքանչյուր դասակում սանհրահանգիչ լինի, որ դիրքերում առաջին օգնություն իրականացնող յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կարողանա առաջին բուժօգնություն ցույց տալ իր զինակից ընկերոջը»,- ոլորտի անելիքներից նշեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.