Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարած «երանելի» ժամանակները «Երկիր»-ի հետ զրույցում վերհիշեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ով, ի դեպ, այդ տարիներին խորհրդարանում ընդդիմադիր Դաշնակցության միակ պատգամավորն էր:
- Օրերս ասուլիս-հանրահավաքում առաջին նախագահը հիշեց իր ժամանակվա «պառլամենտական հզոր եւ աշխատող ընդդիմությանը», խոսեց ժողովրդավարությունից... Իրո՞ք նկարագությունը համապատասխանում է իրականությանը, իրո՞ք ընդդիմության համար աշխատելու պայմաններ ստեղծված էին:
- Կիսաճշմարտությունը շատ ավելի վտանգավոր է, քան սուտը, որովհետեւ կիսաճշմարտությունը երբեմն ճշմարտանման է հնչում, եւ միամիտ կամ անտեղյակ մարդիկ հավատում են դրան: 1996թ. սեպտեմբերի 26-ին ամբողջ ընդդիմությունը խորհրդարանում գլխատվեց, ընդդիմության ակտիվ ներկայացուցիչները հայտնվեցին ՊԱԿ-ի նկուղներում կամ տնային կալանքի տակ: Մի մասն էլ փախուստի դիմեց: Իսկ հիմնական «հանցանքն» այն էր, որ պայքարում էինք աննախադեպ կեղծված ընտրությունների դեմ: Դավիթ Վարդանյանն էր, Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը, ես... Դավիթ Վարդանյանը չկարողացավ ներկայանալ ԱԺ արտահերթ նիստին` 10-12 կողոսկր էին ջարդել... Դրանից հետո մենք էլ խորհրդարան չվերադարձանք` մինչեւ իր հրաժարականը: Ցավում եմ, որ այս ամենով հանդերձ, այսօր Տեր-Պետրոսյանը նման հայտարարություն է անում:
- Տեր-Պետրոսյանը, երեկ համեմատականներ անցկացնելով 1996-ի եւ 2008-ի մարտի 1-ի միջեւ նշեց, թե «համեմատությունը տեղին է միայն մեկ պարագայում, որ երկու ընտրություններն էլ տեղի են ունեցել ընտրություններից հետոՙ բողոքի արդյունքում...»։
- Եթե համեմատություն էր անում, ազնիվ կլիներ, որ ասեր, որ երկու դեպքում էլ աննախադեպ կեղծվել էին ընտրությունների արդյուքները, ինչն առաջացրել էր ժողովրդի արդարացի զայրույթը: Ո՛չ 96-ի ժողովուրդն էր հոգեկան հիվան, ո՛չ էլ` 2008-ինը, ովքեր ոտքի էին ելել իրենց ձայներին տեր կանգնելու: Ասում են` եկեք մոռանանք անցյալը եւ նորից սկսենք: Այդ դեպքում ո՞րն է անցյալը, երեկն էլ է, չէ՞, անցյալ: Ինչո՞ւ են ասում մինչեւ 1998-ը մոռանանք, 1998-ից սկսենք, եւ սա այն դեպքում, երբ բոլոր արատների արմատները հենց 1995-1996-ին են դրվել: Ինչպես չհիշենք, որ Ազատության հրապարակում 95-ին կրակեցին ցուցարարների վրա: Մի առիթով ասել եւ կրկին եմ ուզում շեշտել. 2008 թվականին մարդկանց գնդակահարող դիպակահարները ծնվեցին հենց 95-96 թվերին: Արդեն 2008-ին մեծացան, առնականացան եւ դարձան հրեշ: Ես տեսել եմ այդ դիպուկահարների ծնունդը: Յուրաքանչյուրը ցանկանում է ներկայացնել ճշմարտության այն բաժինը, որ ձեռնտու է իրեն: Քաղբանտարկյալների դպրոցն էլ է հիմնադրվել Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք` նույն 95-96՟ականներին: Այդ բանտախցերի առաջին հաճախորդներն էլ դաշնակցական ղեկավարներն էին, խորհրդարանի ընդդիմադիր գործիչներս: Այս չորս ընդդիմադիր պատգամավորներով կողք-կողքի տեղ էինք զբաղեցրել ՊԱԿ-ի մենախցերում:
- Առաջին նախագահը, խոսելով ժողովրդավարության մասին, ոչ ուղիղ իմաստով իրեն վերագրեց նաեւ 1990-ի Գերագույն խորհրդի արդար ընտրությունները...
- Ճիշտն ասած` չեմ լսել եւ չեմ ուզում հավատալ: Ես միշտ ասել եմ, որ մեր ամենաարդար եւ ազնիվ ընտրությունները եղել են 1990թ. Գերագույն խորհրդի ընտրությունները: Ընտրություններ, որոնք անցկացվեցին հենց Խորհրդային միության Ընտրական օրենսգրքի պայմաններում: Ամբողջությամբ մեծամասնական ընտրակարգ էր, եթե չեմ սխալվում` 260 պատգամավորով: Կար հասարակական լուրջ ակտիվություն: Այդ օրերին Հայաստանում ծնվել էր ՔԱՂԱՔԱՑԻՆ, եւ այդ քաղաքացին իր իրավունքի համար դուրս էր եկել ակտիվ պայքարի, որոշակիորեն ճնշում էր օրվա իշխանություններին, եւ այդ իշխանությունները դեմ չգնացին հասարակական ճնշմանը: Եվ դա վերագրել որեւէ անձի` սխալ է ու ծիծաղելի: Դրա տերը, հեղինակը եւ իրականացնողը ողջ ժողովուրդն էր` հավաքական ակտիվությամբ եւ քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ: Դրանից հետո` հետագա բոլոր ընտրություններում, ե՛ւ իշխանությունը չունեցավ քաղաքական կամք նորմալ ընտրություններ անցկացնելու, ե՛ւ ժողովրդի քաղաքական ակտիվությունը չհասավ համապատասխան աստիճանի` իշխանություններին պարտադրելու իր կամքը:
- Կխնդրեի աուգահեռներ անցկացնեք առաջին եւ երրորդ նախագահների պաշտոնավարած տարիների ժողովրդավարության միջեւ:
- Դա արհեստական հարցադրում է, որովհետեւ անտեսվում է ժամանակի գործոնը: Այսօր հրապարակային երկխոսող կողմերից յուրաքանչյուրը երեւի չեն նկատում, որ համառորեն փորձում են ժողովրդին ներկայանալ որպես չարյաց փոքրագույն: Եվ ցավալի է, որ անընդմեջ ժողովրդին պարտադրվում է ընտրություն կատարել չարերից «մեծագույնի եւ փոքրագույնի» միջեւ: Օրինակ, հիմա խորհրդարանում ընդդիմության համար շատ ավելի լավ պայմաններ կան, քան 95-ին: Բայց դա ամենեւին էլ օրվա իշխանությունների կամեցողության արդյունքը չէ, այլ` ժամանակի: Այսօր մեր խնդիրը մեկն է` վերացնել արատների արմատները, որոնք դրվեցին Տեր-Պետրոսյանի ժամանակ:
Հարցազրույցը` Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԻ