Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին մամուլում դարձյալ քննարկվում է ադրբեջանական ֆիլմերի թեման, և դարձյալ, կարծես, հարություն է առել «երջանկահիշատակ» Գեորգի Վանյանը: Ժամանակին սույն անձնավորության կողմից Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու ձախողված փորձի հիշողությունը, պարզվում է, հանգիստ չի տալիս նրա երբեմնի կազմակերպչական հովանավորներին՝ մարդկանց, ովքեր, չնայած գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, չկարողացան մինչև վերջ իրականացնել իրենց «առաքելությունը»՝ փառատոնն անցկացնել գոնե սեփական գրասենյակներում: Խոսքը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասին է: Եվ ահա եկել է չարախնդալու ժամանակը, եկել է վանյանական ակցիայի` այն օրերի խանգարիչներին՝ «Վանաձորի արծիվ ՀԿ-ներին», «երդված, պարող, նախկին ու բանահյուս դաշնակցականներին», «քառորդ դրույքով հայրենասերներին» հեգնելու, նաև փոքր-ինչ սադրելու ժամանակը, թե՝ ինչո՞ւ եք հիմա այդպես լուռ, երբ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում ներկայացվում են ձեր կողմից այնպես այպանված ադրբեջանական ֆիլմերը:
Մտահոգիչն այն միտումն է, որով մեր փառապանծ իրավապաշպանները փորձում են հավասարության նշան դնել ինչ-որ Վանյանի բորբոքված ուղեղի արդյունք ձեռնարկման և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջև: «Անզեն» (այսինքն՝ «իրավապաշտպան ակնոցներից» զերծ) աչքով էլ պարզ երևում է այդ երկու ձեռնարկների անհամեմատելիությունը: Եվ միայն ատելության հասնող անմեկնելի քամահրանքն առ «արծիվներն» ու «բանահյուսները», առ «կես դրույքով հայրենասերները» կարող էր հավասարության նշան դնել այդ երկուսի միջև ու ոսկեղենիկ բարբառով «հրապարակախոսել», ինչպես անում է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, և որի հրապարակախոսությունից մեջբերում արվեց նախորդ պարբերության մեջ:
Երկու խոսք ադրբեջանական ֆիլմի մասին, որ ցուցադրվել է «Ոսկե» ծիրան»-ի շրջանակներում: Ֆիլմի պրոդյուսերը գերմանացի է, հետևաբար, չնայած այն փաստին, որ աշխատակազմը ադրբեջանցիներից է բաղկացած, ֆիլմը չի դիտվում իբրև զուտ ադրբեջանական արտադրություն, մանավանդ որ` դրա փառատոնային ներկայացուցիչը նույն գերմանացի պրոդյուսերն է: Բայց եթե նույնիսկ ֆիլմը ներկայացված լիներ ադրբեջանական կողմից, միևնույն է, «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակում և իրավամբ փառատոնային համատեքստում այն ընկալվելու էր միանգամայն այլ լույսի ներքո, այլ հայացքով, ինչը բնավ չես ասի ինչ-որ մեկի ձախողված ակցիայով ֆիլմերի մասին, ակցիա, որով ավելի շուտ խիստ հանդուրժող և ժողովրդավար երևալու` կազմակերպիչների մարմաջն էր բավարարվում, և որից ավելի շատ դրամաշնորհային փողեր գրպանելու հոտ էր գալիս, քան թե խաղարարական գաղափարներ «սերմանելու»:
Պետք չէ թացը չորի հետ խառնել, պարոնա'յք իրավապաշտպաններ, ինչպես որ պետք չէ ամեն բան մատաղ անել ժողովրդավարությանը: Այդ թվում՝ մայրենի բարբառը, որը հաստատ ավելի արժանապատիվ «թեմաների» է արժանի:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այն իրավապաշտպան ՀԿ-ների շարքում էին, որոնք ժամանակին թև թևի տված մարտնչում էին «Ազատություն Ծոմակին» դրոշի ներքո: Իսկ վերջինս, հիշեցնենք, այն «արվեստագետն» է (վերոհիշյալ ՀԿ-ների բնորոշումը` անհայտ ծագման այդ արարածին), ով, ինչպես հետո պարզվեց, «ուղղակի զզվում է Հայաստանից»:
Լ. Ս.
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։