Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունը տևական ժամանակ բանակցություններ էր վարում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ՝ գրում է 168.am-ը։ Բանակցությունները հանգեցրին նրան, որ սպասվում է ներքին սակագների բարձրացում։
Այս պարագայում սպառողների համար ըստ էության որևէ նշանակություն չունի, որ Հայաստանը կշարունակի սահմանին ռուսական գազը գնել նույն գնով, ինչ անցած տարի։ Սպառողի համար կարևորը ներքին սակագներն են։ Իսկ դրանք բարձրացնելու վերաբերյալ առկա կասկածները կարծես հաստատվում են։
Նախ այդ մասին ակնարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Նա չբացառեց, որ «Գազպրոմ Արմենիան» առաջիկայում հայտ կներկայացնի` ներքին սակագները վերանայելու առաջարկությամբ։ Հազիվ թե կարելի էր կարծել, որ Հանձնաժողովի նախագահն առանց լուրջ հիմքերի նման ակնարկներ կաներ։ Առավել ևս, այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ այս տարվա հունվարի 1-ից շարունակելու է Հայաստանին գազ մատակարարել նախկին գնով։
««Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրի համաձայն՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019թ. մակարդակին»,- տարեվերջին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Գազպրոմ» ընկերությունը։
Այն ժամանակ դա շատերին հիմք տվեց ասելու, որ գազի ներքին սակագները կմնան անփոփոխ։ Սակայն պարզվում է՝ այդ հիմքերն այնքան էլ հիմնավոր չէին։
Գազի ներքին սակագները վերանայելու Հանձնաժողովի նախագահի ակնարկներին հետևեց «Գազպրոմ Արմենիայի» հայտարարությունը։ Ըստ այդմ, ընկերությունը քննարկում է սակագների վերանայման հարցը, և չի բացառվում, որ նման առաջարկությամբ կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
Քանի որ արդեն հայտարարվել է, որ մինչև այս տարվա ապրիլ գազի ներքին սակագները չեն բարձրանա, պետք է ենթադրել, որ դա տեղի կունենա ապրիլի 1-ից հետո։ Մինչ այդ էլ հավանաբար գազամատակարար ընկերությունը հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ։
Սակագնային հայտ ներկայացնելու համար «Գազպրոմ Արմենիան» ըստ էության դեռ ժամանակ ունի, բայց այդ ժամանակը շատ չէ։ Ինչպես հայտնի է, սակագնային հայտն ուսումնասիրելու համար Հանձնաժողովին տրված է 80 օր։ Չնայած դա չի նշանակում, թե հայտի ուսումնասիրությունը չի կարող ավելի կարճ ժամկետում արվել. 80 օրը առավելագույն ժամանակն է։ Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նույնիսկ 1 ամսվա ընթացքում։ Հատկապես, որ որոշման ընդունումից հետո ևս 1 ամիս կամ 30 օր նախատեսված է, մինչև այն կմտնի գործողության մեջ։
Այնպես որ, ինչքան էլ առաջին հայացքից թվում է, թե Հանձնաժողովն ապրիլի 1-ից սակագները վերանայելու առումով որոշակի կաշկանդվածություն ունի ժամկետների մեջ, այնքան էլ այդպես չէ։
Ներքին սակագների վերանայման հավանականությունը հիմնավորվում է անցած տարվա հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի թանկացմամբ։
Հիշեցնենք, որ այն ժամանակ ներմուծման գինը բարձրացավ 10 տոկոսով կամ 15 դոլարով, բայց դա ներքին սակագների վրա չարտահայտվեց։ Սպառողները շարունակեցին վճարել նույն գինը, իսկ ներմուծման թանկացման բեռը դրվեց գազամատակարար ընկերության վրա։
Հիմա պարզվում է՝ գազամատակարար ընկերությունը` ի դեմս «Գազպրոմ Արմենիայի», այլևս ի վիճակի չէ կրել այդ բեռը։ Ու դա, ըստ էության, կտեղափոխվի սպառողների վրա։
Թե ինչքանո՞վ կարող են բարձրանալ գազի ներքին սակագները, այս պահին դժվար է ասել։ Կան տարբեր ենթադրություններ կամ կանխատեսումներ, որ դա կարող է լինել ընդհուպ 10 տոկոսի չափով։ Բայց այդպիսի պնդումներ անելը դեռ վաղ է, որովհետև կարող են կիրառվել սակագնային բեռի վերաբաշխման տարբեր մեխանիզմներ։ Գազի սակագները Հայաստանում տարբերակված են, իսկ դա հնարավորություն է տալիս ընտրություն կատարել սպառողների տարբեր խմբերի միջև։
Ամեն դեպքում միանշանակ է, որ թանկացման բեռը ծանրանալու է սպառողների վրա` բոլոր բացասական հետևանքներով։
Տուժելու է, առաջին հերթին՝ բնակչությունը` անկախ նրանից՝ դա կլինի ուղղակի՞` սակագների բարձրացման տեսքով, թե՞ միջնորդավորված ձևով։ Դա ենթադրում է լրացուցիչ գնաճային ճնշում տարբեր ապրանքային շուկաներում։ Չի բացառվում, որ այդ պարագայում առաջանա նաև էլեկտրաէներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն։
Տուժելու է նաև տնտեսական հատվածը, հատկապես այն ոլորտները, որտեղ կախվածությունը գազի գնից բավականաչափ մեծ է։ Ու դա ազդելու է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին շուկաներում մրցունակության վրա։ Թեև տեղական արտադրանքի դիրքերը, առանց այդ էլ, փայլուն չեն։
Խնդիրների կարող է բախվել ջերմոցային տնտեսությունն ու վերամշակող արդյունաբերությունը, որոնք այս պահին օգտվում են գազամատակարարման ավելի արտոնյալ սակագներից։ Մի բան, ինչը նպաստավոր ազդեցություն է ունեցել թե՛ մեկ, և թե՛ մյուս ոլորտի զարգացումների վրա։ Վերջին շրջանում, երբ այդքան խոսվում է վերամշակող արդյունաբերության դերի բարձրացման մասին, նաև դրա արդյունք է։
Եվ սա դեռ ամենը չէ։ Գազի սակագնից Հայաստանի՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակի կախվածությունը բավականաչափ մեծ է։ Եթե այն թանկանա, դժվար չէ պատկերացնել, թե ինչ արժեք կունենան այն սոցիալական ծրագրերը, այդ թվում` կենսաթոշակների 10 տոկոսանոց բարձրացումը, որի մասին կառավարությունն այդքան թմբկահարում է։
Գազի սակագինը Հայաստանում շատ նուրբ թեմա է, որի վրա էլ ժամանակին խաղում էր այսօրվա քաղաքական իշխանությունը։ Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր գազամատակարարման համակարգերում առկա կոռուպցիոն սխեմաների, չհիմնավորված սակագների և դրանց նվազեցման հնարավորությունների մասին։ Այսօր սակագների նվազեցման մասին այլևս խոսք չկա, իսկ սպառողները, որոնք ժամանակին հավատում էին Նիկոլ Փաշինյանի պնդումներին, կանգնած են գազի դիմաց ավելի բարձր գին վճարելու սպառնալիքի առջև։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ