Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ֆեյսբուք»-ում «վխտում են» ամեն կարգի ապակողմնորոշիչ գրառումներ՝ մի կողմից իշխանության քարոզչական մեքենան շարժման մեջ պահելու և մյուս կողմից՝ Դաշնակցության թափը կասեցնելու հստակ դիտավորությամբ։ Թվում է, թե ռազմաբեմն այլևս սահմանագիծը չէ։ Ռազմաբեմը փոխադրված է ներքին քաղաքականության ոլորտ։ Նախահարձակումը (aggression, ագրեսիա) տեղի է ունենում Երևանի մեջ իսկ։ Եվ թիրախը մեր ազգային քաղաքականությունն է։ Մեր ազգային գաղափարախոսությունը։ Մեր ազգային հարազատ ընդդիմությունը՝ մեր ժողովրդին կեղեքող ուժերի դեմ։ Թիրախն այն իսկ քաղաքական ուժն է, որ հրաժարվում է ընդունել մեր երկրին պարտադրված status quo-ն։ Որ հրաժարվում է ենթարկվել իշխող հաստատությանը (establishment), որ նույն ինքը՝ մենաշնորհային համակարգի նոր գործիքն է։
Ժողովրդային շարժման բովում իշխանափոխության հասած մեքենան, որ շարունակում է ինքն իրեն ծանուցել որպես հեղափոխություն, ամեն օր ավելի է բացահայտում իր իսկական դիմագիծը։ Ես ասել եմ ժամանակին՝ այս իշխանությունը հեղափոխությունը չէ։ Ասել եմ, որ հեղափոխությունը դեռ մեր առջևում է։ Այն կարող է գալ, եթե այս իշխանությունն ուզի այն բերել։ Այսօր արդեն հստակ է, որ այդ մեկը չի կարող իրագործվել այս իշխանության մարդուժով և մտքերով։
Հեղափոխությունը պահանջում է համակարգային հստակ հեղաշրջում։ Պահանջում է մենաշնորհային համակարգի կազմաքանդում և ազգային եկամուտի առողջ վերաբաշխում։ Պայման է, որ երկիրը կեղեքող շահատերերը բերվեն մրցակցային դաշտ։ Այս մեկը կարելի է առանց հսկա ցնցումների։ Պայման է, որ երկրի աշխատուժը դուրս գա իր ստրկային կարգավիճակից։ Մենաշնորհային դաշտի հետ քաղաքական համակեցության մեջ եղող իշխանությունը չի կարող հեղափոխող հանդիսանալ։ Այդ առաքելությունը պատկանում է արտախորհրդարանական ընդդիմությանը և այն գլխավորելու կոչված Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։
Մի՛ փորձեք աղավաղել եզրերը։ Եվ մանավանդ մի փորձեք աղավաղել փաստերը։ Ձեր քարոզչական մեքենան ձեր գործի մեծագույն պատուհասն է։ Նախորդ իշխանության դեմ օրըստօրե պայքարող միակ իրական ուժը Դաշնակցությունն էր։ Իզուր եք փորձում աղավաղել այս փաստը։ Մենք այդ կռիվը մղեցինք ներսից և կարևոր նվաճումների հասանք։ Բայց չհաջողեցինք մենաշնորհային համակարգը հակակշռի տակ բերել։ Եվ խոստովանում ենք, որ մեր գործը դեռ շատ հեռու է ավարտված լինելուց։
Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության և համագործակցության, եթե մեր զրուցակիցները պատրաստ են անկեղծորեն միանալու մեզ համակարգային փոփոխությունների ճակատում, որը մեր հեղափոխական առաջադրությունն է։ Մեր առաջնահերթությունը դուք չեք։ Մեր միակ առաջնահերթությունը մեր ժողովուրդն է և մեր հայրենիքը։ Եվ նրանք, ինչպես հեղափոխությունը, լոզունգներ չեն մեզ համար։ Մեր գործը մեր առջևում է, և այն կանգ պիտի չառնի։
Կարո Արմենյան