կարևոր
712 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-13 18:07
Քաղաքական

Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյան

Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյան

Օրերս հայկական պաշտոնական հրավերով Հայաստան ժամանած մի խումբ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ մասնավորապես նշելով «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն էոր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր չի գտնվում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»։

Այդ մասին հայտնում է akunq.net- ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Փաշինյանը նաև հայտարարել է․ «Ես թե՛ Հայաստանում ելույթ ունենալիս և թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ զրույցներում ընդգծում եմ պատմության և ներկայի միջև տարբերություն դնելու անհրաժեշտության մասին։ Մենք չենք կարող պատմությունն ու ներկան նույն կերպ ընկալել, քանի որ ներկան ներկա է, իսկ պատմությունը՝ անցյալ»։

Նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձած ՀՀ վարչապետը ասել է, որ երբ անցյալի հետ համեմատում ենք ներկայում երկու կողմերի միջև ծավալվող երկխոսությունն ու համագործակցությունը, նկատում ենք, որ նշանակալի զարգացում և կոնկրետ առաջընթաց է արձանագրվել։

«Ես քաղաքական կամք եմ տեսնում, սակայն կարևորն այն է, որ այդ կամքը երկու կողմերից էլ շարունակի դրսևորվել։ Եթե այդ գործընթացին դիտմամբ փոխադարձ կերպով վնաս չտանք, ապա ըստ իս՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն արդեն միայն ժամանակի հարց կդառնա»։ 

Թուրք լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է «խաղաղության խաչմերուկին»՝ շեշտելով, որ ինքը, որպես ՀՀ վարչապետ, ցանկանում է օգտվել այդ «պատմական հնարավորությունից»։

Հարցազրույցի շրջանակներում նա շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում Թուրքիայի դերի մասին, որը, ըստ Փաշինյանի, կարող է հավասարակշռող լինել Հարավային Կովկասում։

Այսպիսով, ինչպես և սպասելի էր, Փաշինյանը թուրք լրագրողների միջոցով Թուրքիային և համայն աշխարհին ազդարարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացից ՀՀ ներկա իշխանությունների հրաժարման մասին։

https://t24.com.tr/haber/ermenistan-basbakani-pasinyan-dan-tarihi-aciklamalar-soykirimin-uluslararasi-taninmasi-oncelik-degil-turkiye-ile-normallesme-artik-sadece-zaman-meselesi,1225578#google_vignette

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net