Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. տարեսկզբից ուժի մեջ է մտել եկամտահարկի փոփոխությունը։ Ըստ այդմ, աշխատավարձ ստացողները կվճարեն նույն չափի՝ 23 տոկոս եկամտահարկ։ Նախկինում հարկումը եռաստիճան էր, այսինքն՝ եկամտահարկի տարբեր չափեր էին սահմանված ցածր, միջին ու բարձր աշխավարձ ստացողների համար։ Այլ կերպ՝ մինչեւ 150 հազար դրամ ստացողը վճարում էր աշխատավարձի 23 տոկոսը, 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ ստացողը՝ 28 տոկոսը, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները 36 տոկոս էին վճարում։ Հունվարի 1—ից արդեն բոլորը կվճարեն համահարթ՝ 23 տոկոս եկամտահարկ։
Ինչպես տեղեկացանք ֆիննախի եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանից, այս փոփոխություններն ավելի շատ կզգան բարձր աշխատավարձ ստացողները։ Մինչեւ 150 հազար դրամ ստացողները, որոնք մեծամասնություն են (65 տոկոս), այս տարի որեւէ փոփոխություն չեն զգա։ Քանզի նրանք մինչ այս էլ վճարում էին 23 տոկոս։ Իսկ 150 հազար դրամից շատ ստացողները կզգան այդ փոփոխությունը։
Ի դեպ, եկամտահարկի չափը գնալով կնվազի։ Եթե 2020—ի հունվարի 1—ից եկամտահարկը 23 տոկոս է, ապա 2021—ի հունվարի 1—ից՝ 22 տոկոս կլինի, 2022—ի հունվարի 1—ից՝ 21 տոկոս, իսկ 2023—ի հունվարի 1—ից՝ արդեն 20 տոկոս։ Այստեղ մի նրբություն կա, որին կուզեինք անդրադառնալ։ Բանն այն է, որ սոցիալական վճարի դրույքաչափն է փոխվում։ Ըստ ֆիննախի, նախատեսվում է սոցվճարի դրույքաչափի աստիճանական վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում։
Ըստ այդմ՝ 2021թ. հունվարի 1—ից այն կդառնա 3.5 տոկոս, 2022թ. հունվարի 1—ից՝ 4.5 տոկոս, 2023թ. հունվարի 1—ից՝ 5 տոկոս։ Հիշեցնենք, որ այս վճարը աշխատավարձի 10 տոկոսի չափով է, որից 2.5 տոկոսը վճարում է մասնակիցը, իսկ 7.5 տոկոսը՝ պետությունը։ Այս հարաբերակցությունը կպահպանվի 2020թ., սակայն 2021թ. սկսած անհատի մասնաբաժինը կավելանա 1 տոկոսով, իսկ պետությանը՝ կպակասի։ 2021թ. անհատները կվճարեն արդեն 3.5 տոկոս, 2022թ. 4.5 տոկոս, իսկ 2023—ին՝ 5 տոկոս։ Այսինքն՝ 5 տոկոս կվճարի քաղաքացին, 5 տոկոս՝ պետությունը։
Եթե ավելի պարզ, ապա սա նշանակում է, որ, օրինակ՝ մինչեւ 150 հազար դրամ ստացող քաղաքացիները, ում եկամտահարկը 2021 թվականից կնվազի մեկ տոկոսով, այդ փոփոխությունը չեն զգա, եթե նրանք նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից են։ Որովհետեւ եկամտահարկի հաշվարկման այս փոփոխություններին զուգահեռ՝ փոխվում է նաեւ կուտակային կենսաթոշակների հաշվարկման կարգը։ Այսինքն՝ մեկ տոկոսով եկամտահարկը նվազում է, բայցեւ մեկ տոկոսով էլ բարձրանում է պարտադիր կուտակային կենսաթոշակների՝ քաղաքացու կողմից վճարվող մասնաբաժինը։ Բարձր աշխատավարձ ստացողները կզգան դրական փոփոխությունը, անգամ եթե կուտակային համակարգի մասնակից են։ Ավելին, ըստ ֆիննախի, 2023թ. այսօրվա համեմատ եկամտային հարկի դրույքաչափը նվազեցված է լինելու 3 տոկոսով, իսկ սոցիալական վճարը բարձրացած կլինի 2.5 տոկոսով։ Անգամ այս պարագայում փոփոխությունը համամասնությունը 0.5 տոկոս ի շահ քաղաքացու է լինելու։