Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի եկամտային հարկի մասին օրենքում դրույթ կա, ըստ որի` եթե քաղաքացին հիպոթեքային վարկով բնակարան է գնում կառուցապատողից, այդ դեպքում եկամտահարկը նրան վերադարձվում է:
«Հիմա պարզվել է, որ շատ քաղաքացիների եկամտահարկը վերադարձվել է օրենքին և կառավարության որոշմանը չհամապատասխանող պայմաններում: Մարդիկ գնել են հին բնակարաններ, այլ ոչ թե կառուցապատողից, հիմա գրություններ են ստանում` Դուք սխալ եք ստացել վարկը, և տասն օրվա ընթացքում 500, 600, 800 հազար պետք է վերադարձնել, թե չէ կբռնագանձվի»,- տեղեկացրեց պատգամավորը:
Փաշինյանը նշեց` եթե սխալ է տեղի ունեցել, ապա դա քաղաքացու մեղքով չէ: «Եթե այդ մարդը 10 օրվա ընթացքում 8 միլիոն դրամ վճարելու ունակ լիներ, ինչի՞ էր այս ծրագրից ընդհանրապես օգտվում»,- հարցրեց նա:
Բացի այդ` Փաշինյանը նշեց, որ այս ծրագիրն, ըստ էության, խնդիր ունի, քանի որ մարզերում նման շենքեր չեն կառուցվում: «Ստացվում է` այս օրենքն ընդունել ենք մի քանի էլիտար շինություններով քաղաքների համար»,- ասաց նաը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ իրենք օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ են հանդես եկել, որում ներառված է, որ եթե մարդը ցանկանում է վարկ վերցնել և տուն կառուցել սահմանամերձ գոտիներում կամ գյուղական համայնքներում, դրանից կօգտվի:
«Այդտեղ դրել ենք որոշակի սոցիալական կոմպոնենտ, որպեսզի այնպես չստացվի, որ մարդը գյուղական համայնքում 200 միլիոնանոց տուն կառուցի և կարողանա օգտվել ծրագրից: Դրա համար տրվում է սահմանաչափ, և այդ խնդիրը լուծվելու է»,- ընդգծեց Արամյանը:
Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա նա նշեց, որ բոլորը պետք է իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները: «Մենք ձեր ասած խնդրին կանդրադառնանք: Եթե կարելի է, գրավոր մեզ տվեք դա, որպեսզի տեսնենք` ի՞նչն է խնդիրը: Այդտեղ կարող է լինել երկու մասն էլ, որ անձինք ճիշտ փաստաթղթեր չեն ներկայացրել և այդպես է ստացվել, և երկրորդ` որ վրիպակ է տեղի ունեցել: Մենք կնայենք և կպատասխանենք»,- ասաց նախարարը:
Փաշինյանը նշեց, որ ստացվում է` այս օրենքն ընդունել են սպեցիֆիկ խմբի համար: