Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 16-ին Երեւանում:
1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ: Այստեղ ուսումը կիսատ թողնելով Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա ընդունվել եւ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել աշխատանքի Հարավային Սիբիրում:
Վահան Հովհաննիսյանը, սակայն, գերադասել է վերադառնալ հայրենիք եւ այստեղ նախ գյուղում ուսուցիչ է աշխատել: 1980 թվականին զինծառայությունն ավարտելուց եւ վերջնականապես Երեւան վերադառնալուց հետո հնարավորություն է ընձեռվել վերջապես աշխատանքի անցնելու սիրած մասնագիտությամբ: Այն օրերին, սակայն, համալսարանական ղեկավարները Խորհրդային միությունից հեռացած այլախոհի որդուն թույլ չեն տվել դասավանդել Հայաստանի միջնադարյան պատմություն:
1980 թվականից Վահան Հովհաննիսյանը «Էրեբունի» թանգարանում աշխատանքի է անցել` որպես գիտաշխատող, այնուհետեւ դարձել է գիտահետազոտական բաժնի վարիչ, իսկ 1989 թվականից տեղափոխվել է Գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ:
Տարբեր հնագիտական արշավախմբերի կազմում Վահան Հովհաննիսյանը պեղումների է մասնակցել Հայաստանի տարածքով մեկ. այդ պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժեքավոր նյութեր: Դրանց հիման վրա Վահան Հովհաննիսյանը կատարել է հնագիտական լուրջ ուսումնասիրություններ:
1989 թվականի Վահան Հովհաննիսյանը անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո` 1990 թվականին, ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ եւ գործուղվել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպմանն ու իրականացմանը: 1992 թվականին Վահան Հովհաննիսյանն ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ:
Այդ տարիներին Հայաստանում շիկանում էր ներքաղաքական մթնոլորտը, աճում էր համաժողովրդական դժգոհությունը ՀՀՇ-ական իշխանությունների ապաշնորհ գործունեության հանդեպ: Դաշնակցության համար առանձնապես անհանդուրժելի էին ղարաբաղյան հարցում թույլ տրվող սխալները: Կուսակցության դեմ ծավալվեցին հալածանքներ, կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, մի շարք ղեկավար գործիչներ, որոնց թվում եւ Վահան Հովհաննիսյանը, հայտնվեցին բանտում: Գտնվելով կալանքի տակ` Վահան Հովհաննիսյանը 1997 թվականին հեռակա կերպով ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:
Դատաքննության ընթացքում դատարանի դահլիճում հնչեցրած նրա ելույթները շարունակությունն էին ազդեցիկ քաղաքական գործունեության:
1999 թվականից մինչ երկրային կյանքի ավարտը նա եղավ ՀՅԴ Բյուրոյի անդամ:
1999 թվականին Վահան Հովհաննիսյանը ընտրվեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, դարձավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը: 2003-ին եւ 2007-ին դարձյալ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր եւ երկու անգամ էլ դարձել Ազգային ժողովի փոխնախագահը: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2008 թվականը:
Գլխավորել է Հայաստանի ԱԺ առաջին պատվիրակությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում: Նույն տարիներին ղեկավարել է Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, եղել է Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովների համանախագահ:
Իրականացրել է ակտիվ քաղաքական աշխատանք թե' որպես պատգամավոր եւ թե' որպես ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ:
2008 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին` որպես ՀՅԴ թեկնածու:
2012թ.մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ղեկավարել է Հայաստանի առաջին պատվիրակությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում` հանդիսանալով Եվրանեսթի Բյուրոյի անդամ:
2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Վահան Հովհաննիսյանը կյանքից հեռացավ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին: