Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքային պանթեոնը այսօր սովորականից մարդաշատ էր՝ Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն էր․ մարդ-գիտնական, մարդ-քաղաքական գործիչ։ Այստեղ էին նրա կուսակցական ընկերներն ու հարազատները։ Մի առիթով անկեղծորեն խոստովանել է, որ գիտությունն է եղել իր ուղին, սակայն երբ 1988թ.-ին Հայաստանը հայտնվում է ծանրագույն եւ վճռորոշ իրավիճակի առջեւ, որոշում է, որ պետք է մտնի ՀՅԴ-ի շարքերը՝ գիտակցումով, որ Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը ՀՅԴ-ի միջոցով է։
Վահան Հովհաննիսյանի շիրիմին այցելած յուրաքանչյուր ոք բազմաթիվ հուշեր ունի նրա մասին, բայց բոլորը լուռ էին, գլխիկոր: Մտովի հիշում էին նրան, սուր եւ դիպուկ խոսքերը, կատակները: Կուսակցական ընկերները շեշտում էին՝ ամենադժվարին պահերին մշտապես ոգեւորել է, կարողացել առաջնորդի դերում լինել:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Վահան Հովհաննիսյանը հայ ժողովրդի նորանկախ պատմության մեջ ամենագաղափարական, հասուն քաղաքական գործիչներից մեկն է եղել, որն իր ամբողջ կյանքում, նվիրված լինելով իր գաղափարներին, պայքարել է այդ ուղղությամբ:
«Այսօր մենք Վահան Հովհաննիսյանի կարիքը շատ ենք զգում քաղաքական դաշտում: Կարծում եմ, որ մենք ե՛ւ Վահան Հովհաննիսանի, ե՛ւ նրա հոր՝ Էդուարդ Հովհաննիսյանի հիշատակը պահելու մեկ ճանապարհ ունենք՝ շարունակել ապրել այն գաղափարախոսությամբ, որի համար պայքարել են ողջ կյանքի ընթացքում: Ամբողջ կյանքում պայքարել են հանուն Հայաստանի եւ Արցախի, իսկ այսօր մեր հարենիքը եւ, առհասարակ, հայ ժողովուրդը վտանգված են: Այս իմաստով՝ մեծ անելիք ունենք»,- ասաց նա:
«Արդեն 7 տարի Վահանը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նա այն մարդն է, որի մասին անցյալ ժամանակով խոսել չի լինի: Վահանը մեզ հետ է իր խոսքով, իր թողած ժառանգությամբ, ապրած կյանքով, իր հայացքներով, կատակով ու հումորով: Կյանքի փոթորիկները նրան բերեցին քաղաքական ասպարեզ: Այստեղ եւ բոլոր ասպարեզներում նա մշտապես եղել է բարձունքի վրա»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով՝ կյանքի վերջին տարիներին Վահան Հովհաննիսյանն իրեն դրսեւորել է որպես փայլուն հրապարակախոս, գրչի մարդ:
«Զարմանալի խորագիտությամբ Վահանը կանխատեսել էր մայրամուտը, որ մեզ սպասվում էր եւ տագնապ էր հնչեցնում, որ այդ մայրամուտը պետք է կասեցվի: Ցավոք, ականատեսն ենք դրա: Վահանը մեզ չի ների, եթե, իր պատգամին հավատարիմ, չկարողանանք այդ մայրամուտը կասեցնել»,- եզրափակեց Համբարձումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան