կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-26 14:40
Առանց Կատեգորիա

Ահաբեկիչների ինչի՞ն է պետք Հայաստանը, եղբա՛յր

Ահաբեկիչների ինչի՞ն է պետք Հայաստանը, եղբա՛յր

Չգիտեմ, թե odnoklassniki.ru կայքում ինչպես է, բայց facebook-ում իսկական իրարանցում է. երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը եւս ակաբեկչության հնարավոր վայր կարող էր լինել, որ մեր ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ամենապրոֆեսիոնալն են, որ հիշյալ պետական կառույցների պաշտոնական կայքը shamshyan.com-ն է, եւ էլի շատ բաներ:

Պարզ դարձավ, որ, օրինակ, կարելի է ահաբեկչություն անել, հետո` հավատալ եւ խոստովանել, դե, այսինքն` «Մուխա» տիպի նռնականետը բանեցնել, հետո գրպանից հանել Ներսես Շնորհալու աղոթագիրքը եւ ներում խնդրել` աղոթելով: Պարզ դարձավ եւ այն, որ մեր երկրում ոստիկաններն ու նրանք, որոնց բռնում է ոստիկանությունը, մի ընդհանուր բան ունեն` երկուսն էլ աղոթում են:

Բայց, ի վերջո, ի՞նչ են անում ահաբեկչանմանները մեր երկրում, ավելի ճիշտ` ի՞նչ իմաստ ունի նրանց համար Հայաստանում ինչ-որ բան անելը: Եթե խնդիրը մեզ լարված պահելն է, առանց դրա էլ լարված ենք, լարիչի անունն էլ Իլհամ Ալիեւ է: Եթե նպատակ ունեն շեղել հասարակության ուշադրությունը, օրինակ սահմանադրական փոփոխություններից, ապա հասարակությունն այնպես չէ, որ ո\'չ ուտում, ո\'չ խմում, միայն այդ փոփոխությունների մասին է մտածում:

Եթե խնդիր է դրված` ցույց տալ իշխանությունների անզորությունը` պաշտպանել երկիրը եւ նրա մարդկանց, ապա դա եւս ցույց տալու կարիք չկա, մանավանդ, որ այս դեպքում, կարծես, դա չի էլ հաջողվել, քանի որ մեր քաջարի ուժայինները կանխարգելել են ահաբեկչական գործողությունները Հայաստանում, եւ հիմա ոստիկանական առանձին խմբեր ավտոմատներով շրջում են քաղաքում, որ հանկարծ մեկի մտքով չանցնի անհանգստացնել հայ բազմաչարչար ժողովրդին: Ոչինչ, որ նույն այդ ժողովուրդը, ավտոմատը հետեւին ոստիկան տեսնելով, արդեն իսկ անհանգստանում է:

Հայաստանն անգամ մահմեդական պետություն չէ, որ մտածեինք, թե ոմանք ցանկանում են միանալ իրենց եղբայր «Իսլամական պետությանը», թեև ԻՊ-ի ներկայացուցիչներին եղբայր ընկալելու համար պարտադիր չէ մահմեդական լինել:

Մի խոսքով` ահաբեկչանմանների ինչի՞ն է պետք Հայաստանը: Օրինակ` ԻՊ-ն, ահա, հրապարակել է իր թշնամիների նոր ցուցակը, այդ ցուցակում Հայաստանը չկա, Մոլդովան կա, Բոսնիա-Հերցեգովինան կա, անգամ` Շվեյցարիան կա, որի բանկերը երեւի հրաժարվում են ԻՊ-ի փողերը պահել, դե` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան եղել են եւ լինելու են այդ ցուցակում, քանի դեռ ահաբեկչությունը կա: Այսինքն` ԻՊ-ի համար կոնկրետ Հայաստանը հետաքրքիր պետություն չէ:

Կնշանակի` մեր ահաբեկիչները կա\'մ ահաբեկչության նոր կենտրոնից են, ենթադրենք` Նորքի Ներսես Շնորհալու անվան ահաբեկչական կենտրոնից, կա\'մ էլ ահաբեկիչ չեն: Եթե առաջինն է, ուրեմն մենք գործ ունենք մանր ահաբեկիչների հետ, որոնց թիրախը բացառապես Հայաստանն է, ինչը, ընդունենք, հնարավոր է: Եթե երկրորդն է, ինչը թերեւս առավել հնարավոր է, նշանակում է` ինչպես շատ այլ հարցերում, այնպես էլ այստեղ մենք չափազանցնում ենք, օրինակ` ամեն հանցավոր խմբավորում դեռ ահաբեկչական կազմավորում չէ: Ենթադրենք` եթե դուք փոքր ժամանակ տղաներով խմբավորվել եք եւ ամեն օր հարեւանների հողամասերից միրգ գողացել, դա հանցագործություն է, բայց ահաբեկչություն չէ:

Հասկանալի է, անշուշտ, որ մենք ուզում ենք մեծ աշխարհի մի մասը դառնալ, իսկ մեծ աշխարհն այսօր ահաբեկված է: Հասկանալի է նաեւ, որ այսօր ահաբեկիչների դեմ պայքարելը ոչ այնքան անհրաժեշտություն է, որքան նորաձեւություն: Բայց, եղբա\'յր, նորաձեւության մայրաքաղաքը Փարիզն է, Երեւանը, գոնե մի քանի տարի առաջ, Գրքի մայրաքաղաքն էր, իսկ Ներսես Շնորհալու «Հավատով` խոստովանությունը» գիրք է:

Հովիկ Աֆյան