կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 22:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորցնելով Ղարաբաղը՝ կկորցնենք նաև Զանգեզուրն ու կհայտնվենք կիսապետության մի պարկի մեջ. քաղաքագետ

Ողբերգություն է, որ ԼՂ հիմնախնդիրի լուծումը այսօր գտնվում է պատահական մարդկանց ձեռքում, «Նոր Հայաստանի» իշխանություններն ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեն՝ ինչպես հասնել հարցի լուծմանը` ըստ Yerkir.am-ի, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանը։

«Այդ մարդիկ պատահական մարդիկ են: Այս պրոբլեմատիկան իրենց պրակտիկորեն ոչ մի անգամ չի հետաքրքրել, իրենք զբաղվել են միայն մարդու իրավունքներով, սոցիալական խնդիրներով և մտքներով չի անցել անգամ, որ մի պահ կարող է լինեն իշխանության մեջ և այդ պատասխանատվությունն իրենց վրա մնա: Դրա համար իրենց թիվ մեկ խնդիրն է դարձել Ղարաբաղին դարձնել բանակցային հիմնական կողմ, որպեսզի իրենք դուրս գան այդ պատասխանատվությունից»,- նշեց Բոզոյանը:

Հայաստանի մրցակիցը ոչ թե Ադրբեջանն է, այլ համաշխարհային հանրությունը՝  քաղաքագետի տեսակետն է:

«Հակադրվելով համաշխարհային հանրությունը նշանակում փրկելով մեծը, այս դեպքում  Հայաստանը, զիջենք փոքրին՝ Արցախը»,- նշել է քաղաքագետը:

Ղարաբաղի խնդիրը, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի համար ոչ թե տարածքի, այլ անվտանգության խնդիր է:

«Չունենալով տարածքների խորություն, կորցնելով Ղարաբաղը կկորցնենք նաև Զանգեզուրը, ու այդ դեպքում կհայտնվենք մի պարկի մեջ, որը կդառնա կիսապետություն»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը քաղաքագետը տեսնում է ոչ թե թղթե, այլ երկաթե շերեփ ունենալու մեջ: Ինչն էլ նշանակում է, որ Հայաստանը պետք է դառնա ուժեղ, հզոր երկիր, ունենա բարձր որակի քաղաքական վերնախավ և տնտեսական համակարգ:

«Ղարաբաղի հարցում հաջողության հասնելու համար պետք է խնդիրը սառեցվի առնվազն 20-30 տարի: Դա այն մոտավոր ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամամասնություն կառաջանա, ինչպես Պաղեստինի և Իսրայելի դեպքում: Այլ տարբերակ պարզապես չկա: Մնացածն ինքնախաբեություն է: Դիվանագիտական հարթակում մենք հաջողության չենք հասնի, սա խաբկանք է»,- ասել է նա:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքները նյարդայնացնում են Ադրբեջանին, քանի որ Հայաստանին բացառիկ հնարավորություն է ընձեռված ժամանակ շահել և հաջողության հասնել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․