կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-20 18:10
Հասարակություն

Արծվաշենցիների շնորհիվ պաշտոն ստացած Հայկ և Նաիրի Սարգսյաները համերկրացիներին մենակ են թողել խնդիրների հետ

Արծվաշենցիների շնորհիվ պաշտոն ստացած Հայկ և Նաիրի Սարգսյաները համերկրացիներին մենակ են թողել խնդիրների հետ

Զույգ եղբայրները հենց Արծվաշենի տեղահանման օրը ծնվեցին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը և վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հայկ Սարգսյանի ճանապարհը դեպի խորհրդարան նաև արծվաշենցիները հարթեցին․ Գեղարքունիքի մարզից պատգամավոր ընտրվեց 11 618 քվեով։

«Մեր համերկրացին է՝ մեր տարածաշրջանի պատգամավորը, արծվաշենցիների ջախջախիչ մեծամասնությամբ ընտրվեց ԱԺ պատգամավոր։  Այո՛, ինքը, որպես արծվաշենցիների քվեն ստացած ԱԺ պատգամավոր՝ ժողովրդի լիազոր ներկայացուցիչ, գոնե պետք է ԱԺ այդ բարձր ամբիոնից արծվաշենցիների խնդիրը բարձրաձայներ։ Չի բարձրաձայնել»,-ասաց «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահ Յուրա Ղուլյանը։

Արծվաշենցիների խնդիրն այն է, որ իրենց խոստացած գումարի՝ 6 միլիարդ դրամի, միայն 10 տոկոսն են տրամադրել։ Կառավարությունը 2011 թվականին որոշում էր ընդունել այդ գումարը հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց։ Իրենք մտադիր էին այդ գումարով նորոգել իրենց նոր բնակավայրի անմխիթար տները կամ նոր տներ կառուցել։ Բայց չհաջողվեց․ միայն մեկ անգամ ՝միանվագ, յուրաքանչյուրին 360 հազար դրամ փոխանցեցին, ինչը հանրագումարում՝ 6 միլիարդի միայն 10 տոկոսն է։ Դրանով ո՛չ հնարավոր եղավ նորոգել, ո՛չ էլ կառուցել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արծվաշենցիների հայրենակից Հայկ Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում անակնկալի եկավ, որ իրենից նման ակնկալիք կա։  

—Ես ընտրվել եմ Գեղարքունիքի մարզից և ես ամբողջ Գեղարքունիքի մարզի՝ ինձ ընտրող և նաև ինձ չընտրող քաղաքացիների կողմից ընտրված պատգամավոր եմ, այսինքն, բոլորի պատգամավորն եմ։ Իսկ ինչ վերաբերում է իրենց հարցին, իրենց հարցի լուծումը չի գտնվում ԱԺ պատգամավորի տիրույթում։ Գնվում է կառավարության տիրույթում։

—Այսինքն՝ մտածում եք, որ լիազորված չե՞ք որեւէ հարթակում իրենց հարցը բարձրացնելու։

—Ես ոչ թե տենց եմ մտածում, այլ իրականությունն է այդպիսին․ ես որևէ լիազորություն չունեմ իրենց գումար տալու կամ չտալու, որևէ լուծում առաջարկելու կամ որևէ լուծումից իրենց առաջարկելու, որ հրաժարվեն։

—Բայց չէ՞ որ պատգամավորը նրա համար է, որ ժողովրդի ձայնը հասցնի պատկան մարմիններին, դրա համար են, չէ՞, ընտրում պատգամավոր։

—Այո, դրա համար է և օրենսդրական լուծումներ փորձի տալ, որպեսզի իր ընտրողների և նաև իրեն չընտրողների հարցերը օրենսդրական մակարդակում կարգավորի։ Բայց պատգամավորը, ինչպես ձեզ քաջ հայտնի է, լիազորություն չունի որևէ մեկին գումար տալու, բյուջե չունի, նաև որևէ նման կարգավորում անելու լիազորություն չունի։

—Այո, բնականաբար, բայց դուք որեւէ հարթակում բարձրացրե՞լ եք այդ հարցը։

—Այդ հարցը ես կբարձրացնեի որևէ հարթակում, եթե կառավարությունը չընդուներ արծվաշենցիներին և նրանց չլսեր։ Կառավարությունը մի քանի անգամ ընդունել է, մի քանի անգամ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունել իրենց, իրենց պատասխանել են մի քանի անգամ, բազմիցս մարզպետն է իրենց ընդունել, ուզում եմ ասել՝ իրենց հարցը ուշադրության կենտրոնում է եղել և իրենց մի քանի անգամ, տարբեր մակարդակներով, անգամ վարչապետի մակարդակով ընդունելություն է եղել։  Դա չլիներ, ես որպես պատգամավոր կբարձրաձայնեի, կասեի՝ քաղաքացիները ցանկանում են, որպեսզի իրենց հարցը լսեք, խնդրում եմ, բայց քանի որ ընդունել են՝ իմ միջամտության իմաստը ո՞րն է։

Հայկ Սարգսյանի հետ մեր զրույցից մի քանի բացահայտում արեցինք․ նախ՝ նա տեղյակ չէր, որ իր լիազորությունը ժողովրդի ձայնը պատկան մարմիններին հասցնելն է, երկրորդ՝ տեղյակ չէր, որ վարչապետ Փաշինյանը Արծվաշենցիներին ոչ մի անգամ չի ընդունել։ Նրանք միայն մեկ անգամ են մոտիկից տեսել վարչապետին՝ երբ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև, լսել են վարչապետի հետ հանդիպում կազմակերպելու խոստում, բայց այդ հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Մինչդեռ Հայկ Սարգսյանը  հայտարարում է, որ վարչապետը մի քանի անգամ հանդիչպել է արծվաշենցիների հետ, լսել նրանց խնդիրը։

Ավելին, վարչապետի հետ արծվաշենցիների միակ հանդիպմանը ներկա է եղել Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, որը Նիկոլ Փաշինյանի օգնականն է։  

Եվ Փաշինյանը հենց իր օգնական Նաիրիին է հանձնարարական տվել, որ 20-օրյա ժամկետում արծվաշենցիների խնդիրը ներկայացնի։ «Դրանից հետո պետք է հանդիպում լիներ, այդ հանդիպումը չկայացավ։ Ես ափսոսանքով եմ ասում, որովհետև միայն անմիջական կենդանի հանդիպումը կարող է այս հարցերը հանգուցալուծել և կարգավորել»,-ասաց «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահ Յուրա Ղուլյանը։  

Ո՛չ Հայկից, ո՛չ Նաիրիից Յուրա Ղուլյանը գործնական աջակցություն չի նկատել․ «Եթե ինչ-որ հարց էլ լինի, բնականաբար, Հայկի և Նաիրիի պահը պետք է օգտագործենք․․․ գտնում եմ, որ մեր վերջին ակցիայից հետո օրակարգային է դարձել, որ իրենք առանձին դեպքերում  նաև դռներ բացեն արծվաշենցիների համար, որովհետև լինում են պահեր, որ մարդիկ օրերով, ժամերով գնում են, անգամ ընդունելության չեն արժանանում։ Գտնում եմ, որ, այո՛, ժողովուրդ-իշխանության կապի հիմնական իրականացնողը պետք է լինի տարածաշրջանից ընտրված՝ արմատներով մեր համերկրացի ԱԺ պատգամավորը»,-ասաց նա։

Պատգամավոր Հայկ Սարգսյանի մոտեցումն այս հարցին վերջնագրային է․

—Հետեւելով զարգացումներին՝ դուք ի՞նչ եզրակացության եկաք՝ իրենց հարցը կլուծվի՞, իրենց փոխհատուցում կտրվի՞։

—Իրենց պատասխանել են կառավարությունից։

—Դուք չգիտե՞ք։

—Ես գիտեմ՝ իրենց կառավարությունից պատասխանել են։ Իրենցից կարաք մանրամասն պարզաբանում ստանաք։

—Իրենք ասում են, որ իրենց՝ կառավարության որոշած գումարի միայն 10 տոկոսն են տվել։

—Իրենք գումար են վերցրել կառավարությունից, իրենք ստորագրել են, որ այդ գումարը վերցնելու դեպքում այլևս որևէ  պարտք-պահանջ չունեն կառավարությունից։ Եվ անգամ նոտարի մոտ են ստորագրել, նոտարական վավերացում է եղել, որ իրենք այլևս պարտք-պահանջ չունեն այդ գումարները վերցնելուց հետո և վերցրել են այդ գումարները։ Իսկ այսօր իրենք ասում են, որ կառավարությունից էլի են գումար պահանջում․ ոնց կլինի, որ հիմա տարբեր հարցեր եք լուծում, հիմա եկեք՝ մեզ էլի գումար տվեք։ Վարչապետը ընդունել է իրենց, լսել է, հետո հանձնարարել է, ասել՝ զբաղվեք այս մարդկանց հարցերով։ Վարչապետին զեկուցել են, ասել են՝ պարոն վարչապետ, կառավարությունը ֆինանսավորել է այս մարդկանց և, ի պատասխան դրա, իրենք պարտավորվել են, որ որևէ անգամ, երբևէ կառավարությունից որևէ ակնկալիք չեն ունենալու ու ստորագրել են, ստացել են այդ գումարները, վարչապետն էլ ասել է՝ դե որ ստացել են այդ գումարները՝ այլևս պարտք-պահանջ չկա։ Իրենց հարցնես՝ խի՞ եք ստորագրել, խի՞ եք վերցրել՝ համաձայնվել, հիմա իրենք ասում են՝ քիչ է եղել այդ գումարը, օրինակ, կամ մի մասը չի ասում ՝ բավարարված է, մի մասն ասում է՝ քիչ եք տվել։ Ասում է՝ բայց դուք պարտավորվել եք, որ այդ գումարը վերցնելու եք և չեք բողոքելու, համաձայնվել եք։ Եթե մարդ եղել է, որ չի ստորագրել ու չի վերցրել այդ գումարը, թող գա իր հարցը բարձրացնի։ 

—Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ պետք է 6 միլիարդ դրամ տրամադրեին արծվաշենցիներին, բայց դրա 10 տոկոսն են վճարել։ Այսինքն, նրանք պնդում են, որ կառավարության որոշումը չի կատարվել։

—Նրանք սխալ են ասում։ Նրանք ամեն դեպքում գումարը վերցրել են և պարտավորվել են, որ որևէ անգամ կառավարությունից պարտք ու պահանջ չեն ունենալու։

Հայկ Սարգսյանի խոսքից դատելով՝ արծվաշենցիների գումարները «գրվել են սառույցին»։ Ժողովուրդն ասում է՝ «տան ճշմարտությունը փոքրից իմացիր»․ Հայկն, այս դեպքում, հավանաբար, ճշմարտությունն էլ ասում է։

Հենց արծվաշենցիների բողոքի ակցիայի ժամանակ՝ 2018-ի սեպտեմբերի 20-ին, տարածվեց վարչապետի թևավոր արտահայտությունը․ «Իրենց դուռն է․ ուզում են՝ խփում են»։

Մեկ տարի անց արդեն դուռն արծվաշենցիներից բաժանեցին ոստիկանների՝ մի քանի շերտանոց պատով։

«Ես ափսոսանք եմ հայտնում, որ ոստիկանական նման մեծ շարքեր էին նախապես պատրաստել մեզ դիմավորելու համար։ Մի քանի հարյուր խաղաղ ցուցարարներ այդ անձրևի պայմաններում, ի միջի այլոց՝ 100 կմ հեռավորությունից, առանձին դեպքերում՝ մերկասառույցի վրա իրենց մեքենաներով եկել էին հերթական անգամ իրենց խնդիրը բարձրաձայնելու»,-տարակուսեց Յուրա Ղուլյանը։

Նա հիշեցրեց, որ «Իրենց դուռն է․ ուզում են՝ խփում են» արտահայտությունը հնչել էր արտահերթ ընտրություններից առաջ, երբ դեռ վարչապետը պաշտոնակատար էր։

«Այս անգամ, ափսոսանքով եմ ասում, մինչև արծվաշենցիները Սևանի ճանապարհով կժամանեին, արդեն կառավարությունում տեղյակ էին, որ արծվաշենցիները գալիս են՝ ոստիկանական նման քանակության ուժեր էին կենտրոնացրել։ Այն դեպքում, որ, ինչպես տեսաք՝ արծվաշենցիները առանց որևիցե միջադեպի ակցիան մինչև վերջ տարան՝ որքան էլ հուսադրող չէր տրված պատասխանը»,-ասաց նա։

Արծվաշենցիներին նաև սա է վրդովեցրել՝ որ փորձել են խեղաթյուրել իրենց խնդիրը․ «Տարբեր ինստանցիաներում փորձեցին ասել, որ այդ խնդիրը լուծված է և այլն, և այլն․․․ որ կառավարությունը որոշել էր 106 փախստականների բնակարաններով ապահովել․ ամենևին այդպես չէ։ Ուղղակի ժողովորրդը եկավ հերթական անգամ՝ իր պահանջը ներկայացնելու, բայց այդ անգամ հանդիպում չունեցանք՝ ո՛չ վարչապետի, ո՛չ փոխվարչապետի հետ, մեզ ուղղակի մի ընկեր ընդունեց, որն առանձնապես հուսադրող ոչինչ չասաց»։

Արծվաշենցիները «հենց այնպես» վեր չէին կացել ու եկել կառավարություն․ մեկ ամիս շարունակ Ճամբարակում ժողովուրդը շտաբ էր դրել և պատրաստվել մայրաքաղաք գալու և իր խնդիրը ներկայացնելու։ Վարչապետի հետ առաջին հանդիպումից հետո շարունակություն այդպես էլ չէր եղել և  ժողովուրդը ոչ միայն անհանգստացած էր, այլև վիրավորված, որ հարցը անուշադրության էր մատնվել։ Պատասխանը եղավ ոստիկանների զորքը՝  սառած ճանապարհներով 100 կմ կտրած մի քանի հարյուր ցուցարարների դեմ, որոնք «իրենց դուռն» էին եկել մեկ ամիս պատրաստվելուց հետո։

Իսկ զույգ եղբայրները՝ Հայկ ու Նաիրի Սարգսյանները, որ ծնվել են Արծվաշենի տեղահանման օրը և արծվաշենցիների քվեով պաշտոն ստացել, որևէ անկյունում չփայլատակեցին ոստիկանների ու իրենց հայրենակիցների միջև։

Զույգ եղբայրների հայրը՝ Զարեհ Սարգսյանը, որն առավել հայտնի է «թոշակի Զարեհ» անվամբ, արծվաշենցիների գաղթի ժամանակ գործկոմի նախագահն է եղել։ Արծվաշենցիներն ասում են՝ նա էլ շռայլ է խոստումներ տվել, որոնցից ոչ մեկը չի կատարել։

Հայկ Սարգսյանն առավել հետաքրքիր պատմություն է պատմում․  

— Գիտե՞ք, ամենավերջում Արծվաշենից ով է դուրս եկել․ հայրս։ Ինքնապաշտպանությունն է կազմակերպել Արծվաշենի։ Լինելով գործոկոմի ղեկավար՝ հայրս իր կաբինետը, որը գտնվում էր Ճամբարակում, տեղափոխել է Արծվաշեն ու արծվաշենցիներին ասել է՝ Արծվաշենից դուրս չեք գալու։ Ու Արծվաշենից դուրս գալու ճամփեն էլ փակել է, որ մարդիկ չկարողանան դուրս գալ, մնան՝ իրենց հող ու ջուրը պաշտպանեն։ Հիմա որ տենց մեծ-մեծ խոսում են՝ էն ժամանակ թող կանգնեին, պաշտպանեին։ Հայրս իրենց պոստի է նշանակել, հետո հետ է եկել, տեսել՝ ոչ ոք չկա պոստի կանգնած, պոստի չկանգնողներին էլ կարցեր է սարքել, ընդեղ պահել է, որ դիրքերը չլքեն։ Արծվաշենից դուրս գալիս էլ շատ սահմանափակ մարդիկ են եղել հորս հետ, երբ Արծվաշենը ընկել է։ Ո՞ւր էին։ Էդ որ մեծ-մեծ խոսում են, թող գային՝ Արծվաշենը պահեին։ Հիմա ասում են՝ Սարգսյան Զարեհն է Արծվաշենը հանձնել, դե թող կանգնեին՝ չթողնեին, եթե Արծվաշենը հանձնել է։

Հայկ ու Նաիրի Սարգսյանները արծվաշենցի են հորական կողմից․ հոր մայրն է եղել Արծվաշենից։ Երբ նրանց հայրը՝ Զարեհ Սարգսյանը ինքնապաշտպանության օրերին Արծվաշենում է եղել, մայրը՝ Երևանում է եղել․

—Լսել է, որ Արծվաշենն ընկել է, սթրես է տարել, ինչի հետևանքով ես և եղբայրս նախատեսվածից ավելի շուտ ենք ծնվել։ Մեր ծնվելուց հետո երկար ժամանակ հայրս չի վերադարձել, մեզ հիվանդանոցում են պահել, չի եկել մեր հետևից։

—Հետո՞։

—Հետո տենց ռոմանտիկ լիքը բաներ․․․

Աննա Բալյան

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը շքեղ ավտոմեքենայով

ՀՀ ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ շքեղ ավտոմեքենայով։