Փորձելով հասկանալ, թե, այնուամենայնիվ, գաղտնալսվե՞լ է արդյոք լրագրողի հեռախոսը, 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՔԾ: Խնդրել էինք պատասխանել՝ արդյո՞ք վերծանվել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը, և արդյո՞ք գաղտնալսվել է Քնար Մանուկյանի հեռախոսը:
Ինչպես և ակնկալում էինք, ՀՔԾ-ից ստացանք ոչինչ չասող պատասխան:
«Ի պատասխան 11.12.2019թ.-ի Ձեր հարցմանը` հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով»,- ասված էր ՀՔԾ պատասխանի մեջ:
Այս պատասխանն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ: Ենթադրաբար, եթե մեր տեղեկությունները սխալ էին, ՀՔԾ-ն պետք է որ կաշկանդվածություն չունենար հերքել մեր տեղեկությունը հստակ ու աներկբայորեն: Այսինքն՝ հնարավոր է, որ լրագրողի հեռախոսը գաղտնալսել են, կամ վերծանել են նրա հեռախոսային զանգերը: Ակնհայտ է, որ դա չէր կարող կատարվել առանց դատարանի որոշման, առավել հետաքրքիր է, թե ինչ հիմնավորումներ են ներկայացվել դատարանին, ինչի հիման վրա էլ հնարավոր կարող էին դառնալ նման գործողությունները:
Այս պահին փաստենք մի բան: ՀՔԾ-ն առնվազն չի հերքել մեր տեղեկությունը, և եթե այն ճիշտ է, նշանակում է, որ իսկապես ցանկացած պահի հնարավոր է շատ արագ դատարանի որոշում ստանալ ու գաղտնալսել յուրաքանչյուր լրագրողի հեռախոսազրույց կամ վերծանել հեռախոսազանգ: Էլ ինչի՞ են նեղություն կրում, լրագրողին կանչում հարցաքննության, եթե կարելի է միանգամից գաղտնալսել կամ վերծանել. թերևս, միայն անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելու համար»: