կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 16:27
Քաղաքական

Արցախի հարցում դիմակայելու մեր զորությունն սկսում է տուժել՝ ընտանիքի միավորը վտանգող քայլեր ձեռնարկելով. Արա Հակոբյան

Արցախի հարցում դիմակայելու մեր զորությունն սկսում է տուժել՝ ընտանիքի միավորը վտանգող քայլեր ձեռնարկելով. Արա Հակոբյան

Չկա պարտադիր դրույթ, որ արդեն ստորագրված Ստամբուլյան կոնվենցիան պետք է վավերացվի, նույն կոնվենցիայում նախատեսված է դրույթ, որ վավերացումից հետո պետությունը կարող է դուրս գալ կոնվենցիայից. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

Մեր հարցին՝ Ձեր կարծիքով, նախկին իշխանությունների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ստորագրելը վավերացնելու նպատակ ունե՞ր, թե՞ քաղաքական այլ նկատառումներից ելնելով են ստորագրել, Արա Հակոբյանը պատասխանեց. «Եթե նախկին իշխանությունների նպատակը կոնվենցիան ստորագրելիս դրա վավերացումը ձգձգելն էր, և ստորագրվել է, որպեսզի ճնշումներ չլինեն,  ես այդ դրույթի հետ համաձայն չեմ, որովհետև ինչքա՞ն կարող ես ձգձգել, եթե ստորագրում ես՝ վավերացման հարցը կանգնում է, ինչպես այսօր կանգնած է»:

Կուսակցության խորհրդի նախագահի կարծիքով՝ թե ինչո՞ւ են այսօրվա իշխանությունները ժրաջանությամբ ուզում կոնվենցիան վավերացնել, երկու տարբերակ կա. «Կա՛մ ունեն պայմանավորվածություն, կա՛մ գուցե, և ավելի վատ, կարծում են, որ դա հենց այդպես պետք է լինի՝ վտանգներով քողարկված օրակարգը պետք է Հայաստանում կյանքի կոչվի»:

Հարցին՝ հաշվի առնելով «Իմ քայլը»-ի որոշ պատգամավորների գրառումները՝ կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունը կոնվենցիան վավերացնելու միտում ունի, իսկ որո՞նք են, ըստ Ձեզ, ակնկալիքները, Արա Հակոբյանը պատասխանեց. «Կարող է ԵԽ-ի հետ կա պայմանավորվածություն՝ գրանտային կամ այլ միջոցներ երկրին տրամադրելու, եթե կոնվենցիան վավերացվի: Սա խրախուսման ձևերից մեկն է, որ միջազգային կազմակերպություններն իրականացնում են, բայց սա մեր քաղաքական կուսակցության դիրքորոշման տեսանկյունից որևէ կապ չունի, քանի որ որևէ ֆինանսական միջոցով հնարավոր չէ ծածկել այն վտանգը և այն կորուստը, որ մենք կունենանք ազգային ինքնության դաշտում, եթե մենք այս կոնվենցիան վավերացնենք և սկսենք կիրառել»:

Հարցին, եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, այն տալո՞ւ է հնարավորություն նույնասեռական զույգին երեխա որդեգրելու, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահը պատասխանեց. « Հուսով ենք՝ կոնվենցիան չի վավերացվի, որովհետև հասարակական պայքար կա, բայց կոնվենցիայում կա թաքնված օրակարգ, օրինակ՝ խոսք է գնում զուգընկերների մասին և չի հատկորոշվում, թե ինչ սեռի զուգընկերների մասին է: Խոսվում է այն մասին, որ զուգընկեր կարգավիճակը կարող է հավասարեցվել ընտանիք կարգավիճակին, և եթե դա հավասարեցվեց, բնականաբար, մյուս փուլն էլ լինելու է որդեգրման խնդրի բարձրացումը: Եվ կոնվենցիան չպետք է վավերացվի հենց այդ պատճառով»:

Նա նշեց, որ սա ընտանիքի հենքին խփող քարոզ է: «Ընտանիքի միավորը վտանգող քայլեր ձեռնարկել՝  դա հասարակության ներքին միաբանությունն է խախտում, որի արդյունքում մարտունակության անկում է լինում: Եվ խնդիրը միայն մեր հասարակության ներսում չէ, արտաքին մարտահրավերներին, տվյալ դեպքում՝ Արցախի հարցում դիմակայելու մեր զորությունն է սկսում տուժել»,- խոսքը եզրափակեց Արա Հակոբյանը:

 

Նարա Մարտիրոսյան