Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սոս Սարգսյանի կենսամատենագիտության կազմող Մարի Հովհաննիսյանը նախատեսում է հրատարակել գրքից դուրս մնացած փաստերը, որոնք կամբողջացնեն թատրոնի և կինոյի մեծ վարպետին վերաբերող տեղեկությունները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ կենսամատենագիտությունը տեղեկատվական գրականություն է, և, եթե բացում ենք որևէ կենսամատենագիտություն կամ մատենագիտություն, լիարժեք ինֆորմացիա ենք գտնում այս կամ այն անձի, թեմայի վերաբերյալ:
«Սոս Սարգսյան. կենսամատենագիտությունը» լույս է տեսել 2010 թվականին «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ: Մեծ քանակությամբ նյութեր դուրս մնացին, որոնք, կարծում եմ, անհրաժեշտ է հրատարակել: Կան նյութեր, որոնք նոր են հավաքվել»,-ընդգծեց Մարին:
Նրա խոսքով`անդրադարձել է հենց Սոս Սարգսյանին, որովհետև ցանկացել է առնչվել կենդանի լեգենդի հետ:
«Իմ դիպլոմային աշխատանքն էր: Պահանջվում էր վաթսուն էջ, բայց ես ներկայացրեցի 120: Մի մասն էլ կրճատեցի: Երեք տարի աշխատեցի. հավաքեցի նյութեր Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերից, օգտվեցի Համազգային թատրոնում, Սոս Սարգսյանի ձեռքի տակ եղած նյութերից և այլ աղբյուրներից: Չեմ կարողանում գտնել համապատասխան բառեր նկարագրելու, թե ինչ դրական ապրումներ եմ ունեցել Սոս Սարգսյանի հետ հաղորդակցվելիս: Դա հրաշալի էր, անպատմելի»,-ներկայացրեց Հովհաննիսյանը:
Նա պատմեց, որ իր դասախոսի հետ այցելել է Սարգսյանի տուն` նրա անձնական արխիվն ուսումնասիրելու և դրանից օգտվելու համար: «Սարգսյանը մեզ ասաց, որ դուրս է գալիս սենյակից` այն հանձնելով մեզ: Նա նշեց, որ 15 րոպեից ետ կգա, և մենք սենյակը պետք է վերադարձնենք իրեն: Ինքնամոռաց ուսումնասիրում էինք Սոս Սարգսյանի նամակները, երբ ընդունարանում ձայներ լսվեցին: Պարզվեց`Ռազմիկ Դավոյանն է հյուր եկել վարպետին: Սարգսյանն ասում էր, որ չի ցանկանում մեզ խանգարել, ուստի իրենք սուրճն ընդունարանում կխմեն: Մենք զարմացած էինք նրա` մեր հանդեպ սիրալիրությունից»,-հիշեց կենսամատենագիտությունը կազմողը:
Նա հավելեց, որ Սոս Սարգսյանը մեծություն էր, որից անընդհատ կարելի էր սովորել: