կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-15 11:17
Հասարակություն

Հայաստանը դուրս է «Կովկաս» հասկացությունից. պրոֆեսոր Էդուարդ Դանիելյան

Հայաստանը դուրս է «Կովկաս» հասկացությունից. պրոֆեսոր Էդուարդ Դանիելյան

Yerkir.am-ը ներկայացնում է  հայագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանի «Խորենացիագիտական ներդրում հայագիտության անվտանգության ասպարեզում» հոդվածից մի հատված՝ հրապարակված «Նորավանք» հիմնադրամի կողմից 2009 թվականին: 

Համաշխարհայնացման ընթացքում օտար կազմակերպությունները Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասը կազմող Արևելյան Հայաստանը խցկում են «Հարավային Կովկաս» հասկացության մեջ, այդպիսով հակագիտականորեն քաղաքականացված օտար հրապարակումներում Հայկական լեռնաշխարհի ամբողջական քարտեզագրական պատկերը աղավաղվում է` հայկական պատմամշակութային ժառանգության պատկանելության խնդիրը կեղծելու նպատակով:

Կուրից և Ռիոնից հյուսիս և արևելք`Սև ծովից մինչև Կասպից ծով ձգվող Կովկասի լեռների որևէ միավորի (Հյուսիսային, Կենտրոնական կամ Մեծ, Հարավային, Արևելյան և Արևմտյան Կովկաս) մեջ Հայկական լեռնաշխարհի ոչ մի հատված չի մտնում, իսկ «Կովկասի» ոչ մի հատվածն էլ Կուրից հարավ չի ձգվում:

Ինչպես նշված է անտիկ (The Geography of Strabo, with an English translation by H. L. Jones, Cambr., Mass., London, in eight volumes, vol. V, 1954, XI, ii, 1, 14; iii, 2, v, 1, 5 և այլն) և հայկական միջնադարյան սկզբնաղբյուրներում, Հայաստանի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան սահմանը` Գուգարքի, Ուտիքի և Փայտակարանի հատվածներում, համապատասխանաբար, անցնում էր Կուր գետով` նրա ակունքների շրջանից մինչև Երասխի (Արաքս) հետ միախառնվելը:

Ռուսական կայսրության տիրապետության ընթացքում վարչաքաղաքական իմաստով կիրառված արհեստածին «Անդրկովկաս» տերմինը պահպանվեց նաև խորհրդային ժամանակաշրջանում: Իսկ 1990-ական թվականներից Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունների առումով «Անդրկովկաս»-ի փոխարեն կիրառվեց «Հարավային Կովկաս» տերմինը, որը սակայն ֆիզիկաաշխարհագրական իմաստով նույնական չէ «Անդրկովկաս» («Կովկասից այն կողմ») հասկացությանը, այլ բառացի նշանակում է «Կովկասի հարավային մաս»:

Հայաստանը դուրս է «Կովկաս» հասկացությունից:

Այսինքն` Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասի (ներկայումս ՀՀ և ԼՂՀ ազատագրված տարածքներով, Ջավախքը ու Նախիջևանը) արհեստածին ընդգրկումով «հարավկովկասյան» հասկացության մեջ, սխալ իմաստ է տրվում հայկական` աշխարհագրական, մարդաբանական, լեզվաբանական, քաղաքական և մշակութային բնագավառներին վերաբերող տերմինաբանությանը և հասկացություններին:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը նոյեմբերի 8-ին հանդիպեց կառավարական շենքի առջև ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ ՀԵՄ-ի ներկայացուցիչների հետ, որտեղ, ի պատասխան ցուցարար Գերասիմ Վարդանյանի հարցին՝ «(ԿԳՄՍ նախարարի – խմբ.) «մուտիլովշչիկ», «տասովշչիկ» բառապաշարով հրապարակային գրառումներ անելուն ինչպե՞ս եք վերաբերվում», վարչապետը պատասխանեց. «Հիմա մենք երկուսով կարող ենք խոսել, մենք՝ բոլորս, կովկասցի ենք, բարեբախտաբար, կարող է մի բան դուք էնպես չասեք…»: ՀՀ վարչապետի այս որակմանն այսպես հակադարձեց Գերասիմ Վարդանյանը. «Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք, պարո՛ն վարչապետ, կովկասցիներն այլ ժողովուրդներ են, մենք արիացիներ ենք»:

Հավելենք նաև, որ սույն երկխոսության բովանդակությունը լայն քննարկման արժանացավ հանրության կողմից: