կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 16:30
Աշխարհ

Մեդվեդևն ասել է` ԵԱՏՄ-ն պատրաստ է ազատ առևտրի գոտիներ ստեղծել ասիական երկրների հետ

Մեդվեդևն ասել է` ԵԱՏՄ-ն պատրաստ է ազատ առևտրի գոտիներ ստեղծել ասիական երկրների հետ

Բրունեյը, Ինդոնեզիան, Կամբոջան, Թաիլանդն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման նկատմամբ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Արեւելաասիական 14-րդ գագաթաժողովում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը հղումով:

«Միասնական շուկայի ստեղծման փորձ է ձևավորվել Եվրասիական տնտեսական միությունում: Կուզենայի նշել, որ կազմակերպությունը բաց է շահագրգիռ երկրների հետ համագործակցության համար»,- մանրամասնել է նա:

Մեդվեդևը հիշեցրել է, որ նմանատիպ համաձայնագրեր են կնքվել Վիետնամի, Սինգապուրի և Չինաստանի հետ, այս պահին բանակցություններ են ընթանում Հնդկաստանի հետ:

ՌԴ վարչապետը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է միավորել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, ԵԱՏՄ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության պոտենցիալը:

Մեդվեդևը նաև ափսոսանք է հայտնել, որ պատժամիջոցները քաղաքական ճնշման գործիք են դարձել:

«Դժբախտաբար, այսօր աշխարհում տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, որոնք գործիք են դարձել քաղաքական ճնշման և անբարեխիղճ մրցակցության համար: Այդ ամենը մեզ տանում է անորոշության: Ռուսաստանը տեսնում է, թե ինչպես են մի շարք պետություններում աճում հովանավորչական տրամադրությունները: Դրանք մասշտաբային առևտրային պատերազմների են հանգեցնում»,- նշել է նա:

Մեդվեդևը, սակայն, բացատրում է, որ Ասիայում, հակառակը, լայն տարածում են գտնում նոր ձևաչափերը, կառուցողական և ոչ կոնֆլիկտային համագործակցությունը: «Դա ապացուցում են տարածաշրջանում ձևավորված միջպետական հարաբերություններն ու միասնական բաց և ոչ խտրական շուկա ստեղծելու՝ Ասիայի երկրների տրամադրվածությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմը դա ողջունում է: