Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա իշխանությունների հերթական վրեժխնդրությունն է այն անձանցից, որոնք ժամանակին սատարել են իրենց և, ունենալով սեփական կարծիք ինչ-որ հարցերի վերաբերյալ, որը չի համընկնում իրենց կարծիքի հետ, արտահայտել են և դրա համար պատժվում են. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի պարզաբանումը, թե ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Հովհաննես Քոչարյանի ազատման պատճառը եղել է նրա կողմից քաղաքական հայտարարություն անելը:
Համբարյանի դիտանկյունից՝ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը զուտ իր կարծիքն է հայտնել այն ոլորտի մասին, որտեղ ինքը երկար տարիներ աշխատել է: «Ես այդտեղ քաղաքական հայտարարություն չեմ տեսել՝ շատ սուբյեկտիվ է պրն Կարապետյանի տեսակետը: Նա չարաչար սխալվում է, երբ մտածում է, որ այսպես՝ բոլորի բերանը փակելով, պատերին ծեփելով, իրենք կարող են շատ երկար իրենց ուզած քաղաքական գիծն առաջ տանել»,- նշեց քաղաքագետը:
Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի հրաժարականի անձնական դրդապատճառներին էլ Գագիկ Համբարյանը չի հավատում. «Սարհատ Պետրոսյանը նշեց, որ ինքը բացարձակ համաձայն չէ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը քաղաքաշինության ոլորտում: Հովհաննես Քոչարյանը համաձայն չէ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը ոստիկանության կամ ուժային կառույցների նկատմամբ: Կենտրոնի թաղապետը չնայած անձնական դրդապատճառները մեջբերեց, բայց ես ինքս էլ չեմ հավատում այդ անձնականին և գտնում եմ, որ նա էլ ինչ-որ հարցերում համաձայն չէ Երևանի քաղաքապետի կամ իշխանությունների կողմից Երևանում տարվող քաղաքականությանը: Մարդիկ դուրս են գալիս՝ չդիմանալով այս իշխանությունների դիլետանտությանը»:
Նա մտահոգություն հայտնեց, որ պաշտոնից հրաժարվում են հատկապես բանիմաց և կիրթ անձինք, որոնք ունեն անցած ուղի:
«Իսկ այն անձինք, որոնց գլխավոր ձեռքբերումը, մինչև պաշտոն ստանալը, եղել է ընդամենը պրն Փաշինյանի կողքով քայլելը, մեծ հաճույքով հիմա ղեկավարում են տարբեր ոլորտներ: Մարդիկ ունեն անձնական դրդապատճառներ, իդեա-ֆիքս՝ ասենք. մարդը դարձել է նախարար և հիմա վրեժխնդիր է լինում հայագիտական առարկաներից, այստեղ պետական մտածելակերպի բացակայություն կա»,- ասաց քաղաքագետը:
Նրա դիտարկմամբ՝ վարչապետ Փաշինյանի կողքին շատ երկար գոյատևում են այն անձինք, որոնք չունեն պետական մտածելակերպ և սեփական «ես»:
«Ծայրահեղ ծանր հետևանքներ կարող են լինել, հատկապես՝ մեր՝ նման երկրում, որտեղ բնակչության թիվը փոքր է, և լավ մասնագետներ գտնելը՝ դժվար: Ամեն ինչ քաղաքականացնել, ինչ կապված է նախկին իշխանությունների հետ՝ ամեն ինչ սևացնել, ես համարում եմ անընդունելի և նույնիսկ՝ հանցագործություն»,- ասաց քաղաքագետը:
Գագիկ Համբարյանին մտահոգում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների. «Այն դեպքում, երբ իր սպիտակների մեծ մասը տարրական անգրագետ է և դիլետանտ իր ոլորտում»:
Տարածաշրջանի թեժ իրադարձությունների համատեքստում ներքին՝ այս կարգի զարգացումներ հրահրելը Գագիկ Համբարյանը համարեց անլրջություն: