Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԱՄՆ-ը վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամտերիմ դաշնակիցն էր: Արդյունքում՝ ԱՄՆ-ը լքեց և դավաճանեց քրդերին: Այժմ նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանին և ստիպել նրանց կռվել թուրքերի հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով նաև, որ, եթե քրդական զորքերը հետ չքաշվեն, կընկնեն թուրքական զրահամեքենայի տակ:
Երեկ Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, որը տևեց մոտ 6 ժամ: Արդյունքում՝ Սիրիայի կարգավորման վերաբերյալ հուշագիր ընդունվեց, որն, ըստ նախագահների, հնարավորություն կտա լուծելու թուրք-սիրիական սահմանին առկա լարվածությունը: Ըստ փաստաթղթի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը և սիրիական սահմանապահ ուժերը կօժանդակեն քրդական զորքերի դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորությամբ, որից հետո կսկսվի ռուս-թուրքական համատեղ պարեկություն՝ 10 կմ խորությամբ՝ արևմուտքից արևելք, բացառությամբ Քամիշլի քաղաքի:
Ռուսաստանն արդեն անցել է հուշագրի դրույթների իրագործմանը: ՌԴ ԶՈւ-ն հատել է Եփրատ գետը և շարժվում է Այն ալ Արաբ (քրդ. Քոբանի) քաղաքը, որտեղ, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, ռուսական զորքերին մեծ ոգևորությամբ են դիմավորել՝ բացականչելով. «Տեր Աստված, օրհնիր այս բանակը»:
Թե ինչքա՞ն է մնալու թուրքական բանակը հոկտեմբերի 9-ին սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքում, չի քննարկվել հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն: Թեև հուշագիրն ունի դրական երանգներ, այնուհանդերձ, թուրքական զորքերի ներկայության վերաբերյալ անորոշությունը հետագայում նոր խնդիրներ կստեղծի:
Թուրքիան, իր հերթին, հայտարարել է, որ դադարեցրել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: «Եթե ահաբեկիչներն ինչ-որ տեղ երևան, մեր զինվորականները կռվի մեջ կմտնեն նրանց հետ: Դեռ մնացել են զենք, թաքստոցներ, ական-ծուղակներ. բոլորը պետք է մաքրել: Դրա համար մենք դեռ մնալու ենք դաշտում»,- «Անադոլու» գործակալությանն ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Սիրիայում կատարվեն Ադանայի համաձայնագրի դրույթները: «Ադանայի համաձայնագիրն ունի ուժ: Բայց խնդիրն այն է, որ նույնիսկ եթե ռեժիմն (Ասադի իշխանությունը-խմբ.) ունի դա կյանքի կոչելու ցանկություն, ապա կարողությունները բավական չեն: Այսպիսով՝ Ռուսաստանն այդ իրավիճակում միջնորդի դերը կվերցնի իր ձեռքը և կօժանդակի համաձայնագրի դրույթների կատարմանը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն չի համաձայնել այն տեսակետին, որ հուշագրի իրագործումից հետո պատրաստվում են հեռանալ Սիրիայի հյուսիսից: Նախարարը նշել է, որ թեև ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում «Խաղաղության ակունք» գործողությունն ավարտվել է, այդուհանդերձ, թուրքական զինուժը կպահպանի իր ներկայությունը: Նա միաժամանակ նշել է, որ դեմ չեն լինի, եթե Սիրիայի հյուսիսի կառավարման մարմիններում քրդերը նույնպես ներկայացված լինեն:
Իրանն իր գոհունակությունն է հայտնել ձեռք բերված համաձայնության վերաբերյալ: Աստանայի ձևաչափի երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Սիրիայում Սահմանադրական հանձնաժողովի ստեղծման աշխատանքներն այս համաձայնագրով կյանքի կոչվելու հնարավորություն կստանան: ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը ևս հույս է հայտնել, որ երեկվա հանդիպումից հետո այդ աշխատանքները նոր թափ կստանան: