Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը, որպես քաղաքական մարմին, պետք է իրավական, մասնագիտական հիմք ունենա գործընթաց նախաձեռնելու համար: Այս գործընթացի իրավական հիմքը, այն էլ՝ լիազորությունների դադարեցման համար, առկա չէ: Այս մասին Yerkir.am-ին ասաց իրավաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լրազորությունները դադարեցնելու նախագծին:
Խնդրին արձագանքելով որպես իրավաբան՝ Վարդևանյանը չցանկացավ մեկնաբանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը, որում նա իր դեմ սկսված գործընթացը քաղաքական և սուբյեկտիվ էր համարել և, որպես ապացույց, նշել վարչապետի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչը, դատավոր Վահե Գրիգորյանի «ինքնահռչակումը» որպես ՍԴ նախագահ և իր անվան անհիմն վկայակոչումները:
Մեր զրուցակիցը նշեց՝ խոսել ՍԴ նախագահի կարգապահական խախտման մասին հնարավոր չէ, քանի որ կարգապահական խախտումը, էական կարգապահական խախտումը Սահմանադրական դատարանի մասին օրենքում նախատեսված հիմքերի դեպքում են: Այսինքն՝ սա ոչ թե գնահատողական դատողության, այլ իրավական գործընթաց պետք է լինի:
«Սահմանադրական դատարան առաջին դիմումը, որը հունվար ամսին ես եմ ներկայացել, վերաբերում էր Վճռաբեկ դատարանի կողմից սահմանադրական նորմերի մեկնաբանման հարցին: ՍԴ-ն նշված դիմումը մերժեց ընդունել աշխատակարգային որոշման վարույթ, թեև շատ կարևոր իրավական դիրքորոշում տվեց, բայց եկեք փաստն արձանագրենք՝ ՍԴ-ն այն նույն կազմով, որով որոշումներ է կայացրել սեպտեմբերի 4-ին, դեռևս հունվարին որոշում էր կայացրել: Մեկ հետաքրքիր հանգամանք՝ այդ որոշմանը բազմաթիվ անգամներ հղում էր տվել նաև գլխավոր դատախազությունը: Հրայր Թովմասյանի գործունեության և այլնի մասին որևէ քննադատություն այդ ժամանակ նկատե՞լ էիք, կարծում եմ՝ ոչ»,- ասաց Վարդևանյանը:
Ինչ վերաբերում է նախկինում քաղաքական գործունեությամբ զբաղվելուն, իրավաբանը հայտնեց, որ Սահմանադրությունը ՍԴ դատավոր ընտրված անձին թույլ է տալիս, որ նա նախկինում քաղաքական գործունեությումբ զբաղված լինի, հետևաբար՝ հակառակը պնդել չենք կարող:
«Քավոր-սանիկական հարաբերություններ՝ ինչի՞ մասին է խոսքը: ՍԴ-ում Օրբելյան Արամը դատավարության կողմ երբեք չի եղել, որպես դիմող կողմի ներկայացուցիչ՝ դատավարության կողմ եղել եմ ես: Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը՝ գրությունները, բացատրությունները, առարկությունները, ես եմ ներկայացրել»,- ասաց Վարդևանյանը՝ անդրադառնալով քննարկումներին, որ, Արամ Օրբելյանի բարեկամը լինելով, Հրայր Թովմասյանը չի կարող Քոչարյանի գործով արդար որոշում կայացնել:
Հարցին, թե իշխանությունների տարանջատման սկզբունքը ԱԺ-ին թո՞ւյլ է տալիս ասել, որ ՍԴ-ն սխալ որոշում է կայացրել, նա արձագանքեց. «Սահմանադրական դատարանը սխալ որոշում չի կարող կայացնել: Ենթադրում եմ՝ դա քաղաքական հայտարարություն է, որն իրավական տիրույթում մեկնաբանելը անշնորհակալ գործ է: ՍԴ-ի որոշումները կոլեգիալ կազմով են ընդունվում՝ ձայների մեծամասնությամբ, և իրենցից ենթադրում են Սահմանադրության մեկնաբանություն»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում էր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցը, իսկ վերջնական որշումը ՍԴ-ն կկայացնի:
Այս կապակցությամբ Վարդևանյանը հույս հայտնեց, որ բացասական որոշման դեպքում ՍԴ դատավորների վրա ճնշումներ գործադրելու դեպքերից զերծ կմնանք, քանի որ դա իրավական և ժողովրդավարական պետությանը հարիր չէ:
Ի դեպ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, որ ԱԺ-ում հարցի հիմնական զեկուցողն էր, իր ելույթում նշել է՝ հիմնավոր կասկածներ կան, որ Թովմասյանը կարող էր անաչառ, անկողմնակալ չլինել: «Կարգապահական խախտում կա, սակայն վերջնական որոշողը ՍԴ-ն է: Եթե նա ասի, որ կարգապահական խախտում կա կամ չկա, երկու դեպքում էլ պետք է հիմնավորում տա»,- ասել է պատգամավորը: