կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-24 17:40
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բորտ 01»-ն ի վիճակի է հատել օվկիանոսը՝ 2 ժամ տարբերությամբ. Դմիտրի Ադբաշյան (լրացված)

ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռը տեխնիկապես ի վիճակի է հատել օվկիանոսը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում հաստատեց Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը՝ մեկնաբանելով  բանավեճի նյութ դարձած թեման, թե արդյո՞ք ՀՀ պատվիրակությունը կարող էր չարտերային չվերթի վրա չծախսել 330 000 դոլար և ԱՄՆ հասնել վարչապետին սպասարկող «Բորտ 01» ինքնաթիռով:

Ավիացիայի մասնագետը վստահեցնում է՝ «Բորտ 01»-ով հնարավոր էր հասնել ԱՄՆ, միայն թե պետք է մի քանի տեղ վայրէջք կատարել ու մի փոքր ավելի երկար ճանապարհ անցնել՝ ասենք՝ Երևան-Փարիզ, Փարիզ-Նյու Յորք, որը ամենակարճ ուղու համեմատ ընդամենը 1900 կմ է երկար և հնարավորություն է տալիս ԱՄՆ հասնել ընդամենը 2 ժամվա տարբերությամբ:

Ամենակարճն ու ամենաէժանը, ըստ Ադբաշյանի, Երևանից  բևեռով՝ Գրենլադիայով, Լոս-Անջելես հասնելն է՝  Երևան-Գրենլանդիա-Ալյասկա-Լոս Անջելես ուղով, որը 11 980 կմ երկարություն ունի:

Առանց վայրէջքի՝ ուղիղ կապով այս ճանապարհը բացելու ուղղությամբ քայլեր արվել են դեռևս 1992-ին, երբ Ադբաշյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն էր: Պատմում է՝ երբ իր գլխավորությամբ ՀՀ ավիատորների պատվիրակությունը  ԱՄՆ էր մեկնել, պետդեպարտամենտում  Ջեյմս Բեյքերի տեղակալը՝ պարոն Տարանտը, ասել էր. «Մենք հույս ունենք, որ դուք վերջապես կկապեք Երևանն ու Լոս Անջելեսը ուղիղ կապով, որովհետև 1,5 միլիոն հայ այստեղ է ապրում, ուրիշ շրջաններում էլ հայեր կան: Բոլորը երազում են, որ ուղիղ չվերթ բացվի»: Ադբաշյանը խոստացել էր, որ անպայման կանի դա:

Մյուս օրը նրա  մոտ մարդիկ են եկել «Ամերիկան էյր» ավիաընկերությունից, պայմանավորվել են, երկկողմ պայմանագիր ստորագրել, որ Հայաստանից 120 օդաչուներ, բորտ ուղեկցորդուհիներ, ինժեներներ գնան ԱՄՆ, որպեսզի  այնտեղ՝ Ինդիանապոլիսի ուսուցման կենտրոնում, անվճար  վերապատրաստվեն:

«Նրանք մեզ համար պիտի գնեին 2 հատ նորագույն «Բոինգ» ինքնաթիռներ, որոնք կարող են բևեռով, առանց վայրէջքի, թռչել: Ասաց՝ հենց այս տարի Ռուսաստանի հետ կպայմանավորվենք բևեռով թռիչքային պայմանների մասին: Ու արդեն 5 հատ կրոսսպոլյարնի տրասաներ կային, փաստորեն, այդ տրասաների հեղինակը մենք էինք»,- պատմեց Դմիտրի Ադբաշյանը:

Նրա համոզմամբ՝ եթե իրականություն դառնար, դա կլիներ այն գործոններից, որը կազդեր տոմսերի գների վրա:

Մյուս գործոնը, ըստ նրա, ազգային փոխադրող ունենալն է. այս հարցը Ադբաշյանը առանցքային է համարում. «Եթե ուզում ես գներն իջեցնել, սեփական ավիացիա պիտի ունենաս»:

Նա մի ուշագրավ դրվագ պատմեց նոր իշխանությունների հետ փոխհարաբերությունների մասին. վարչապետ Փաշինյանի օգնականը նշանակումից մեկ ամիս հետո զանգել  է Ադբաշյանին և խնդրել, որ աջակցի ոլորտի բարեփոխումների հարցում: Դմիտրի Ադբաշյանը  ուղարկել է իր կողմից մշակված Օդային օրենսգիրքը: Դա, սակայն, մեկ ու կես տարի անց էլ, դեռ չի ընդունվել: «Օդային օրենսգիրքը ոնց չկար, մինչև հիմա չկա: Այնինչ՝ առանց դրա հնարավոր չէ ոչ մեկից ոչ մի բան պահանջել»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը:

Ավիաուղիների զարգացած ցանց ունենալու համար ավիացիայի վաստակաշատ մասնագետը խորհուրդ է տալիս ուսումնասիրել սարդերի փորձը. «Ո՞նց են նրանք ստեղծում սարդոստայնը. սկսում են կենտրոնից, գիծ են քաշում, չէ՞, հետո կապում են ավելի կարճ գծերով: Մենք պետք է մեր սեփական ավիացիան Երևանում ունենանք ու այդ ցանցը ստեղծենք Երևանից»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.