կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-11 17:41
Քաղաքական

Մեզ համար ծանր ու դժվարին օրերին Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր երկրին ու ժողովրդին. Արմեն Սարգսյանը հանդիպել է Հռոմի պապի հետ

Մեզ համար ծանր ու դժվարին օրերին Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր երկրին ու ժողովրդին. Արմեն Սարգսյանը հանդիպել է Հռոմի պապի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Ֆրանցիսկոս Պապի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան քահանայապետին՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորված բարձր մակարդակի ու կառուցողական երկխոսության համար: «Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի առաջին դեսպան՝ ինձ համար հոգեկան մեծ բավարարվածություն և պատիվ է Առաքելական պալատ վերադառնալը», -ասել է Հայաստանի նախագահը, նշելով, որ առանձնակի հպարտությամբ ու ջերմությամբ է հիշում 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը՝ ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 2021-ը հատուկ տարի է հայ-վատիկանյան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի և Նորին Սրբության՝ Հայաստան այցերի հոբելյանական՝ համապատասխանաբար 20-րդ ու 5-րդ տարիները:

«Այդ պատմական այցելությունները մշտապես վառ կմնան հայ ժողովրդի սրտում և մտքում», - մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանն ու ընդգծել Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 
 

Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր պետությանն ու ժողովրդին: Դրա լավագույն վկայությունն են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին ու դրանից հետո Ֆրանցիսկոս Պապի հնչեցրած խաղաղության ուղերձները, ինչպես նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը:

Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ։