կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-20 18:47
Քաղաքական

Ավարտվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի այցն Իտալիա

Ավարտվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի այցն Իտալիա

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-18-ը Իտալիայի Սենատի արտաքին գործերի և արտագաղթի կոմիտեի նախագահ Վիտո Պետրոչելիի հրավերով աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ՝ Իտալիայի խորհրդարանում մի շարք հանդիպումների մասնակցելու նպատակով: Իտալիա մեկնած ԱԺ պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ 

Այցի շրջանակում սեպտեմբերի 17-ին Ռուբեն Ռուբինյանը և Մարիա Կարապետյանը հանդիպել են Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի և անդամների, ինչպես նաև Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի և նույն բաժնի անդամների հետ: Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ:

Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը Պատգամավորների պալատի իր գործընկերոջը ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացները, խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթություններն ու գերակայությունները՝ այս համատեքստում ընդգծելով Իտալիայի խորհրդարանի՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի օրենսդիր մարմնի հետ առավել սերտ փոխգործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 2019 թվականի ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը: Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Պատգամավորների պալատի կողմից ընդունված որոշումը, ինչը կարևոր ներդրում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, այս համատեքստում ընդգծել Իտալիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը: Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը հրավիրել է իր գործընկերոջը աշխատանքային այցով լինել Հայաստանում:

Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 18-ին հանդիպել է նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում կայացած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաև հայ-իտալական հարաբերությունների օրակարգային հարցերին: Ռուբեն Ռուբինյանը Սենատի իր գործընկերներին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում առկա զարգացումները: Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Սենատի իր գործընկերոջ հետ՝ վերջինիս Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի և ՆԱՏՕ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ֆրուզոնե Լուկայի հետ: Վերոնշյալ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը՝ առաջնային համարելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ փոխգործակցությունը: