Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր հանդիպում-քննարկում է հրավիրել: Իր խոսքում Վ. Բալայանը կարևորել է զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսային համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների վերհանումն և հնարավոր լուծումների ապահովումը: Չբացառելով օրենսդրական որոշ կարգավորումների անհրաժեշտությունն ու համագործակցաբար խնդիրների լուծումը, Վ. Բալայանը նշեց, որ հանդիպում-քննարկումը կարևոր է ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն ունենալու և ըստ այդմ՝ համապատասխան ընդհանրացումներ կատարելու տեսանկյունից:
ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի խոսքով, կորոնավիրուսային համավարակի հետևանքով ոլորտը լրջագույն մարտահրավերի առջև է կանգնել:
Նրա հաղորդմամբ, այս տարի համաշխարհային զբոսաշրջության մինչև 80 տոկոս անկում է կանխատեսվում: Անդրադառնալով արցախյան ցուցանիշներին, Ա. Գրիգորյանը նշել է, որ առաջին կիսամյակում հանրապետությունում օտարերկրյա զբոսաշրջիկների թվի նվազումը կազմել է 82 տոկոս, իսկ մինչև տարվա վերջ կանխատեսվում է 95 տոկոս անկում: Արդյունքում զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողները մեծ կորուստներ են կրում, իսկ որոշ դեպքերում՝ անորոշ ժամկետով դադարեցնում գործունեությունը: Վարչության դիտարկումների համաձայն, ընթացիկ տարվա մարտ-մայիս ամիսներին, անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցրել է շուրջ 20 հյուրանոցային տնտեսության օբյեկտ: Ընդ որում, 17-ը՝ զբոսաշրջային տուն, 3-ը՝ հյուրանոց : Ընթացիկ տարվա հունիսին 63 հյուրանոցային տնտեսության ընդգրկմամբ կատարված ուսումնասիրության համաձայն՝ 57-ի եկամուտների համախառն անկումը կազմել է 88,5 տոկոս, իսկ 30 հյուրանոցային օբյեկտում վարձու աշխատողների թիվը կրճատվել է 88–ով: Հաշվի առնելով առկա իրողությունները և տնտեսվարողների ակնկալիքները լիազոր գերատեսչությունը մշակում է օժանդակության շարունակական ծրագրեր: Այդ համատեքստում, արդեն իսկ մեկնարկել է ծառայությունների գնման եղանակով պետական աջակցության ծրագիրը, որից օգտվել են ավելի քան 20 շահառու՝ հյուրանոցային տնտեսություններ, զբոսավարներ ու տրանսպորտային ընկերություններ: Կառավարությունում շրջանառվող մեկ այլ որոշման նախագծով ՝ օժանդակություն է նախատեսվում՝ ավելի քան 60 հյուրանոցային տնտեսության օբյեկտներին, հաշվառված ու գործող բոլոր զբոսաշրջային օպերատորներին, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի տեսքով աջակցություն՝ մասնագիտական բոլոր աշխատատեղերի պահպանման համար: Քննարկմանը ներկա զբոսաշրջային տուր -օպերատորների և հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչները, հետաքրքրվել են զբոսաշրջային օժանդակության ծրագրերում տուր-օպերատորներին ևս ընդգրկելու, տրամադրվող աշխատավարձերի բաշխման սկզբունքի վերաբերյալ հարցերով, ինչպես նաև նշել, որ հակահամաճարակային կանոների պահպանմամբ որոշ երկրներ առաջիկայում կբացեն իրենց սահմանները, մինչդեռ ՀՀ-ում և Արցախում այդ ժամկետներն անորոշ են:
«Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանի խոսքով, պետական աջակցության ծրագրերը ողջունելի են, սակայն մեկ քայլ ուշանում են: Ըստ նրա՝ օժանդակության ծրագրերի ժամանակին իրագործելը, կարևոր է հատկապես մասնագիտական աշխատատեղերի պահպանման համար:
Զբոսաշրջության ոլորտում ստեղծված ծանր իրավիճակի կայունացումը, Ս. Շահվերդյանն ու քննարկման մյուս մասնակիցները, հնարավոր են համարում միայն, հանրապետության անցակետերի բացման պարագայում:
Ներկաների խոսքով, ՀՀ-ում մի շարք զբոսաշրջային կազմակերպություններ հակահամաճարակային կանոների պահպանմամբ ու պարետի որոշումների համաձայն, ներկայում ներքին տուրեր են իրականացնում: Արցախյան տուր -օպերատորները հնարավոր են համարում, որպեսզի երաշխավորված գործունեություն իրականացնող համանման կազմակերպությունների միջոցով զբոսաշրջիկներն այցելեն նաև Արցախ:
Բացի այդ, զբոսաշրջության տնտեսվարողներն առաջարկում են հստակեցնել անցակետերի բացման ժամանակը, քանի որ հակառակ դեպքում, զբոսաշրջային կազմակերպություններն ու զբոսաշրջիկները պլանավորելու են մեկնել այնտեղ, որտեղ սահմանի բացման ժամանակն արդեն իսկ հայտնի է: Ներքին զբոսաշրջության աշխուժացման, ինչպես նաև իրացվելիության խնդրի լուծման համար, տնտեսվարողներն առաջարկել են նաև մեկօրյա գիշերակացով տուրերի կազմակերպում դեպի արցախյան պատմամշակութային վայրեր: Ընդ որում՝ դրանցում կարող են ընդգրկվել դպրոցականներ, տարբեր կառույցների աշխատակիցներ:
Ամփոփելով հանդիպման ու քննարկման արդյունքները Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը տեղեկացրեց, որ նպատակ ունեն զբոսաշրջության խնդիրների վերհանման և ըստ հնարավորության նաև լուծումների շուրջ առավել ընդգրկուն կազմով լսումներ կազմակերպել պատգամավորների արձակուրդից հետո՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին :
Զբոսաշրջության վարչության պետ Ա. Գրիգորյանը, «Ապառաժ»-ի հետ զրույցում, արդյունավետ գնահատելով կայացած քննարկումներն ու հնչած առաջարկությունները, նշեց, որ դրանք առաջիկայում պարտադիր քննարկվելու են և ըստ անհրաժեշտության փորձելու են լուծումներ առաջարկել: