կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 11:10
Քաղաքական

Արցախի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն ո՞ր համայնքներում է սատարում թեկնածուների

Արցախի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն ո՞ր համայնքներում է սատարում թեկնածուների

Արցախի՝ սեպտեմբերի 8-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում  ՀՅԴ-ն սատարում է թեկնածուների Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի, Քարվաճառի, Ասկերանի քաղաքապետերի պաշտոններում, ինչպես նաև շատ գյուղերում: Yerkir.am-ի հետ հարցազրույցում Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն ասաց, որ թեկնածուները շատ են և փորձում են աշխատել առավելագույնը հաջողելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ների՝ Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու մտադրությանը Արմեն Սարգսյանը նորմալ է վերաբերվում՝ Արցախն ինքն է դիմում աշխարհի երկրներին, որպեսզի դիտորդական առաքելություններ ուղարկեն: Միայն թե ընդգծում է, որ դիտորդական առաքելությունները միայն ընտրությունների ժամանակ են աշխատում և հեռանում են Արցախից: Իսկ եթե  դիտորդական առաքելությունն ի սկզբանե ինչ-որ ձևով Արցախից դուրս որոշված գաղափարներով մտնի Արցախ, դա պարզ կերևա ընտրություններից հետո, և բնական է, արցախցին երբեք թույլ չի տա, որ ցանկացած հարց լուծվի Արցախից դուրս:

«Եթե որևէ  դիտորդական առաքելություն սուբյեկտիվ չի աշխատում, մենք տարբերություն չենք դնում, բայց դիտորդական աշխատանքից հետո երբեք չենք թողնի, որ որևէ կազմակերպություն փորձի խառնվել Արցախի ներքին գործերին ու Արցախի հարցը լուծի Արցախից դուրս»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Առայժմ արտաքին որևէ միջամտություն Դաշնակցությունը չի նկատում: Հետևողական է լինելու՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան՝ ազատ, արդար, թափանցիկ կազմակերպել  ընտրությունները, որպեսզի նույն կերպ անցնեն նախագահական ընտրությունների կազմակերպմանը:  

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասում է՝ Դաշնակցությունը միշտ էլ ուժեղ է եղել, բայց խնդիրն այլ է՝ ՀՅԴ-ն արտաքուստ ուժեղ լինելու համար իր արժեքներին չի դավաճանում:

«Մենք չենք կարող  խոստումներ տալ՝ ինչ է, թե ժողովրդի ձայները շահենք: Մենք արժեքներ ունենք և դավանում ենք: Այսօր հնարավոր է այդ արժեքների պատճառով քիչ ձայն ստանանք, բայց վաղը՝ շատ ավելի: Նույն խնդիրն է այդ արժեքները տարածել ժողովրդի մեջ և հասնել հաջողության: Նույնիսկ մեր հակառակորդներն են ասում, որ հնարավոր չէ պատկերացնել Արցախի քաղաքական դաշտն առանց Դաշնակցության»,- ասաց Արմեն Սարգսյանը: