Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր լրանում է վրաց-հարավօսական պատերազմի 11-րդ տարին:
2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն, և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:
Ցխինվալիի շրջանի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի խախտումները սկսվեցին 2008 թվականի հուլիսի վերջերից, ինչի համար կողմերն իրար էին մեղադրում: Մեկ շաբաթ տևած սրացումից հետո՝ օգոստոսի 7-ի երեկոյան, նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օսական կողմի դիրքերին կրակի դադարեցման հրաման տվեց: Սակայն նույն գիշերը, վրացական խաղաղապահ գումարտակի հրամանատար Մամուկա Ղուրաշվիլին հայտարարեց, որ օսական կողմից կրակոցների վերսկսվելու պատճառով ընդունվել է Ցխինվալիի շրջանում սահմանադրական կարգի վերականգման որոշում:
Օգոստոսի առաջին օրերից Ռոկիի թունելի մոտակայքում մոբիլիզացված էին ռուսական բանակի ուժերը: Օգոստոսի 8-ից ինտենսիվ մարտեր սկսվեցին Վրաստանի զինված ուժերի և ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումների միջև:
Հաջորդ օրերին ռուսական ավիացիան ռմբակոծեց Վազիանիի և Սենակիի ռազմաբազաները, Մառնեուլիի ռազմական օդանավակայանը, Գորի քաղաքը, Փոթիի նավահանգիստը և Կոդորի կիրճը:
Օգոստոսի 12-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Մոսկվայում ստորագրվեց Վրաստանում մարտական գործողությունների դադարեցման մասին 6 կետից բաղկացած համաձայնագիր:
Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 5 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչներ լքել են տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների շարքերը: