կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-07 15:38
Հասարակություն

Երևանում հարգանքի տուրք մատուցվեց ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանում հարգանքի տուրք մատուցվեց ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչները, քաղաքական և հասարակական գործիչներ այսօր`օգոստոսի 7-ին,  հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին ասորի ժողովրդի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհում ասորիները հավաքվում և հարգանքի տուրք են մատուցում:

Միջոցառման ընթացքում իր ելույթի ժամանակ Հայաստանի ասորական համայնքի ղեկավար Ռազմիկ Խոսրոևն ընդգծեց` Հայաստանը միակ երկիրն է, որը ոչ միայն ճանաչել է ասորի ժողովրդի Ցեղասպանությունը, այլև հնարավորություն է տվել լիարժեքորեն ինտեգրվելու երկրի կյանքին, ինչի վառ ապացույցն է նաև ասորիների Ցեղասպանության զոհերին հուշարձանը: «Մենք մեր պետականությունը կորցրել ենք 2500 տարի առաջ, սակայն Հայաստանում մեր ժողովուրդն իրեն լիարժեք է զգում, ունի իր կրթա-մշակութային կենտրոնները, իսկ ասորիների խնդիրները երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում են»,- շեշտեց նա՝ նկատելով, որ Երկիր մոլորակի տարբեր հատվածներում ասորիների ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր:

Միջոցառման ժամանակ լրագրեղների հետ զրույցում «Ատուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովն էլ մանրամասնեց. «Վերջին 7 տարում մենք՝ Հայաստանում ապրող ասորիներս, հնարավորություն ունենք ՀՀ ասորաբնակ գյուղերից գալ և համախմբվել Երևանում և հիշել մեր ասորի նահատակներին: Կոչ եմ անում ամբողջ աշխարհին՝ համախմբվել և ձայն բարձրացնել ցեղասպանություն իրականացնողների դեմ»:

Նրա խոսքով՝ ցեղասպանության հետևանքով մոտ 3 մլն ասորի ապրում է աշխարհի տարբեր երկրներում՝ Իրաքում, Իրանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Գերմանիայում, Հորդանանում և այլն:

Նշենք, որ Հայաստանում կա 4 ասորաբնակ գյուղ՝ Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում, որոնցում, ընդհանուր առմամբ, ապրում է մոտ 6000 ասորի:

Ասորիները Հայաստանի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից թվով երրորդն են՝ եզդիներից և ռուսներից հետո։