Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է․ «Ինչպես եւ վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն, վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք:
1/ Հիացական-հրճվալից-փառաբանական, մոտավորապես «առաջնորդի եւ ժողովրդի կատարյալ ներդաշնակության եւս մի ապացույց» կամ «եւս մի հուժկու հակահարված մութ ուժերին»:
2/ Հեգնական-չարախոսական «Նյու-Վասյուկի» «դատարկախոսություն» եւ այլն:
Առաջին ուղղության ներկայացուցիչներին կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել, որ ժողովուրդ-իշխանություն էքստատիկ միաձուլում գոյություն ունի միայն տոտալիտար երկրներում, եւ նույն ամբողջատիրական մտածելակերպին է հատուկ ամենուր «մութ ուժերի» փնտրտուքը: Իսկ ծաղրական ոճով քննադատողներին ասեմ, որ երկարաժամկետ, տասնամյակների կտրվածքով պլանավորումը միանգամայն նորմալ երեւույթ է բազմաթիվ երկրների համար դա, բացի ամեն ինչից հայտ է, որով պետությունն ուղենշում է իր հավակնությունների մակարդակը:
Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2050 թվականը վարչապետ չի լինելու, եւ, բնականաբար, ոչ ոք հնարավորություն չի ունենա նրան քաղաքական առումով հաշիվ ներկայացնել, թե ինչու 2019-ին նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ:
Ավելին, հնարավոր է, որ 2024 թվականի ընտրություններին նրա քաղաքական ուժը մեծամասնություն չստանա: Ինչպես անել, որ երկրի հաջորդ ղեկավարները շարունակեն գնալ այսօր նախանշած ճանապարհով: Շատ պարզ, պետք է մշակել եւ սկսել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաջորդ իշխող քաղաքական ուժի մոտ առարկություններ չի առաջացնի: Իսկ դրա համար քիչ է ասել, որ, օրինակ, 2050-ին ուզում ենք Հայաստանում ունենալ 5 միլիոնանոց բնակչություն, պետք է մշակել ներգաղթի ծրագիր, ընդ որում, այն սկսել հաջողությամբ իրագործել, որպեսզի հաջորդ վարչապետն ասի, այո, մենք քաղաքական հակառակորդներ ենք, բայց այս ծրագիրը պետք է շարունակել, հարստացնելով այն այսինչ եւ այնինչ տարրերով: Նույնը վերաբերում է Ստեփանակերտում Փաշինյանի բարձրաձայնած ցանկացած այլ նպատակին: Դրանցից յուրաքանչյուրի տակ պետք է լինեն ծրագրեր:
Ի տարբերություն հոռետեսների, ես չեմ կարծում, որ այդ նպատակներն անիրագործելի են: Պարզապես դրանց իրագործման մեջ պետք է շահագրգռություն ունենա հայաստանյան ողջ հասարակությունը, մեր ողջ ազգը: Իսկ դրա համար դրանք պետք է լինեն պարզ, հասկանալի, ընդունելի»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: