կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-22 22:19
Հասարակություն

Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում կստեղծվեն նոր աշխատատեղեր

Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում կստեղծվեն նոր աշխատատեղեր

ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել: Մյուս 6 համայնքներում աշխատատեղեր կստեղծվեն 2019թ. ընթացքում:

«Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանի խոսքով՝ ծրագրի նպատակը համայնքների բնակիչների կյանքը փոխելն է:

«Մենք հավատում ենք, որ համայնքն ուժեղ է, եթե համայնքի յուրաքանչյուր անհատն է ուժեղ: Ծրագիրն ունի հստակ թիրախներ, բայց բացի թիրախներից, ծրագրի փիլիսոփայության ամենակարևոր փուլն այն է, որ մենք օգնում ենք համայնքներին որոշել իրենց կարիքները, և կախված այդ կարիքներից, մենք նոր սկսում ենք աշխատել այդ ուղղությամբ: Մեր համար ամենակարևորը մարդու կյանքը փոխելն է, որովհետև, եթե թեկուզ մեկ ընտանիք մեր ծրագրի արդյունքում սկսի լավ ապրել, և որոշի մնալ համայնքում, ապա կհամարենք, որ ծրագիրը հաջողվել է»,- ասաց Տիրատուրյանը:

Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, սակայն Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի խոսքով՝ իրենք հստակ պահանջ են դնում գյուղացիների առջև՝ ներդրման դեպքում համաֆինանսավորել ոչ պակաս, քան ընդհանուր բյուջեի 20%-ի չափով:

«Մենք չենք վախենում, ընդհակառակը՝ միտումնավոր գնում ենք այն գյուղերը, որտեղ դժվար է և վտանգավոր: Դրանք 45 բնակավայրեր են, որոնք գտնվում են սահմանային գոտում, հաճախ ենթարկվում են գնդակոծման, որտեղ գյուղացիների համար հեշտ չէ: Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակը աշխատատեղերի ստեղծումն է: Անել այնպես, որպեսզի գյուղացիները մնան իրենց համայնքներում և չարտագաղթեն: Անել այնպես, որ նրանք հաստատուն եկամտի աղբյուր ունենան»,- նշեց Մարիասինը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ քննարկվում է ծրագրի շարունակականության հարցը:

«Մենք կարևորում ենք ծրագրի հատկապես տնտեսական զարգացման ուղղվածությունը, և այն հանգամանքը, որ այն աշխատում է մեր Տավուշի սահմանամերձ բնակավայրերում: Այժմ ՄԱԶԾ-ի հետ քննարկում ենք այս ծրագիրը շարունակական դարձնելու և դեպի Գեղարքունիքի մարզ ընդարձակելու հնարավորությունը»,- ասաց Տերտերյանը: