Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր հին ադաթից ընկել ենք, զըրկուել,
Նորն էլ չըգիտենք թէ ինչ է եկել».
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ
Հայոց քաղաքական կողմնորոշումների (արեւելումների) մասին մեր հին պատկերացումները վերջին մէկ տարուայ ընթացքում բախուել են Հայաստանի նոր իրողութիւններին, եւ չկարողանալով բացատրել դրանց իմաստն ու բովանդակութիւնը՝ լիովին կորցրել են երկրի ներսում ու նրա շուրջը տեղի ունեցող տեղաշարժերն ըմբռնելու ու բացատրելու ճանաչողական գործառոյթները:
Այս տխուր փաստը հանրային մակարդակի վրայ դրսեւորւում է մեզանում գրեթէ ամէն օր արտաբերուող՝ թումանեանական «Հառաչանք»ի խօսքերի միջոցով, իսկ փորձագիտական շրջանակներում ընդունել է հետեւեալ երկանդամ գլուխկոտրուկի տեսքը.
Սրանից ստացւում է, որ մենք գործ ունենք կա՜մ յանցաւոր դաւադրութեան կամ էլ անուղղելի տգիտութեան հետ, որն արտաքին քաղաքականութեան ասպարէզում ոչ պակաս վտանգաւոր է, քան առաջինը: Մինչդեռ ուշադիր քննելով այս երկանդամ գլուխկոտրուկը՝ դժուար չէ նկատել, որ նրանում առկայ հաստատական ու ժխտական հարցադրումները կտրուելով դիտարկման բուն առարկայից՝ Հայաստանից, վերածուել են հիմնային սխալի:
Իսկ առարկայական իրողութիւնն այն է, որ 2018ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան արդիւնքում ո՜չ մեր երկրի արտաքին քաղաքականութիւնն է լուրջ փոփոխութիւններ կրել եւ ո՜չ էլ այն սպասարկող արհեստավարժ դիւանագիտական կորպուսը (մարմինը-Խմբ.): Փոփոխութիւնը տեղի է ունեցել նրան ուղղութիւն տուող քաղաքական ընտրանու ձեւաւորման աշխատակարգերի եւ գործելակերպի մէջ: Առ այդ՝ Հայաստանի իշխանութեան առաջին դէմքերի կողմից՝ 1991 թուականից յետոյ էլ Մոսկուայի հետ համաձայնեցուող՝ ժառանգորդի նշանակման իրողութեանը 2018ին փոխարինել է ժողովրդի կողմից սեփական իշխանութեան ձեւաւորման փաստը: Այսինքն՝ որքան էլ տարօրինակ է՝ «Հանրապետական» կոչուող կուսակցութեան իշխանութեան տապալումը յանգեցրել է ազգի գերիշխանութեան (սուվերենութեան) սկզբունքը մարմնաւորող հանրապետական վարչակարգի հաստատմանը:
Երկրի քաղաքականութիւնը ձեւաւորող խորքային սուբյեկտի փոփոխութեան արդիւնքում մեզանում սկիզբ է առել արտաքին աշխարհում սեփական շահերի փնտռտուքի մի երկարատեւ ու ցաւագին գործընթաց: Ուստի այսուհետեւ ամէն պատեհ կամ անպատեհ առիթով հայկական կողմնորոշման մասին խօսելու փոխարէն՝ պարտաւոր ենք յստակեցնել այդ խիստ տարողունակ հասկացութունը: Պատճառն այն է, որ ժամանակին մեզանում այն ձեւակերպուել է երջանկայիշատակ Սարգիս Զէյթլեանի կողմից՝ որպէս «սառը պատերազմին» բնորոշ «կա՜մ-կա՜մ»ի հանդէպ հայկական հակազդեցութիւն՝ «ո՜չ Արեւելք, ո՜չ Արեւմուտք» բանաձեւի տեսքով: Սկզբում հանդէս գալով որպէս Հայաստանի ու հայութեան արտաքին քաղաքական արեւելումների դաշնակցական ընկալում՝ այն վերջին տասնամեակներում դարձել է հանրապետութեան գրեթէ բոլոր քաղաքական ուժերի հաւատամքը: Բայց քանի որ «սառը պատերազմ»ի դարաշրջանը վաղուց է աւարտուել, այս սկզբունքօրէն ճիշդ բանաձեւի նախկին հիմնատարրերն անցած տարիներին փոխել են իրենց ներքին բաղադրութիւնն ու փոխադարձ յարաբերութիւնների բնոյթը:
Որովհետեւ եթէ հայոց քաղաքական կողմնորոշումները բնութագրելու համար 1990ականների սկզբներին, մեծ վերապահումներով հանդերձ, դեռ հնարաւոր էր «Արեւմուտք» եւ «Ռուսաստան» եզրոյթների միջոցով ինչ-որ կերպ բնորոշել մի կողմից՝ «սառը պատերազմում» յաղթանակ արձանագրած աշխարհաքաղաքական բեւեռը, իսկ միւս կողմից՝ նրա հետ յարաբերութիւնների ճշ-գրտմամբ զբաղուող նախկին ԽՍՀՄի իրաւաժառանգորդին՝ Ռուսաստանի Դաշնութեանը, ապա այսօր այդ հասկացութիւնները սկզբունքօրէն նոր բովանդակութիւն եւ իմաստ են ստացել:
Համաշխարհայնացման պայմաններում վերջին երեսնամեակում Արեւմուտքը հանդէս է եկել ոչ միայն որպէս ուժի բեւեռ, այլեւ ամբողջական արժեհամակարգ, եւ արեւմտամէտութիւնը՝ որպէս արժէքային կողմնորոշում, կլանել է գրեթէ ողջ քաղաքակիրթ աշխարհը, քանզի նրան հակադրուող մէկ այլ ձեւաւորուած արժեհամակարգ գլոբալ (համաշխարհային-Խմբ.) մակարդակում փաստօրէն գոյութիւն չունի: Իսկ քաղաքական առումով արեւմտեան կողմնորոշումը մեզանում արդէն սկսել է տարամիտուել նուազագոյնը երկու՝ անգլօ-սաքսոնական կամ՝ ատլանտեան եւ մայրցամաքային-եւրոպական արեւելումների:
Իր բովանդակութիւնից փաստօրէն զրկուել է նաեւ Արեւելքի՝ որպէս ուժի բեւեռի խորհրդային ընկալման մեխանիկական շարունակութիւնը դիտուող՝ «ռուսական կողմնորոշում» հասկացութիւնը: Որեւէ մէկի համար այլեւս գաղտնիք չէ, որ վերջին երկու տասնամեակների ընթացքում Արեւմուտքին հակադրուելու համար Ռուսաստանի քաղաքական ղեկավարութեան որդեգրած Եւրասիականութեան դոկտրինը իր խորքային՝ հոգեւոր-մշակութային բովանդակութեամբ խորապէս հակառուսական բնոյթ ունի: Նրա հիմքում ընկած բազային արժէքներից առաջինի՝ եւրոպականութեան լիակատար անտեսումը ժամանակի ընթացքում այն վերածել է Չինգիզ խանի կայսրութիւնը վերակերպաւորած՝ միջնադարեան Մոսկովիայի տեսլականի, ինչն ասիականութեան ամենաբարբարոսական տարատեսակներից էր: Եւ երբ այսօր Ռուսաստանն ինքն է յայտնուել իր արեւելաքրիստոնէական քաղաքակրթութեան արմատներին վերադառնալու հրամայականի առջեւ, իրարից վաղուց տարանջատուած ու նախկին բովանդակութիւնից զրկուած «Ռուսաստան» եւ «ռուսական կողմնորոշում» հասկացութիւնները մեզ համար փաստօրէն միայն անվտանգային իմաստ ու նշանակութիւն են ձեռք բերել: Արժէքային առումով ռուսական կողմնորոշումն այսօր գոյութիւն ունի սոսկ աւանդական սլաւոնաֆիլութեան գաղափարը ձեւախեղած դուգինեան համադրոյթին հակադրուող՝ առաջադէմ ռուս մտաւորականութեան որոշակի շերտերում, որի ներկայացուցիչները եւս հիմնականում միտուած են դէպի Արեւմուտք:
Միանգամայն հասկանալի է, որ գլոբալ հարթութիւնում նման բացայայտ անհաւասարակշռութեան առկայութեան փաստը չէր կարող իր ազդեցութիւնը չգործել նաեւ մեր երկրի ներքաղաքական իրողութիւնների վրայ: Որովհետեւ Հայաստանում չկայ ու չի կարող լինել մի քաղաքական ուժ, որն ի վիճակի լինի իրեն ու իր համակիրներին ստիպել երկրպագելու անծայրածիր տափաստանների քոչուորներին ու դրանց ռուս վերաբնակիչներին սոսկ ժամանակաւորապէս միաւորած՝ «եւրասիական արժէքները»: Ուստի՝ անցած տասնամեակներում Հայաստանը չէր կարող ներքնապէս չեւրոպականանալ՝ անկախ նրանից, թէ իրեն շրջապատող անվտանգային միջավայրը նրան թելադրում է Ռուսաստանի՝ որպէս պետութեան պաշտպանական վահանը պահպանելու անհրաժեշտութիւնը: Եւ այս բացայայտ անհաւասարակշռութիւնը ռազմավարական առումով անխուսափելի էր դարձրել Ռուսաստանի հետ իր խորհրդային պորտալարը պահպանած Հայաստանի իշխանութեան փոփոխութիւնը, որը տեղի ունեցաւ ճիշդ այն պահին, երբ այդ իշխանութիւնն այլեւս անզօր էր դիմադրելու իր առջեւ դրուած՝ Արցախի ազատագրուած տարածքների յանձնումով Ադրբեջանին եւս Եւրասիական միութեան մէջ ներառելու ակնյայտ պարտադրանքին: Այդ մեծապետական ծրագրին դիմակայելու համար ՀՀ նախորդ իշխանութիւնների գործադրած բոլոր տեսանելի եւ անտեսանելի հնարքների սպառման գործընթացն էր ինչպէս 2016ի ապրիլեան տարօրինակ պատերազմի, այնպէս էլ դրան յաջորդած ներքաղաքական զարգացումների եւ իշխանափոխութեան խորքային պատճառը: Այսինքն՝ երբ Ռուսաստանը՝ որպէս պետութեան մեզ համար մի պահ կորցրեց անգամ իր վերջին՝ անվտանգային գործառոյթը, Հայաստանում նրանից երես թեքեցին նոյնիսկ նրա ամենահաւատարիմ զինուորները՝ աչք փակելով իրենց իսկ տապալմանը տանող ներքաղաքական զարգացումների առջեւ:
Անցած գարնանը տեղի ունեցած իշխանափոխութեան առայժմ միակ շօշափելի ձեռքբերումը Հայաստանի միջազգային սուբյեկտայնութեան ամրագրումն է, ինչի արդիւնքում մնալով նախորդ դաշինքների ու դրանցից բխող ռազմավարական պարտաւորութիւնների շրջագծում, մեր երկիրը թօթափել է կողմնորոշմային քաղաքականութեան բեռը: Սա առաջ է բերել որոշակի դիսկոմֆորտ (անհանգստութիւն-Խմբ.)՝ աւանդական դաշնակիցների հետ շփումներում, բայց չի յանգեցրել նրանց լուրջ հակազդեցութեանը:
Աւելին՝ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը ձեւաւորող խորքային սուբյեկտի փոփոխութիւնը լուրջ խոչընդոտ է դարձել Ղարաբաղի հարցում նրան միակողմանի լուծումներ թելադրելու ճանապարհին: Որովհետեւ հայ ժողովուրդն արդէն պատմութեան գիրկն է նետել արտաքին զիջումների դիմաց երկիրը կառավարելու իրաւունք ստանալու՝ նախկինների գործելակերպը: Եւ եթէ Ռուսաստանում աւելի մեծ թուով հայերի առկայութան մասին պնդումով նախկինում Մոսկուան վիճարկում էր Երեւանի իշխանութիւնների՝ հայ ժողովրդին ներկայացնելու իրաւունքը, այժմ գործ ունի ենթակայից՝ գործընկերոջ վերածուած դաշնակցի հետ: Ուստի նոր պայմաններում նրա համար Հայաստանին պատժելը հաւասարազօր է հայ ժողովրդին պատժելուն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Բայց ամենահետաքրքրականն այն է, որ երբեմն բարկացածի տեսք ընդունելով հանդերձ՝ պաշտօնական Մոսկուան իրականում մտածում է ոչ թէ մեզ պատժելու, այլ սիրաշահելու մասին: Որովհետեւ ո՜չ առանց իր քօղարկուած մասնակցութեան՝ ողջ յետխորհրդային տարածքում սկիզբ է առել հին ու նոր էլիտաների մի անհաշտ դիմակայութիւն, որը տանում է դէպի նոր հանգուցալուծում: Աւարտւում է 1990ականների սկզբներին կոմկուսին փոխարինած խորհրդային ուժային կառոյցների ղեկավարների «յետխորհրդային եղբայրութեան» դարաշրջանը: Անցած տասնամեակներում հիմնականում բնական ռեսուրսների (աղբիւրների-Խմբ.) թալանով զբաղուած այդ կեղծ-պետականամէտներից սկսել են երես թեքել անգամ նրանց ժողովուրդները՝ «տարոսը» թողնելով ռուսներին:
Յետխորհրդային տարածքում սկիզբ առած հեղաբեկումները վկայում են նրանում կապիտալի նախնական կուտակման գործընթացի աւարտի մասին, ինչը ինքնակազմակերպման քաղաքական համակարգերի փոփոխութեան սուր պահանջ է առաջացրել: Կուտակուած կապիտալը չի կարող օրինականացուել՝ «յետխորհրդային եղբայրութեան» կոռուպցիոն հենքի վրայ: Նրան անհրաժեշտ են համաշխարհային շուկայում լեգիտիմութիւն ապահովող քաղաքական կառոյցներ: Ուստի‘ մեր աչքի առջեւ փլուզւում են ոչ միայն խորհրդային-կայսերական իդէալի, այլեւ նրա հետխորհրդային կ’արօտախտի տն-տեսաքաղաքական հիմքերը: Նման պայմաններում մեր երկրում դեռեւս դրանց կարօտով տառապողների հնացած հագուկապը օտարների գումակում Փարիզ մտած, բայց այնտեղ էլ սեփական ժողովրդի ծաղրուծանակին արժանացած՝ Բուրբոններին զարդարող փետուրներն է յիշեցնում: Ու թէեւ «յետյեղափոխական Հայաստանում» պոտենցիալ Բուրբոնների պակաս չկայ եւ անգամ‘ աւելցուկ է նկատւում, բայց ողջ խնդիրը նրանում է, որ կայսերական ռեւանշիզմի խորհրդանիշի վերածուած 11րդ Կարմիր բանակի գումակում տեղաւորուելու նրանց թաքուն երազանքն այլեւս առարկայական հիմքեր չունի:
Պատճառն ակնյայտ է. Ռուսաստանն՝ ինքը նոյնպէս կանգնած է նոյն պահանջմունքի՝ նորացման հրամայականի առջեւ, ուստի «փոքրիկ-չարաճճի»ջ Հայաստանին պատժելը Մոսկուայի համար խնդրի լուծում չէ, այլ նոր փակուղի: Երբ Ռուսաստանի արտաքին դիմադրողականութեան ամրապնդման ու երկրի ներսում առկայ համակարգի պահպանման առաջադրանքները սկսել են հեռանալ իրարից, նրա «խորքային պետութեան» համար ակնյայտ է դարձել, որ ռազմավարական լուծումը միակն է՝ որպէս քրիստոնեայ եւ ուղղափառ երկիր դառնալ Եւրոպայի շարունակութիւնն ու պատուարը՝ Նոր Բիւզանդիան, որը վաղ թէ ուշ անպայման լեզու կը գտնի իր սլաւոն եւ ուղղափառ հարեւանների հետ: Նման պայմաններում «փոքրիկ-չարաճճի» Հայաստանի կապանքների թուլացումն ու նրան համաքրիստոնէական ու համաեւրոպական ընդհանուր շահերի տարածաշրջանային սպասարկուի դերակատարութեան տրամադրումը վաղօրօք հաշուարկուած ու միանգամայն գիտակցուած քայլ է թւում:
Ամենեւին էլ չտառապելով «դաւադրութիւնների տեսութեամբ»՝ ոչ առանց հիմքի հակուած ենք պնդելու, որ ինչպէս ԽՍՀՄի փլուզման դարաշրջանում, այնպէս էլ անցած մէկ տարուայ ընթացքում Հայաստանը վերածուել է Արեւմուտքի հետ յարաբերութիւններում Ռուսաստանի համար նախընտրելի քաղաքակրթական բնորդի (մոդելի) փորձարկման հարթակի: Ուստի՝ մեզանում ծաւալուող քաղաքական բեմականացումների մակերեւոյթին յայտնուած «սորոսեան տիպ»ի խայտաբղետ դերակատարների առկայութիւնն ամենեւին էլ չի կարող քօղարկել այդ աւելի խորքային՝ քաղաքակրթական բնոյթ ունեցող գործընթացի սկզբնաւորումը, որի իրական նպատակները նոր են միայն բացայայտւում: Նրա բարեյաջող ընթացքն արդէն տեսանելի ապագայում մեծ շահաբաժիններ է խոստանում մեր երկրին, որն իր աւանդական՝ «քաղաքակրթական թթխմոր»ի դերը խաղալու պարագայում կարող է ընդմիշտ հրաժեշտ տալ դեռեւս 19րդ դարում հայոց քաղաքական արեւելումների բարդ թնջուկի խորքում ձեւաւորուած եւ շուրջ մէկ հարիւրամեակ Հայկական հարցը փակուղի մտցրած Արեւմուտք-Ռուսաստան անլուծելի հակադրութեանը (կոլիզիային):
Այլեւս անհնար է չնկատել 2018ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան խորքային կապը՝ շրջափուլերի (ցիկլերի) տեսքով դրսեւորուող՝ Ռուսաստանի արեւմտականացման պատմական անհրաժեշտութեան հասունացման նոր հանգրուանի հետ: Ուստի՝ Ռուսաստանի արժէքային կողմնորոշման գործընթացի սկզբնաւորման փաստը մեզ աստիճանաբար սկսել է ապահովել ոչ միայն մարտավարական զօրաշարժերի նոր հնարաւորութիւններով, այլեւ ընդհանուր շահերի նորացուած ընկալման վրայ հիմնուած՝ աշխարհայեացքային նոր մեկնակէտով: Քաղաքակրթական նոր տարածքում ուրուագծուող այդ ընդհանուր շահերն են միայն, որ մեզ թոյլ են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականութեան ասպարէզում նորովի իմաստաւորել հայկական կողմնորոշման գաղափարը: Քանզի նման պայմաններում «սառը պատերազմ»ի դարաշրջանին բնորոշ «կա՛մ-կա՛մ»ի պարտադրանքին մեր սեփական հակազդեցութիւնը՝ «ո՛չ Արեւելք, ո՛չ Արեւմուտք» բանաձեւը, շրջւում ու վերածւում է «ե՛ւ Արեւելք, ե՛ւ Արեւմուտք» սկզբունքի՝ շեշտակի կերպով ընդլայնելով Հայաստանի արտաքին գործընկերների շրջանակը:
Պատճառն ակնյայտ է. ժամանակին հայկական կողմնորոշման գաղափարի առանցքում առկայ համայնքային-փակ կեցութեանը բնորոշ՝ պաշտպանական գործառոյթը պետականութեան առկայութեան պայմաններում արդէն իսկ փոխակերպուել է հայկական քաղաքակրթութեանն ի սկզբանէ բնորոշ՝ համադրական գործառոյթի: Ուստի սեփական հողի վրայ այդ համադրութեան ու սինթեզի իրականացման առաջադրանքը կարող է ներդաշնակօրէն տեղաւորուել այն նոր քաղաքակրթական տարածքում, որն ուրուագծւում է Ռուսաստանի արեւմտականացման պատմական անհրաժեշտութեան համատեքստում: Դրանով պետականօրէն կազմակերպուած հայկական քաղաքակրթութիւնը ներդաշնակ երկխօսութեան հնարաւորութիւն է ստանում ԱՄՆում՝ իր սարոյեանների ու արշիլգորկիների, Եւրոպայում՝ ազնաւուրների ու միշելլեգրանների, Ռուսաստանում՝ այվազովսկիների ու վախթանգովների ձեւաւորած մշակութային ընդհանուր հենքի վրայ: Բայց այդ ամէնը մեզ չի զրկում նաեւ Չինաստանի, իսլամական աշխարհի ու մանաւանդ՝ Իրանի հետ աւանդական կապերի խորացման հնարաւորութիւնից:
Ներկայումս գլոբալ մակարդակի վրայ աննկատ կերպով թափ հաւաքող՝ քաղաքակրթական նոր տարածքի ձեւաւորման անկասելի ընթացքը՝ մի կողմից եւ մեր հարեւան Թուրքիայի՝ քաղաքակրթութիւնների կամուրջի վերածուելու փորձերի ձախողման ակնյայտ իրողութիւնը՝ միւս կողմից, մեր առջեւ ուրուագծում են ոչ միայն Ղարաբաղի (Արցախի-Խմբ.) հարցի արդարացի լուծման, այլեւ դէպի Արարատ դիմաշրջուելու եւ Հայկական հարցը վերաբացելու յուսատու ուղիները:
«ՎԷՄ»Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ