կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 14:00
Քաղաքական

«Հայկական վերածնունդը» չի հերքում ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը

«Հայկական վերածնունդը»  չի հերքում ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողներին ասաց, որ նոր ընտրակարգը տարբերվում է նախորդ ընտրակարգերից, հատկապես` քաղաքական ուժերի կայացման առումով: Ըստ նրա` Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս, որ ընտրությունները անցնեն ավելի հրապարակային, հնարավորինս զերծ լինեն այն թերություններից, որոնք եղել են:

Ալեքսանյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ, իսկ իրենց հետագա գործունեությունը կախված կլինի ընտրությունների արդյունքներից:

Հարցին` ինքը լինելո՞ւ է Հանրապետականի ցուցակում, Ալեքսանյանը պատասխանեց, որ այդ հարցը որոշում է կուսակցությունը, ինքն ամբիցիաներ չունի, իր ցանկությունը կապված է կուսակցության դիրքորոշման հետ:

Հանդիպմանը ներկա` «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն էլ նշեց, որ ՀՎԿ-ն ևս հավանաբար միայնակ կմասնակցի ընտրություններին:

Yerkir. am-ի հարցին` Լոռու մարզում ՀՎԿ ռեյտինգային ցուցակով արդյո՞ք առաջադրվելու է Արկադի Փելեշյանը, և, նախորդ ընտրությունները փորձը հաշվի առնելով, հնարավո՞ր է ՀՎԿ-ն ընտրություններից հետո կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, Առաքելյանն արձագանքեց. «Քաղաքական ուժերը դաշինքներ կազմում են ընտրություններից հետո. եթե քաղաքական ուժերը հավաքում են որոշակի ձայներ, ունեն որոշակի ծրագրեր, եթե այդ ծրագրերը կարող են իրականացնել տարբեր քաղաքական ուժերի հետ, կարող են դաշինք կազմել: Կոալիցիա կազմելը կախված է մեր ձայներից. ում հետ մենք կոալիցիա կկազմենք կախված կլինի մեր հավաքած ձայներից: Ինչ վերաբերում է Արկադի Փելեշյանին, ապա ասեմ` ամենայն հավանականությամբ, Արկադի Փելեշյանը կլինի Վանաձորում, սակայն վերջնական որոշումը կկայացնի կուսակցության բարձրագույն խորհրդի մարմինը»:

Նշենք, որ Արկադի Փելեշյանը հայտնի է իր քրեական պատմություններով: