Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 40 սփյուռքահայ ուսուցիչների՝ ուղեկցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի: Սփյուռքահայ ուսուցիչները համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:
Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ընդգծելով Հայ Եկեղեցու և մասնավորաբար Վեհափառ Հայրապետի կողմից հայապահպանությանն ուղղված լայնածավալ աշխատանքները:
Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծապես կարևորելով արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ նախաձեռնությունը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացներին դրական լիցքեր կհաղորդեն ուսուցիչներին` նոր ուժով և ավյունով շարունակելու իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ այս տարի Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ինչը վկայում է, որ նոր սերունդը գալիս է ստանձնելու ավագ սերնդի աստվածահաճո գործը:
Բարձր գնահատելով հայապահպանության գործում սփյուռքահայ ուսուցիչների դրսևորած նախանձախնդրությունը` Գարեգին Երկրորդ Հայրապետը շեշտեց, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության և կրթության համար:
Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև հետաքրքրվեց Սփյուռքում գործող հայկական կրթօջախներով և ուսուցիչներին հուզող խնդիրներով:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի ու քաջառողջ պահի մանկավարժներին՝ իրականացնելու իրենց սրբազան առաքելությունն ի սեր մեր աշխարհասփյուռ ժողովրդի: