Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
«Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպել է Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ:
Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա պատվիրակությանը՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետն անդրադարձել է երկու Եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև խոսել երկու ժողովուրդների ու երկրների միջև ձևավորված բարեկամական ու ջերմ կապերի մասին:
Իր հերթին Հայոց Հովվապետը հաստատել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա են դարավոր բարեկամության ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսևորվել են անգամ ամենադժվարին և բարդ իրավիճակներում:
«Մեր ժողովուրդների և Եկեղեցիների բազմադարյա բարեկամությունն արտահայտվել է ինչպես ուրախության, այնպես էլ վշտի պահերին: Մենք ուրախացել ենք մեր համատեղ ձեռքբերումներով և միասին պայքարել մեր բարեկամության և եղբայրության անխախտ պահպանման համար: Եվ մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ դրա լավագույն վկայությունն են: Մենք միշտ զգացել ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետի աջակցությունը», - ընդգծել է Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:
Անդրադառնալով արցախյան պատերազմին և հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին` Վեհափառ Հայրապետն իր եղբայրական երախտագիտությունն է հայտնել Ռուս Եկեղեցուն և նրա Հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար:
Նորին Սրբությունը նաև հավելել է. «Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ Սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Սակայն հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»:
Զրույցի ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը:
Հանդիպման ավարտին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական Եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Նորին Սրբության ծննդյան 70-ամյակի առիթով:
Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունն է հայտնել Կիրիլ Պատրիարքին` ընդգծելով. «Այս պարգևը դիտարկում ենք իբրև Ձերդ Սրբության հարգանքի և սիրո նշան մեր ժողովրդի և Եկեղեցու հանդեպ»։
Հույս հայտնելով, որ հետագայում ևս երկու Եկեղեցիների միջև հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, ինչպես նաև ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում` Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը նշել է.
«Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով:
Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար»:
Հոկտեմբերի 13-ին Հայոց Հայրապետը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: