կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 20:14
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի հայոց առաջնորդների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով  հանդիպում ունեցավ Եվրոպայի հայոց առաջնորդների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի երկրների Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների և առաջնորդական տեղապահների հետ։  Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Տեսակապի ձևաչափով հանդիպմանը մասնակցում էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Գուսան վարդապետ Ալջանյանը և Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Խորեն վարդապետ Առաքելյանը։

Իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով Եվրոպայի հայկական եկեղեցական կառույցները ներկայացնող հոգևորականներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց նման հանդիպումների պարբերաբար անցկացումը։ Նորին Սրբությունը ողջունեց ժամանակակից տեխնոլոգիաների գործածությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի հետ առցանց կապ հաստատելու այս հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ այն մեծապես պիտի նպաստի հոգևոր առաքելության առավել արդյունավետ իրագործմանը, Եկեղեցին հուզող հարցերի շուրջ քննարկումների ծավալմանը և փորձառության փոխանակմանը։ Հայրապետն օգտակար նկատեց Հայ Եկեղեցու ավանդույթների ու կանոնների շուրջ թեմերի վարչականների ու հոգևոր սպասավորների գիտելիքների խորացման նպատակով առցանց զանազան ուսուցողական ծրագրերի կազմակերպումը, որոնց իրագործման հարցում կարող են իրենց նպաստը բերել Մայր Աթոռի միաբաններն ու պաշտոնեությունը։

Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայի հայ համայնքներին, եկեղեցական կյանքին և առկա իրադրության մեջ եկեղեցականների հովվական առաքելությանն առնչվող մի շարք հարցեր։ Թեմակալ առաջնորդները Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին ներկա իրավիճակի, համավարակի կանխարգելման և հետևանքների հաղթահարման ուղղությամբ թեմերի և հայրապետական պատվիրակությունների կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Ուրախությամբ ծանուցվեց, որ առաջիկա ամիս հայկական եկեղեցիները Եվրոպայում կսկսեն լիարժեքորեն գործել՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները։ Այս կապակցությամբ մասնավոր քննության առարկա դարձավ Սուրբ Հաղորդության բաշխման ձևի հարցը։ Վերահաստատվեց, որ մինչև նոր տնօրինություն պետք է պահպանվի բաշխման ավանդական եղանակը՝ ապահովելով հիգիենիկ բոլոր կանոնները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց համավարակի պայմաններում հարենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերի մասին։ Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց այն թեմերին, որոնք իրենց նվիրատվություններով զորակցել են Մայր Աթոռի սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև իրենց երկրներում կազմակերպել օժանդակություն կարիքի մեջ հայտնված հայորդիներին։

Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքին՝ գոհունակությամբ տեղեկացնելով հունիսի 14-ին տաճարի կենտրոնական գմբեթի խաչի օծման և տեղադրման մասին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ խաչի զետեղումը Տիրոջ օրհնության և շնորհի նշան է, հույս առկա դժվարությունների հաղթահարման և կյանքի բնականոն ընթացքի վերականգնման։  

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգևոր դասին զորացնել ազգային-եկեղեցական կյանքը թեմերում և պատվիրակություններում՝ նպաստելով նաև ազգային ինքնության անխաթար պահպանմանը և հայ համայնքների պայծառությանը։ Հայոց Հովվապետը կարևոր նկատեց, որ եկեղեցականների հովվական աշխույժ աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր հայորդի ներգրավվի համայնքային և եկեղեցական կյանքում՝ այդպիսով ամրապնդելով իր կապը նաև Եկեղեցու, ազգի և հայրենիքի հետ։