Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում տեղի ունեցած վերադասավորումների, ներքաղաքական իրավիճակի, առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱՀ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:
-Պարոն Իշխանյան, արդեն կա՞ հաստատ որոշում, որ ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին առաջադրելու է սեփական թեկնածուին, թե՞ հնարավոր է որոշում կայացվի այլ թեկնածուի սատարելու մասին:
-Մենք նման որոշում, որպես այդպիսին, վերջնական դեռ չենք կայացրել: Արել ենք համապատասխան հայտարարություն, որի մեջ ամեն ինչ ասված է, մնացածը քաղաքական գործընթացներ են, իրավիճակը կթելադրի վերջնական որոշում կայացնելուն:
-Ինչո՞վ են պայամանվորված Արցախում վերադասավորումները՝ ոստիկանապետի և մնացած փոփոխությունները:
-Փոփոխություններ միշտ եղել են և այդ փոփոխությունները պայմանավորված են մեր առջև ծառացած մարտահրավերներով և նաև երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններով:
-Պարոն Իշխանյան, խոսակցություններ շրջանառվեցին, թե Լևոն Մնացականյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակելն օրենքի խախտումով է, այստեղ մամուլն էլ գրեց:
-Ես մամուլի մեկնաբանություններով չեմ առաջնորդվում և որևէ առումով նման տեսակետի չեմ հանդիպել:
-Նախագահական ընտրություններն Արցախում հաջորդ տարվա մարտին են տեղի ունենալու, բաց ընտրապայքարը, կարծես, արդեն իսկ սկսվել է, ինչո՞ւ այսքան շուտ:
-Այն որ նախընտրական քարոզարշավը, որպես այդպիսին, մեկնարկել է ավելի վաղ և որոշ քաղաքական ուժեր, նաև անհատներ, մտել են այդ գործընթացի մեջ, դրա մասին մենք տվել ենք համապատասխան գնահատական. այն է՝ ժամկետից շուտ այդ ոճով քաղաքական գործընթացներ ծավալելը որոշակի լարված մթնոլորտ է ստեղծում ներքաղաքական դաշտում: Բայց, ընդհանուր առմամբ, ընտրություններին նախապատրաստվելու գործընթացը գոնե մեր կուսակցական կառույցի համար Արցախում սկսվել է 2015 թվականի մայիսի 4-ից՝ նախորդ ընտրություններին հաջորդած օրվանից: Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերն էլ այդ մտայնությունն ունեն, պարզապես քարոզարշավի, ընտրությունների նախապատրաստվելու գործընթացի հնգամյա ժամանակահատվածում գրաֆիկական պատկերներով վայրիվերումներ լինում են: Այդ առումով, մենք ունենք մեր ձիգ կեցվածքը և նաև մեր ռազմավարությունը, մարտավարությունը, որով էլ առաջնորդվում ենք:
-Պարո՛ն Իշխանյան, հայտնի է, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը ստորագրահավաք էր սկսել Սահմանադրության մեջ փոփոխություն անելու համար, որպեսզի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին, դա պետք է խորհրդարան մտնի, խորհրդարանը հաստատի, այս հարցում ո՞րն է լինելու ՀՅԴ խմբակցության տեսակետը:
-Դաշնակցության դիրքորոշումը վերջնական կներկայացվի խորհրդարանի ամբիոնից և համապատասխան հիմնավորումները կհնչեն: Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնությանը, յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է օրենսդրական փոփոխություն նախաձեռնել, այլ խնդիր է, թե այն որքանո՞վ է համապատասխանում Սահմանադրությանը:
-Այս դեպքում համապատասխանո՞ւմ է:
-Ես ասացի՝ մեր տեսակետը վերջնական կփոխանցենք, բացի քաղաքականից կունենանք նաև իրավական գնահատական, կունենանք, նոր կհայտնենք: Համենայնդեպս, դեռ ժամանակ ունենք, կտրվեն համապատասխան և բացատրություններ, և մեկնաբանություններ, և գնահատականներ: Խորհդարանում քննարկումների ժամանակ Դաշնակցության հստակ տեսակետները կիմանաք: Մենք չունենք վարանումներ կամ անվճռականություն ցուցաբերելու միտումներ: Այն, ինչ-որ օրենքն է, ինչ ընդհանուր պահանջն է, մենք մեր ընդհանուր տեսակետները կներկայացնենք:
-Որևէ առարկություն ունի՞ Արցախի ՀՅԴ կառույցը Բաբայանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու տեսանկյունից:
-Մենք ունենք գործող Սահմանդրություն և օրենքեր: Այսօր դրանք թույլ չեն տալիս ոչ միայն պարոն Բաբայանին, այլև որևէ այլ մարդու, որ եթե չունի համապատասխան օրենսդրական պահանջներին բավարարող պայմաններ` առաջադրվելու և մասնակցելու նախագահական ընտրություններին, ուրեմն չի կարող, այսինքն՝ կան սահմանափակումներ: Այդ իսկ առումով` այդ նախաձեռնած ստորագրահավաքի միտումները, կարծես թե, այլ են:
Այդ ստորագրահավաքն արդեն ավարտվել է, պաշտոնական տեղեկատվությունը տրվել է, մոտ 17 հազար ստորագրություն: Կարող եմ ասել՝ մենք վարչական շրջաններում գործող մեր կուսակցական կառույցներից և խմբերից ստացել ենք համապատասխան տեղեկատվություն, որ բավականանին անհանգստացնող և մտահոգող գործելաոճով իրականացված ստորագրահավաք էր: Բայց դրա գնահատականը կտա ԿԸՀ-ն` համապատասխան ստուգումներից հետո, որից հետո համապատասխան նախաձեռնության հեղինակները կներկայացնեն խորհրդարան:
-Կմանրամասնեք՝ ի՞նչ անհանգստացնող ազդակներ եք ստացել ստորագրահավաքի հետ կապված:
-Դեռ ունենք բավական ժամանակ և հնարավորություններ մեր տեսակետները փոխանցելու համար, եկեք ժամկետից շուտ քայլեր չանենք, գնահատականներ չտանք:
-Պարո՛ն Իշխանյան, ՀՀ-ն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Արցախում նախագահական ընտրությունների վրա:
-Շատ նուրբ և հետաքրքիր հարց է: Հայաստանի և Արցախի իշխանությունները միշտ էլ այս կամ այն համապետական ընտրություններում ունենում են միմյանց վրա ազդեցություն և փոխգործակցություն: 90-ական թվականներից սկսած առ այսօր հայկական երկու հանրապետությունների համապետական ընտրություններում կարողացել են կողմերը միմյանց հետ համապատասխան քննարկումներ ունենալ, բայց վերջնական արդյունքների որոշողը լինում է ժողովուրդը. ընտրությունների արդյունքներն ամփոփվում են համաժողովրդական ընտրությունների արդյունքով:
-Նշմարվո՞ւմ է արդեն, արդյոք ՀՀ իշխանություններն ունեն ցանկալի նախագահի թեկնածու Արցախում:
-Որպես այդպիսին մենք դեռ լիարժեք քարոզարշավի մեջ չենք մտել: Ես համարում եմ, որ բոլոր հավանական թեկնածուները, որոնց անունները շրջանառվում են, մինչև չունենան համապատասխան առաջադրումներ, այդ մասին խոսելն անիմաստ է: