Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրատես»-ը գրում է․ «Արդեն ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին խմորումները, թևերի բաժանումները փաստ են։ Խմորումների մասին երեկ խոսել է Սասուն Միքայելյանը։ Ընդամենը մեկ տարի առաջ կուսակցության վարչության նախագահ և այս կուսակցության հիմնադիր Միքայելյանն անգամ վարչության անդամ չընտրվեց (հասկանալի է՝ ում հրահանգով)։ Սասուն Միքայելյանը երեկ բավական ուշագրավ դիտարկում է արել իրեն կուսակցության լուսանցքում թողնելու առնչությամբ։ Նա Նիկոլ Փաշինյանին ակնարկել է, որ իր` վարչության նախագահ եղած ժամանակ են քաղաքական հաղթանակ տարել, իսկ հիմա պետք է «թավշյա հեղափոխությունից դասեր քաղել, այլապես թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»։
Սա ինչ-որ առումով նաև որպես սպառնալիք է հնչում, ավելին, ապացուցում է, որ միքայելյանական թևը դժգոհ է իշխանության քաղաքականությունից ու պահանջում է դասեր քաղել, սակայն երևում է՝ նրան լսող չկա։ Ուշագրավ մեկ այլ հանգամանք էլ կա, որը լավագույնս է ցուցանում, որ Փաշինյանի և Միքայելյանի գլուխները չեն կարող նույն կաթսայում եփվել։Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է. «Իրավապահ համակարգի ամենակարևոր առաքելությունն անցյալի առաջ, բառիս նաև փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է և ապագայի առաջ կանաչ լույս վառելը և պաշտպանված, իրավական ապագայի հասանելիությունն ապահովելը»։ Փաստորեն, վերստին Փաշինյանը մերժում է այն ամենը, ինչ անցյալում եղել է, գծում է հերթական անջրպետը, որը գնալով ոչ միայն խորանում է, այլև նախկինի հետ հատվող բոլոր ճանապարհներն այրում։
Նրան պատասխանում է մերժված Սասուն Միքայելյանը. «Այս տարիներին համակարգ է ձևավորվել, և մարդիկ կան, որ ենթարկվել են այդ համակարգին, իրենց նորմալ են պահել, աշխատել են։ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք։ Հասկանու՞մ եք, բոլորս էլ գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո մարդկանց ստիպել են աշխատել էդ ձևի»։ Եվ իսկապես, այդ նախկին համակարգի «ծնունդ» է նաև Սասուն Միքայելյանը, որը ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր թիմակիցն էր ու այսօր Փաշինյանին ճիշտ հարցադրում է անում. «Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք»։
Պարզվում է՝ Միքայելյանը լավ չի հասկացել Փաշինյանին՝ մարդուն են փոխում այնպես, ինչպես իրեն դուրս դրեցին կուսակցության վարչությունից, իսկ հետագայում՝ գուցե նաև կուսակցությունից։Ի դեպ, Սասուն Միքայելյանը պետք է հետևություն անի նաև այն փաստից, որ կուսակցությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը երիտասարդ, ճանապարհ չանցած մարզպետին ավելի մեծ տեղ տվեցին, քան իրեն՝ կուսակցության հիմքում կանգնած, հեղափոխության սյուն դարձած, արցախյան ազատամարտում կռված, անգամ ազատամարտը հեղափոխությանը ստորադասած Սասուն Միքայելյանին։
Հանրագումարում՝ Ռոմանոս Պետրոսյանին դարձրին վարչության անդամ, իսկ Միքայելյանին թողեցին շարքային կուսակցականի կարգավիճակում։ Այնպես որ, արցախյան ազատամարտն անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումն է, Սասուն Միքայելյանի ներդրումն էլ ազատամարտում ոչ ոք փորձ չարեց նսեմացնելու, բացի իրենից, ուստի պատասխան հարվածը չուշացավ։ Ինչպես ասում են՝ հետևություններ անելու ժամանակն է»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: