Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի մի խումբ սպաներ անանուն նամակ են հղել «Ենի մուսավաթ»-ի խմբագրություն: Դա նրանց երկրորդ դիմումն է նույն լրատվամիջոցին: Այս անգամ սպաները բողոք են հայտնել, որ պաշտպանության նախարարությունում «բարձր պաշտոն են զբաղեցնում էթնիկները»: Խոսքը ոչ ադրբեջանցիների մասին է, որոնք, նամակի հեղինակների կարծիքով, չեն կարող «ազերի թուրքերի հայրենասիրությունն ունենալ»:
Ռազմական ուսումնարանի սպաները խիստ քննադատության են ենթարկել ՊՆ մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուին եւ նրան համարել մեկը, որ «երբեք զինվորական ծառայություն իսկ չի անցել, ավարտել է նախադպրոցական կրթության եւ մեթոդիկայի բաժինը, բայց 4 տարում 3 անգամ աստիճանի բարձրացում է ունեցել` դառնալով գնդապետ»:
Ավելի վաղ Սաբիրօղլուն «ոչ տղամարդկային» էր որակել այն սպաների վարքը, որ «չեն համարձակվում հրապարակել իրենց անունները, այլ պատի հետեւից են քար նետում»: Ուսումնարանի սպաներն այդ առթիվ ասում են. «Մի քանի օր առաջ Բեյլագանի զորամասի սպաները տեսադիմում էին հղել գերագույն գլխավոր հրամանատարին: Եվ ի՞նչ: Այսօր քրեական գործ նրանց դեմ է հարուցվել: Սա՞ է ՊՆ «տղամարդկությունը»: Մենք դեռ ադրբեջանական ժողովրդին կարող ենք պետք գալ, դրա համար էլ թաքցնում ենք մեր ինքնությունը»:
Այնուհետեւ «Ենի մուսավաթ»-ին դիմած զինվորականները մեկ առ մեկ թվարկում են այն հողատարածքները, որ նախկինում պատկանել են ՊՆ-ին, բայց հետագայում Սաֆար Աբիեւի կողմից կամ յուրացվել եւ դարձել են «էլիտար շինարարության հարթակ, կամ վաճառվել»: Նրանց հաշվարկներով` պաշտպանության նախարարը վերջին տարիներին միայն Բաքվում սեփականացրել կամ վաճառել է 100 հեկտար տարածք:
«Էլ չենք խոսում, թե շրջաններում նա ինչքան հող է յուրացրել», գրում են անանուն սպաներն ու ավելացնում. «Շատ զորամասերի ուսումնավարժական տարածքներում այսօր ՊՆ պաշտոնյաները եւ զորամասերի հրամանատարները ցորեն են ցանում»: Սպաները գրում են նաեւ, որ Սաֆար Աբիեւը «վերացրել է ՊՆ առեւտրի վարչությունը, որպեսզի բոլոր ծառայողները զրկվեն էժան ապրանք գնելու հնարավորությունից»: Նրանց ասելով, փոխարենը «պաշտպանության նախարարը բանակի պարենային մատակարարման մրցույթներում իր սեփական կամ մերձավորների հիմնադրած առեւտրական կազմակերպություններին է հաղթող ճանաչում: Նայեք, թե որտեղի՞ց եւ ի՞նչ որակի սննդամթերքներ է ստանում բանակը», բազմանշանակ ասում են ռազմական ուսումնարանի սպաները:
Իր տրամադրության տակ հայտնված նամակը հրապարակելուն զուգահեռ «Ենի մուսավաթ»-ը վերստին մեկնաբանություններ է խնդրել ՊՆ խոսնակ Էլդար Սաբիրօղլուից: Հերքելով Սաֆար Աբիեւին վերագրվող մեղադրանքները, Սաբիրօղլուն ասել է, թե իր համար «պարզ է, ինչ աղբյուրից են հրահրվում նման սադրանքները», ինչին թերթի թղթակիցն արձագանքել է. «Դուք նկատի ունեք գլխավոր շտաբի պետի՞ն»: «Ես անուններ չեմ նշում, կարծում եմ` ում նկատի ունեմ, իրենք կհասկանան»,- պատասխանել է ՊՆ խոսնակը:
Ըստ էության` Սաբիրօղլուն չի հերքել, որ պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի միջեւ սուր հակասություններ կան, եւ «կոմպրոմատների պատերազմն» արդեն դարձել է հանրության սեփականությունը: Ադրբեջանում «լայն թափով» ծավալվում է զինկոմիսարիատներում «կոռուպցիայի դեմ պայքարը»: Արդեն իսկ մի շարք զինկոմներ պաշտոնազրկվել են, կան ձերբակալվածներ: Այդ ամենը, սակայն, արվում է գլխավոր շտաբի պետի դեմ Սաֆար Աբիեւի սկսած արշավի շրջանակներում, քանի որ զորակոչի եւ նորակոչիկների տեղաբաշխնան գործը մինչեւ վերջերս ղեկավարվել է գլխավոր շտաբի պետի կողմից: Վերջինս էլ, ամենայն հավանականությամբ օգտագործելով իր լծակներն ու համախոհների հնարավորությունները, անցել է հակագրոհի եւ մեկ առ մեկ բացահայտում է Սաֆար Աբիեւի մեքենայությունները:
Իրավիճակն այնպիսին է, որ ժողովրդական լեզվում բնութագրվում է «երկու գլուխ մի կաթսայում չի եփվի» այլասացությամբ: Ակնհայտ է դառնում, որ Իլհամ Ալիեւը երկուսից մեկին պետք է զոհաբերի կամ երկուսին էլ միաժամանակ հեռացնի զինված ուժերից: Բայց կունենա՞ նա այդքան քաջություն: Թերեւս` ոչ: Բայց դա փրկություն չէ, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է, որ դժգոհ սպաները խռովություն կազմակերպեն եւ միանգամից լուծեն անգործունակ «գերագույն գլխավորի» հարցը: