կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-27 15:08
Հասարակություն

Մեր քաղաքացիները փոքր-ինչ չափազանցնում են. Ռոմանոս Պետրոսյանը` բողոքի ակցիա իրականացնող եղվարդցիների մասին

Մեր քաղաքացիները փոքր-ինչ չափազանցնում են. Ռոմանոս Պետրոսյանը` բողոքի ակցիա իրականացնող եղվարդցիների մասին

Մեր քաղաքացիները փոքր-ինչ չափազանցնում են. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի քանի եղվարդցիներին:  

«Մեր քաղաքացիները փոքր-ինչ չափազանցրել են այն, ինչ ասել են: Նախ` դա հանրակացարան չէ, դա մասնավոր ընկերությանը պատկանող տարածք է, որը շուրջ մեկ տարի, բառի բուն իմաստով, զավթել էին մեր հայրենակիցները և, որպես ազատ տարածք, տնավորվել»,- հայտնեց մարզպետը` հավելելով, որ  տարածքը պատկանում է «Էլլիպս» ընկերությանը, այն ոչ թե հանրակացարան է, այլ արտադրական տարածք, ու այս մեկ տարվա ընթացքում իրենք բնակիչների հետ քննարկել են այլընտրանքներ: «Համայնքի ղեկավարն ինքը պարտավորվել է, որ այդ ընտանիքներին թիրախային լուծումներ կառաջադրի»,- մանրամասնեց նա:

Մարզպետը նաև բացատրեց, որ 6 ընտանիքի լուծումներ առաջարկվելու են, բայց նրանք կոմպրոմիսի չեն գալիս ու պնդում են, որ իրենք ուզում են այդ տարածքում ապրել՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է այդ տնտեսվարողը ունենա մեծ տարածքներ, իսկ իրենք արևի տակ ծածկ չունենան:

«Տնտեսվարողի օրինական պահանջն է պետությունից` ակնկալել իր գույքի անձեռնմխելիության երաշխիքները: Շուրջ 6 ամիս ժամանակ էր տրված, ևս 6 ամիս իմ միջնորդությամբ է տրվել, որ գան, բանակցենք, բայց ցավով եմ նշում՝ մեր քաղաքացիները հրաժարվել են բոլոր տեսակի լուծումներից: Մենք նրանց առաջարկել ենք 2-3 ամսվա բնակվարձերը փոխհատուցել, բայց նրանք միանշանակորեն մերժում են այդ առաջարկները և պարզապես տուն են պահանջում», - ասաց Պետրոսյանը` միաժամանակ հերքելով նաև քաղաքացիներից մեկի այն պնդումը, թե իրեն ծեծելով են դուրս բերել տարածքից, ըստ մարզպետի` քաղաքացիները դուրս են բերվել տարածքից ոստիկանության ուժերի կողմից:

Պետրոսյանը նաև շեշտեց, որ իր խորհրդականը Եղվարդ համայնքի ղեկավարի հետ այս պահին քննարկում է այդ ընտանիքներին այս վիճակից դուրս բերելու հնարավոր ճանապարհները:

«Բայց այդպիսի պահանջով կառավարության առջև գիշերելով ու ուլտիմատումով, որ` մեզ տուն տվեք կամ չենք գնում այստեղից, ես ճիշտ չեմ համարում», - շեշտեց նա:

Մարզպետը նաև անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Կոտայքի մարզում ազդեցության համար պայքար է ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, այնտեղից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի ու  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև։

Հավելենք, որ պատգամավորների նմանատիպ հարցին մարզպետ Պետրոսյանը, ըստ էության, չէր պատասխանել, միայն նշել էր, որ ինքն առաջնորդվում է քաղաքացու շահերով։

Սակայն Պետրոսյանը  շարունակում է պնդել Աբովյանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հնչեցրած տեսակետները, որ մարզում կլանային կառավարում է իրականացվում նաև հիմա։ «Աբովյանում դեռևս, ցավոք, ունենք կլաններին սպասարկող տեղային կառավարում, որը վերարտադրվեց»,– նշեց մարզպետը, որի աջակցած թեկնածուն այնտեղ պարտվել էր ԲՀԿ գործող քաղաքապետին։

Ինչ վերաբերում է Հրազդանի խնդրին, որտեղ Սասուն Միքայելյանի որդին է քաղաքապետ ընտրվել` առանց ՔՊ աջակցության, Պետրոսյանն ասաց, որ որևէ անձնական խնդիր չունեն, աշխատում են մյուսների պես։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նրանց հարցերին պատասխանեց նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա մասնավորապես շեշտեց, որ կան համայնքապետեր, որոնք դեռ հին համակարգի, արժեհամակարգի կրողներն են, և նրանցից ակնկալել նոր տրամաբանության մեջ աշխատանք, համենայն դեպս, անիմաստ է, որովհետև նրանք նոր փոփոխությունների կրողները չեն:

Հարցին՝ ինչի՞ն է դա վերաբերում՝ կոռուպցիա՞, թե՞ այլ, Ղուկասյանը պատասխանեց, որ օրենքի հետ խնդիրների դեպքում այդ համայնքների ղեկավարների հարցերով զբաղվում են իրավապահները։ Իսկ թե այդ դեպքում ինչի մասին է խոսքը, նա նշեց, որ այդ համայնքապետները համահունչ չեն քայլում նոր իրողություններին։

Մարզպետի խոսքով`համայնքների ղեկավարները ընտրված պաշտոնյաներ են, և նրանց հրաժարականը կարող են պահանջել միայն նրանց համայնքների բնակիչները։ «Շատ լավ կլինի, եթե համայնքապետերին հանրաքվեներով հետ կանչելու հնարավորություն լինի», - նշեց նա:

Խոսելով արդեն հստակ օրինակներով, թե ինչ պետք է անեն այդ համայնքապետերը, որ չեն անում, մարզպետը պատասխանեց. «Ներդրողների համար խոչընդոտներ են առաջացնում՝ առաջնորդվելով նախկին մեխանիզմներով: Այդ դեպքում ես անձամբ եմ շփվում ներդրողների հետ, իսկ համայնքապետերը կարող են խոչընդոտներ հարուցել, օրինակ` հողատարածքների դեպքում, ասել, որ չունեն և այլն»: