կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 17:15
Քաղաքական

«Անգիրիզմ»- ը փոքրացնում ու նեղացնում է երեխաների գիտելիքների ծավալը. Սրբուհի Գրիգորյան

«Անգիրիզմ»- ը փոքրացնում ու  նեղացնում է երեխաների գիտելիքների ծավալը. Սրբուհի Գրիգորյան

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը մտահոգիչ է համարում, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքներից ցածր ցուցանիշներ են գրանցվել: Նշենք, որ դիմորդների մոտ 20 տոկոսն անբավարար միավոր էր ստացել:

Ըստ նրա` եթե մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկաներից նման ցուցանիշներ գրանցվեին, թեև դա էլ է խնդիր, բայց որ մայրենիի նկատմամբ այսպիսի վերաբերմունք ունենք, դա արդեն լուրջ է: Շեշտում է՝ «անգիրիզմը» փոքրացնում ու  նեղացնում է երեխաների գիտելիքների ծավալը:

Ինչ վերաբերում է շտեմարաններին, ապա, մեր զրուցակցի կարծիքով, պետք է վերջ տալ դրանց: «Փորձը ցույց է տալիս, որ երեխաները մեխանիկորեն են նշում կատարում: Թեստային համակարգը բուհերից աստիճանաբար պետք է հանել: Դա ամերիկյան մեխանիզմ էր, որ մտավ կրթական համակարգ ու մնում է մինչ օրս: Ինքս առաջին թեստ հանձնող դիմորդներից եմ եղել ու ասեմ՝ որ այն ժամանակ չգիտեինք, թե ինչ հարցեր են մեզ սպասվում: Իսկ այս դիմորդները գիտեն բոլոր հարցերն ու «անգիրիզմ»-ով են առաջնորդվում: Հետքայլ չի լինի, եթե վերանայենք նախկին կրթական համակարգն ու անցնենք դրան»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Նաև հավելեց. «Մարզերում, օրինակ, լրագրողը կոնկրետ մի ոլորտ չի լուսաբանում: Նա մեկ գյուղատնտեսություն է լուսաբանում, այնուհետև` արդյունաբերություն, հետո` կրթություն ու մշակույթ: Եթե մենք շտեմարանային ձևով սովորեինք, ես` ինքս, որ տևական ժամանակ Սյունիքի մարզում լրագրությամբ եմ զբաղվել, այդքան բան չէի կարող իմանալ, ու որպես լրագրող` դժվար կլիներ ոլորտից ոլորտ տեղափոխվել»: