Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարավային Կովկասում ցանկացած տեսակի անհանգստություն ու լարվածություն ձեռնտու չէ ոչ միայն տվյալ երկրին, այլ նաև հարևան երկրիներին, այս պարագայում` Հայաստանին. այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը` անդրադառնալով վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ինչ վերաբերում է իրադրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման արտահայտմանը, փորձագետն ընդգծում է, որ այս դեպքում խոսքը մեզ համար բավականին մեծ կարևորություն ունեցող երկու երկրների`Ռուսաստանի և Վրաստանի մասին է: «Մեր ելքը դեպի ռուսական շուկա անցնում է Վրաստանով, բայց կարծում եմ` 2 երկրներն էլ, Հայաստանն էլ գիտակցում են, որ մեզ համար բավական կարևոր է պահպանել չեզոքությունը և հանգստությունը, որպեսզի ինչ-որ առումներով Հայաստանը չտուժի այս կոնֆլիկտից: Չեմ կարծում, որ այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ դրանից տուժեն հայ-ռուսական կամ հայ-վրացական հարաբերությունները: Ամեն դեպքում վերջին տարիների աշխատանքը լծված է նրան, որ մենք չունենանք այս շատ կարևոր երկրների հետ որևէ խնդիր»,- նշեց Մելիքսեթյանը:
Դիտարկմանը`մամուլում լուրեր են շրջանառվում, որ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման պարագայում Ռուսաստանը կսկսի առավել արժևորել Հայաստանի հետ հարաբերությունները, փորձագետն արձագանքեց. «Մենք Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից ենք: Այսինքն` այնպիսի երկիր ենք, որի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում ենք համագործակցում և այլն, բայց մեր հարաբերություններն ի բնե տարբերվում են Վրաստանի հետ հարաբերություններից: Կարծում եմ և՛ Ռուսաստանում, և՛ Վրաստանում շատ լավ գիտակցում են իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի դիրքն այնտեղ»,- պարզաբանեց Հասմիկ Մելիքսեթյանը:
Ըստ նրա` այս պահին Հայաստանի ամենաճիշտ դիրքորոշումը ձեռնպահ մնալն է: «Անկախ նրանից` դա կլինի Վրաստանում, թե որևէ այլ տեղ և առավել ևս` Վրաստանում, մենք պիտի լինենք հնարավորինս չեզոք, երբ թեման կապված է Ռուսատանի հետ: Այնտեղ աչքի ընկնելը կարող է ինչ-որ պահի մեր դեմ դուրս գալ»:
Հարցին`այնուամենայնիվ, ճիշտ չի՞ լինի Հայաստանի կողմից երկու կողմերին էլ կոչեր հղելը, փորձագետը պատասխանեց, որ ինքը հստակ չի պատկերացնում, թե ինչպիսի հայտարարություն պիտի անի Հայաստանը, որ համարժեք լինի երկու երկրների համար: «Դա պետք է թողնել մեր արտաքին գործերի նախարարությանը կամ երկրի ղեկավարությանը, որոնք եթե ճիշտ համարեն, որ ինչ-որ ձևով կոչ պետք է անեն, ապա կանեն: Փորձը ցույց է տալիս, որ մյուս երկրներն էլ աշխատում են գրեթե չխառնվել` մինչև հասկանան, թե ինչ է կատարվում»,- նշեց Մելիքսեթյանը` շեշտելով, որ Հայաստանի համար շատ կարևոր է Վրաստանում կայունությունը, քանի որ կայուն Վրաստանը կայուն Հայաստանի ցուցիչ կարող է լինել, և ընդհակառակը`Հայաստանում կայունությունը հարևան Վրաստանի համար էլ կարևոր ձեռքբերում պիտի լինի: