Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր տեղի ունեցած մրցույթի ժամանակ բուհի ռեկտոր ընտրվեց կինոգետ Դավիթ Մուրադյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ բուհի խորհրդի անդամների թիվը 24-ն է, որոնցից երկուսն այսօր ներկա չէին ընտրությանը: 1 թերթիկ անվավեր է ճանաչվել, ձայների` 1 դեմ, 19 կողմ հարաբերակցությամբ էլ Մուրադյանն ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում:
Մշակույթի նախարարի կարծիքով` Մուրադյանի ծրագրում կարևոր մի հատված կա, որն իրեն շատ է դուր եկել: «Մուրադյանը հստակ մի բան ասաց ` մենք չենք սահմանափակվում այն տարիներով, որով ուսանողները սովորում են այս բուհում, այսինքն` հետբուհական կրթության հարցը բարձրացրեց, ինչը շատ կարևոր է, քանի որ ժամանակի մեջ բոլոր մասնագիտությունները վերանայման և որոշակի ճշգրտումների անհրաժեշտություն ունեն, և կարծես թե մենք դրան լուրջ անդրադարձ չենք կատարել: Բուհի ռեկտորի այդ պատրաստակամությունը` անդրադառնալ այդ խնդիրներին և հետամուտ լինել` մինչև բուհ ինչպես են կրթական համակարգն անցնում, բուհում ինչպես է իրացվում և հետբուհական շրջանը, որը վերապատրաստումների և վերաորակավորումների հարցն է լուծում, հրաշալի միտք է»,- ասաց Պողոսյանը:
Նախարարը նշեց նաև, որ շատ կարևոր է բուհի նյութատեխնիկական բազայի թարմացումը, քանի որ կինոաշխարհ կամ թատերական ոլորտ մտնող մարդը չի կարող առնչություն չունենալ արտադրական գործընթացի հետ:
Նա կարևորեց նաև Մուրադյանի առաջարկը` ստեղծել ուսանողական թատրոն: Պողոսյանի կարծիքով` հիանալի գաղափար է, քանի որ անհրաժեշտ է, որ հնարավորություն տրվի երիտասարդներին օգտագործելու իրենց ուժերը:
Ինչ վերաբերում է դեռ նախկին ռեկտորի` վաղամեռիկ Արմեն Մազմանյանի օրոք ծագած ֆինանսական խնդիրներին /որոնց մասին իմացվեց միայն վերջերս/, ապա, նախարարի հավաստմամբ, հարցը հիմնականում լուծված է, շատ չնչին հատված է մնացել, որ բուհի պարտքը փակվի, ամենադժվար մասը ինստիտուտը կարողացավ հաղթահարել կառավարության աջակցության միջոցով:
Իսկ թե ինչո՞ւ երկրորդ թեկնածուն չկար, նախարարը պատասխանեց, որ «ինչու»-ի պատասխանը չունի. «Կարծում եմ, որ թեկնածուները մտածել են, թե Մուրադյանն ամենահավանականն է, քանի որ ոլորտում բարի վերաբերմունք կա ձևավորված նրա հանդեպ, Մուրադյանի կերպարը որևէ մեկի մոտ հարցադրումներ չի առաջացնում: Նա, ըստ էության, բոլոր ոլորտներն իր մեջ միաբանում է` և՛ գրականության, և՛ թատրոնի, և՛ կինոյի մարդ է: Համենայն դեպս, որևէ արգելք չկար` դիմում ներկայացնելու: Երևի իրենք իրենց համար կշռադատել և որոշել են չմասնակցել»: