կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-13 14:40
Հասարակություն

Ես պատրաստ եմ ՍԴ նախագահ լինել, բայց այդ հարցը լուծում են միայն դատավորները. Վահե Գրիգորյան

Ես պատրաստ եմ ՍԴ նախագահ լինել, բայց այդ հարցը լուծում են միայն դատավորները. Վահե Գրիգորյան

ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը պատրաստ է ՍԴ նախագահ լինել, բայց, ըստ նրա, այդ հարցը լուծում են միայն դատավորները. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց. «Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք` հեռանկարում էդպես են ասում: Ովքե՞ր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու: Ես պատրաստ եմ, այո´»:

Նա անդրադարձավ նաև դիտարկմանը, թե, որոշ տեղեկությունների համաձայն, դատարանների դռները փակելու գաղափարը եղել է իրենը: «Դա իմ ոճը չէ, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց դա իմ ոճը չէ: Եթե ինձ հետ պատահի նման բան, ես պիտի խնդրեմ` մուտքը բացեն, առաջին հերթին խոսելու եմ մարդկանց հետ: Դա պրակտիկա չէ, ամեն օր չեն գնում խանգարեն դատավորներին: Սա վերջին 2,5 տասնամյակի ընթացքում դատական իշխանության նկատմամբ արտահայտված վերաբերմունք է: Ես դրա մեջ հնարավորություն եմ տեսել, որպեսզի դատավորները խոսեն մարդկանց հետ: Պիտի ողջունեմ դատավորներին, որոնք դրանից չեն սարքել մեծ գլխացավանք, մտել հալածյալի կերպարանքի մեջ: Կան նաև դատավորներ, որոնք սուր են ընդունել, դա էլ չեմ քննադատում»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելուն, ապա նա ընդգծեց, որ ինքը եթե ընտրվի էլ, դեռ իրավասու չի լինելու որոշմանը մասնակից դառնալ:

Հարցին` այնուամենայնիվ, կո՞ղմ է վարույթ ընդունելուն, թե՞ պետք է մերժվի, Գրիգորյանը պատասխանեց. «Դա պիտի մերժվեր, դա պիտի արդեն մերժված լիներ: ՍԴ ներկայացվել է մի դիմում, որը հիմա վիճարկման փուլում է, ցանկացած պահին կարող է վերացվել, եթե ՍԴ-ն վերացրեց որոշումը, դիմումը վերացված է, բոլորի համար պարզ է, որ ՍԴ-ն, այլ տարբերակ չգտնելով, մերժել է»: