կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-12 17:54
Իրավական

Քոչարյանը որոշեց հրաժարվել Փաշինյանի դեմ հայցից. վաղը դիմումը գրավոր կներկայացվի դատարան

Քոչարյանը որոշեց հրաժարվել Փաշինյանի դեմ հայցից. վաղը դիմումը գրավոր կներկայացվի դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին:

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ` թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում` անձեռնմխելի: Այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Մոտ մեկ ժամ հետո դատավորն առաջարկեց դատական նիստը հետաձգել և նախնական նիստի օրը նշանակել հոկտեմբերի 30-ին: Հայկ Ալումյանը կարճ ընդմիջում խնդրեց՝ ասելով, որ որոշ բաներ պետք է ճշտի: Ի դեպ, դատավորը ռեպլիկի կարգով հարցրեց, թե հնարավո՞ր է հայցադիմումից հրաժարվեն: 

Ալումյանի` դատարանի դահլիճ վերադառնալուց հետո պարզվեց, որ դա միանգամայն հնարավոր է: «Եթե մեր դատավարական հակառակորդը աներկբա հայտարարի, որ, այս հայտարարությունն անելով, պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»,- ասաց փաստաբանը՝  հավելելով, որ իր վստահորդի տեսակետն այս առնչությամբ ճշտված է:

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը:

Դատավոր Լիլիթ Սարգսյանն առաջարկեց դատական նիստը նշանակել վաղը` ժամը 14.00-ին՝ պայմանով, որ հայցվոր կողմը հրաժարվելու է հայցադիմումից, և դրա վերաբերյալ որոշումը գրավոր ներկայացնելու  դատարան: