կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-07 19:55
Տնտեսական

Մենք մարդուն աշխատանք պետք է տանք և մաքսիմալ պայմաններ ստեղծենք.վարչապետը` Վայոց ձորում

Մենք մարդուն աշխատանք պետք է տանք և մաքսիմալ պայմաններ ստեղծենք.վարչապետը` Վայոց ձորում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 16.544 մլրդ դրամ, գյուղատնտեսականը՝ 23.8 մլրդ դրամ, առևտրաշրջանառությանը՝ 7.3 մլրդ դրամ, ծառայություններինը՝ 8.3 մլրդ դրամ, շինարարությանը՝ 37.8 մլրդ դրամ: 2017 թ. ներդրումների ծավալը կազմել է 104.5 մլրդ դրամ, ստեղծվել է 910 հիմնական և 943 ժամանակավոր աշխատատեղ: 2018 թ. աշխատանքային ծրագրով նախատեսվում է 64.816 մլրդ դրամ ներդրում և 1400 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղի ստեղծում:

Հաշվետու տարում մասնավոր հատվածում կատարվող ներդրումները կազմել են 100 մլրդ 353 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է 55 մլրդ 236 մլն դրամի ներդրում՝ հանքարդյունաբերության, կաթի ու կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման ու չրերի արտադրության, տեքստիլ արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Վարչական ռեգիստրի ինստիտուտի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքների համակարգման խումբ, որն զբաղվելու է համայնքներից վիճակագրական տվյալների հավաքագրմամբ և տարբեր գերատեսչություններին տեղեկատվության տրամադրման հարցերով:

Անդրադառնալով 2017 թ. համայնքային ցուցանիշներին՝ մարզպետը նշել է, որ մարզի 8 համայնքների տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 1 մլրդ 836,4 հազ. դրամ, որը նախատեսվածից ավելի է 18.5 մլն դրամով (101 տոկոս), սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 726,6 մլն դրամ (100,9 տոկոս): 2016 թ. համեմատ 2017 թ. սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 147.0 մլն դրամով: Մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամտային մասի ընդամենը եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 952,7 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները` 889,1 մլն դրամ: 2018 թ. համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017 թ. համեմատ նախատեսվել է հավաքագրել 172.5,0 մլն դրամով ավելի:

Վարչապետը նշել է, որ Վայոց ձորի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտը չի համապատասխանում այն հնարավորություններին, որոնք առկա են մարզում և պետք է հետևողական աշխատել այդ ցուցանիշները համադրելի դարձնելու, ինչպես նաև բնակչության զբաղվածությունն ավելացնելու ուղղությամբ: «Վայոց ձորն իր բոլոր՝ սոցիալական, տնտեսական, բիզնես խնդիրների ամենաարագ լուծվող մարզերի դասին պետք է պատկանի, որովհետև իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի: Մենք մարդուն աշխատանք պետք է տանք և մաքսիմալ պայմաններ ստեղծենք: Վայոց ձորը կոմպակտ տեղ է իր հողով, գյուղատնտեսությամբ, և մենք շատ արագ բոլորին աշխատատեղով ապահովելու պոտենցիալ ունենք», - ասել է կառավարության ղեկավարը: 

Անդրադառնալով աղբահանության մասով կատարված աշխատանքներին՝ ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ Վայոց ձորի մարզում կա ընդհանուր 894 սուբյեկտ, 2017 թ. առ այսօր պայմանագիր է կնքվել 615 տնտեսվարող սուբյեկտի հետ: Վարչապետը հանձնարարել է մինչև մարտի վերջ արագ ավարտին հասցնել գործընթացը և բոլոր սուբյեկտների հետ կնքել պայմանագիր: Նշվել է, որ 2017 թ. աղբահանության վճարներից գանձումը կազմել է 43,5 մլն դրամ, սանմաքրման և աղբահանության ծախսը կազմել է 153,6 մլն դրամ, որից 65,7 մլն դրամն ուղղվել է աղբահանությանը:

Աղբահանության համար հավաքագրված գումարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսերի 66,2 տոկոսը (ընդհանուր ծախսերի 28.3 տոկոսը): Մարզպետը նշել է, որ 2018 թ. համար նախատեսվում է աղբահանությունից ստացվող մուտքերը հասցնել 82,8 մլն դրամի, և հաշվի առնելով եկամուտներ-ծախսեր հարաբերակցությունը համարժեք դարձնելու ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ համայնքների բյուջեներում կատարվել են համապատասխան փոփոխություններ և ծախսերը համապատասխանեցվել են եկամուտներին, որպեսզի աղբահանությունը կատարվի ինքնածախսափակման եղանակով:

Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. ոռոգելի հողատարածքները Վայոց ձորի մարզում կազմել են 6534 հա, 2018 թ. նախատեսվում է ոռոգվող հողերն ավելացնել ևս 10 հա-ով: 2017թ. ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 1 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 4-ը: 2016 թ. հիմնվել է 25 հա ինտենսիվ այգի, 2017 թ.՝ 30 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել ևս 55 հա: 2017 թ. 7 հա-ը ոռոգվել է կաթիլային եղանակով, 2018 թ. նախատեսվում է կաթիլային համակարգով ոռոգվող տարածքների ծավալը հասցնել 25 հա-ի: Նշվել է, որ 2018 թ. գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է ունենալ 2 մլրդ դրամի աճ: Վարչապետն ընդգծել է, որ Վայոց ձորի մարզում առկա են աճի լուրջ հնարավորություններ և հանձնարարել աճի ավելի բարձր նշաձող դնել, ինչպես նաև քննարկել գյուղատնտեսական ներդրումային ծրագրերում և համայնքային, մարզային և հանրապետական նշանակության չօգտագործվող գույքի կառավարման գործընթացում մասնավոր ներդրողին ներգրավելու հնարավորությունները:
2017 թ. մարզի գյուղատնտեսության ոլորտում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից Վայոց ձորի մարզում իրականացվել են շուրջ 430.3 մլն դրամի աշխատանքներ:

2018 թ. նախատեսվում են 755 մլն դրամի ներդրումներ, արդյունքում կստեղծվի 200 նոր հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: 2017 թ. իրականացվել է 104 մլրդ 515 մլն դրամի ներդրում, շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 37 մլրդ 838 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է մարզում իրականացնել 64 մլրդ 816 մլն դրամի կապիտալ ներդրումներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալը կանխատեսվում է 28 մլրդ 825 մլն դրամ: Հեռանկարային են համարվում աղբի վերամշակման, այծի պանրի արտադրության, զբոսաշրջության, խաղողագործության, չրերի արտադրության ոլորտներում ներդրումային ծրագրերը, որոնց մասով կատարվել են որոշակի ֆինանսական հաշվարկներ:

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատականով, կոնկրետ արդյունքներով ծրագրեր և աշխատել դրանցում ներգրավել նաև Վայոց ձորից դուրս եկած հաջողակ գործարարներին: 

Ներկայացնելով կրթության ոլորտում տարվող աշխատանքները՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից մարզի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների 1794 աշակերտի հատկացվել է ուսումնական պլանշետ:

9 հանրակրթական դպրոցում գործում է ռոբոտաշինության կաբինետ, ընդգրկված է 167 աշակերտ: Մարզի բոլոր դպրոցները, բացի Բարձրունու միջնակարգ դպրոցից, ապահովված են բարձրագույն կրթությամբ մասնագետներով: Նոր ուսումնական տարում կլուծվի նաև այդ խնդիրը: Մարզի դպրոցներում աշխատում է 61 ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 38 դպրոց ունի մարզադահլիճ, իսկ 4 համայնքում գործում են մարզադպրոցներ, որտեղ աշխատում են 13 մարզիչ, ընդգրկված է 375 երեխա: Հաջող դասավանդվում է ձեռնարկատիրություն առարկան, կան տարբեր խմբակներ, բոլոր հանրակրթական դպրոցներում դասավանդվում է ազգային երգ ու պար: Վարչապետը կարևորել է մարզերում երեխաների զբաղվածության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ապահովումը: 

«Գյուղական համայնքներում պետք է այնպես անենք, որպեսզի երեխաներին մաքսիմալ զբաղվածություն ապահովենք և գիտելիք տանք: Այս դասընթացները՝ ձեռնարկատիրություն, ռոբոտատեխնիկա, երեք լեզու, ֆիզկուլտուրա շատ եմ կարևորում, որպեսզի երեխան նաև դպրոցն ավարտելուց կարողանա կողմնորոշվի իր հետագա մասնագիտության հարցում», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հորդորելով շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ առողջապահության ոլորտում վճարովի ծառայություններից ստացված գումարը կազմել է 57 676.8 հազ. դրամ՝ 2016 թ. համեմատ 16064.0 հազ. դրամով ավելի (38 տոկոս): 2018 թ. նախատեսվում է վճարովի ծառայությունները հասցնել 80760.8 հազ. դրամի:

 Ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը 2017 թ. կազմել է 492.4 մլն դրամ, իսկ 2018 թ. նախատեսվել է 2987.8 մլն դրամ /բարեկարգվելու են դեպի Հորբատեղ, Գետափ և Հերհեր բնակավայրեր տանող ճանապարհները/: Վարչապետ Կարեն Կարապետյանն ուշադրություն է հրավիրել նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ տարբերակների վրա՝ հանձնարարելով ուսումնասիրել ըստ համայնքների նման լուծումների հնարավորությունները:

Զբոսաշրջության ոլորտում 2017 թ. արձանագրված ցուցանիշների մասով զեկուցվել է, որ զբոսաշրջիկների թիվը Վայոց ձորի մարզում կազմել է 46000 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 9.5 տոկոսով ավելի, ստեղծվել է 18 մշտական աշխատատեղ: 2018թ. ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թիվը կհասնի 50000-ի: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «20 անիրական իրականություն» ծրագրի շրջանակում մշակվում է Վայոց ձորի մարզի պատմամշակութային հուշարձանները և հատուկ պահպանվող 5 տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագիրը, որը կավարտվի 2019թ.: 2018թ. մասնավորի կողմից կիրականացվեն մի շարք ենթակառուցվածքային (հյուրանոցաշինություն, զբոսաշրջային համալիրի կառուցում և այլն) ծրագրեր: 

Կառավարության ղեկավարը նշել է, որ Վայոց ձորի մարզը հարուստ է յուրօրինակ պատմամշակութային հուշարձաններով, և անհրաժեշտ է միայն ակտիվ աշխատել և ճիշտ ներկայացնել առկա ներուժը՝ զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու համար: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել նաև կարճ ժամանակահատվածում փոքրածավալ ծրագրեր իրականացնելու հեռանկարները և ներկայացնել առաջարկություններ: