կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-03 14:19
Քաղաքական

Բոլորը բոլորի հետ պայմանավորվել են, գործում է ստվերային պայմանավորվածություն. Փոստանջյանը՝ ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու մասին

Բոլորը բոլորի հետ պայմանավորվել են, գործում է ստվերային պայմանավորվածություն. Փոստանջյանը՝ ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատվեր է կատարում, քանի որ կաշկանդված է իր քաղաքացիության հետ կապված կեղծ տեղեկություն ներկայացնելու հանգամանքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի առաջադրմանը։

«Հենց դա է հիմնական պատճառը, որ մենք այսօր չունենք ՀՀ նախագահ, որն անկաշկանդ է և կարող է Սահմանադրությամբ  իրեն վերապահված լիազորությունները պատշաճ կարգով կատարել: Մենք, ըստ էության, չունենք քաղաքական հակակշիռներ, զսպումների մեխանիզմներ: Եվ սրա մասին է վկայում, որ նա մի քանի անգամ ՍԴ անդամի թեկնածու է առաջադրում, այդ թեկնածուն չի անցնում, իսկ հետո առաջադրվում է այն թեկնածուին, որը ցանկալի է իշխող մեծամասնության համար»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ ժամանակին Վահե Գրիգորյանը թերագնահատել է Արմեն Սարգսյանին, ասել, որ նախագահի պաշտոնը Սարգսյանն ապօրինի է զբաղեցնում:

Ինքը` Փոստանջյանը, այդ առումով համամիտ է, քանի որ բրիտանական պետական ծառայությանը ներկայացրած հաշվետվության մեջ  Արմեն Սարգսյանը չի նշել, որ հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: «Ես, շեշտը դնելով սրա վրա, ԱԱԾ-ին և ոստիկանությանը հաղորդում էի ներկայացրել հանցագործության մասին, սակայն նրանցից ոչ մեկ չարձագանքեց»,- ընդգծեց նա և լրացրեց. «Ակնհայտ է, որ այստեղ կա պատվեր, քանի որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր վիճարկում Արմեն Սարգսյանի՝ որպես ՀՀ նախագահ նշանակվելու օրինականության հարցը, բայց հիմա պարզվում է, որ այդ ամենը ցուցադրական բնույթ էր կրում: Իրականում բոլորը բոլորի հետ պայմանավորվել են, և ցավալի է, որ օրինականության սկզբունքները դրել են մի կողմ՝ գործելով ստվերային պայմանավորվածությունների ներքո»:

Ըստ Փոստանջյանի՝ ստվերում գտնվող անձինք են որոշում գլխավոր պաշտոններին  այս կամ այն մարդուն նշանակելու հարցը: