Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահի կողմից ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումն իրավական խնդիր չի առաջացնում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանին երկրորդ անգամ առաջադրելու` սահմանադրական արգելքի մասին պնդումներին:
Ինչ վերաբերում է հնչած տեսակետներին, թե Վահե Գրիգորյանին առաջադրելը խոսում է նախագահի ինստիտուտի վրա ճնշման մասին, նախարարը հակադարձեց. «Ինստիտուտները կարող են միմյանց նկատմամբ ազդեցություն ունենալ՝ տարբեր դրսևորումներով, և այն փափուկ է ու իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին, եթե այդպիսին գնահատվում է առաջադրված թեկնածուներին դեմ քվեարկելը կամ չքվեարկելը»:
Հարցին՝ սա քաղաքակա՞ն որոշում էր, Զեյնալյանն արձագանքեց. «Իհարկե, քաղաքական որոշում է, իրավաքաղաքական, անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել»:
Այս համատեքստում չանտեսելով Վահե Գրիգորյանի վերաբերյալ հրապարակումները, թե նա կալանավորված է եղել խարդախության մեղադրանքով, արդարադատության նախարարը շեշտեց՝ նա ամբողջությամբ արդարացվել է: «Եվրոպական դատարանի վճիռ կա, որտեղ հաստատված է նրա անմեղությունը»,- պնդեց նա:
Հարցին՝ անցումային արդարադատության կիրառումը դատական իշխանափոխության արտահայտություն չէ՞, նախարարը պատասխանեց խոստմամբ` այս մասին ավելի ուշ հրավիրվելիք ասուլիսում խոսել, այդ թվում՝ վեթինգի:
Իսկ թե ԲԴԽ-ն ինչ-որ կերպ լուծարելու իրավական հիմքեր կա՞ն, օրենքը նման հնարավորություն տալի՞ս է, Արտակ Զեյնալյանն ասաց, որ օրենսդրական հիմք չկա: