կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-03 13:41
Քաղաքական

Էդ մի «քանի հազար դրամ»-ը էնպիսի հեգնանքով եք ասում. ԲՀԿ պատգամավորը՝ իմքայլականներին

Էդ մի «քանի հազար դրամ»-ը էնպիսի հեգնանքով եք ասում. ԲՀԿ պատգամավորը՝ իմքայլականներին

Այսօր ԱԺ-ում բուռն քննարկում ծավալվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի շուրջ: ԲՀԿ-ն առաջարկում է բնական աղետների ժամանակ տուժած գյուղացիներից հողահարկ չգանձել:

Այդ առաջարկը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանը մասնավորապես նշեց. «Այսօր որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ գյուղացին գտնվում է լավ վիճակում, որ հեղափոխությունից հետո  անցել է մեկ տարի, ամեն ինչ լուծվել է, և այլն, և այլն: Շատ բարի, ապահովագրությունն անենք, բայց մեկը մյուսին չի հակասում: Այսինքն`մենք ի՞նչ ենք ասում` եղել է աղետ` կարկտահարություն, ցրտահարություն, պետք չէ միլիմետրով դնել այդ 50 տոկոսը: Կա արբանյակ, կա թվային տնտեսություն: Դնում ենք, ասում ենք` ժեստ է անում պետությունը: Պետությունն ասում է` ես իմ ֆունկցիան լիարժեք չեմ կարողանում կատարել քո նկատմամբ, գոնե սրանից քեզ ազատենք: Գյուղացին կարող է ասել` եղբա’յր, պետությունն իմ մեջքին կանգնած է: Պարզ, հասարակ տրամաբանություն է, որ գյուղացին զգա, որ պետությունն առաջին քայլով սա է անում, երկրորդ քայլով անպայման պետք է փոխհատուցի: Չէ՞ որ աղետ է եղել, ո՞վ պիտի գյուղացու մեջքին կանգնի` պետությունը: «Բարգավաճ Հայաստանը» ասում է`մենք պետք է ժեստը անենք: Թունյանն ասում է`թանկ է նստում: Էլի եմ կրկնում, մենք եթե 5000-7000 դրամ պետք է տանք, 100-200 դրամի համար չպետք է ժլատություն անենք, ու պետությունն ասի, որ 47-48 տոկոս է եղել: Սա քաղաքական բնույթի որոշում է»:

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի  սահմանների 80 տոկոսից ավելին փակ է, գյուղատնտեսական նշանակության հողերի 60 տոկոսից ավելին անմշակ է մնում, և Հայաստանի 36.1 տոկոսը գյուղաբնակ է, որի 75 տոկոսի հողի մակերեսը 200 քմ մետրից պակաս է:

«Այսինքն՝ խոսքը չափազանց փոքր տնտեսության մասին է: Չէ՞ որ օրենքի նախագծում հստակ ասված է` բնակլիմայական աղետների հետևանքով, ֆորսմաժորային իրավիճակներում... Եվ այդ մի քանի հազար դրամն այնպիսի հեգնանքով եք ասում... Պատկերացնո՞ւմ եք գյուղացիների համար այդ մի քանի հազարն ինչպիսի մեծ բեռ է: Նա եկամուտ չունի, պարտավորություն է կրում, որ այդ մի քանի հազար հարկերը վճարի: Ո՞ւր ենք մենք նրան տանում, սնանկությա՞ն»,- նշեց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ գյուղեր կան, որտեղ բնակչության կեսը վարկի տակ է: Ավելին` նա վստահ է, որ այս նախաձեռնությունը գյուղատնտեսության մեջ կարող է հեղափոխական փոփոխություններ արձանագրել:

Օրինագծի մասին ելույթ ունեցավ նաև «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Ինձ զարմացնում է այն քամահրանքը, որով այս ամբիոնից ասում են՝ դե խոսքը մի քանի հազար դրամի մասին է: Հարգարժա՛ն պատգամավորներ, եթե դուք լինեիք գյուղերում և սահմանամերձ գյուղերում, որտեղ մարդկանց ձեռքին հազար դրամ չկա և մարդիկ գոյատևում են բարտերով՝ մի գյուղմթերքը փոխարինում են մյուսով և այդպես ապրում են տարիներ շարունակ, կհասկանայիք, որ մի քանի հազար դրամը նրանց համար ելք է ստեղծված իրավիճակից: Եվ, ընդհանրապես, ինձ մոտ տպավորություն է, որ վատագույն ավանդույթները շարունակվում են. երբ ընդդիմությունը բերում է նախագիծ՝ ստեղծված ծայրահեղ իրավիճակին լուծում տալու, ասում են՝ դե գիտեք, վատ չի, բայց մենք գլոբալ նախագիծ ենք բերելու: Սա սխալ և ոչ արդար մոտեցում է: Ես հիմա, ազգային անվտանգությունից ելնելով,  չեմ թվարկի, թե այսօր Հայաստանում քանի գյուղ կա, որտեղ ապրում է ընդամենը երկու, երեք ընտանիք: Միգուցե ձեզ համար մի քանի հազարը ժեստ է, բայց այս ամբիոնից նման հայտարարություններ անելուց առաջ պետք է մտածեք այն մարդկանց մասին, որոնց համար պետության կողմից տարեկան 10 հազար դրամ հատուցում ստանալը ևս հարցի լուծում է»:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա քաղաքական ուժի անունից ելույթ ունեցավ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որը հայտարարեց` այս նախագիծը կյանքի կոչելու ճանապարհ ուղղակի չկա: «Դուք ասում եք՝ արբանյակով կնկարենք, բայց իրականացման եղանակ չկա: Համայնքի բյուջեն հետո պետական բյուջեի՞ց ենք համալրելու: Եթե մեկն ունի 800 հա, մեկը ունի 8000 քառակուսի, ո՞ւմ ենք փոխհատուցելու: Նախագիծն այս ձևակերպմամբ, որը դուք ներկայացրել եք, հնարավոր չէ հիմա կյանքի կոչել: Դրա մեջ կա շատ լավ տրամաբանություն, բայց այս ձևակերպմամբ դա իրականանալի չէ»,- ասաց նա` ավելացնելով` այնպես պետք է անել, որ այսուհետև այս կարգի նախագծերը քննարկվեն հանձնաժողովում և չընդգրկվեն ԱԺ լիագումար նիստի օրակարգում: 

«Նախագծի քննարկումը դարձավ վարկի տոկոսի մասին քննարկումը: Ստացվեց, որ մենք շատ վատ ենք վերաբերվում գյուղացուն, դուք՝ շատ լավ: Սա պրոֆեսիոնալ հարթություն չէ քննարկման: Եթե մենք ունենք օրենքի նախագիծ և ուզում ենք աջակցություն գյուղացուն, եկեք քննարկենք պրոֆեսիոնալ հարթության վրա, ոչ թե` քաղաքական»,- նշեց Կարապետյանը:

Ի դեպ, ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին: Կառավարության ներկայացուցիչ և ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ գյուղացին եկամտահարկ չի վճարում, այլ՝ գույքահարկ՝ ունեցվածքի և գույքի դիմաց, ու  կախված չէ որևէ ֆինանսական արդյունքից: «Մեր խնդիրն է գյուղացուն օր առաջ վերականգնել, որպեսզի նա կարողանա գործունեություն իրականացել իր հողակտորի վրա: Եկեք քննարկենք օբյեկտիվորեն: Ո՞ր գործիքն է ավելի արագ վերականգնում գյուղացուն՝ հողի հարկից ազատե՞լը, որն այնքան էլ էական ներդրում չէ նրա աշխատանքներում, թե՞ սերմացու, պարարտանյութ տրամադրելը կամ, օրինակ, ոռոգման ջրի հարցը լուծելը, ապահովագրության համակարգ ներդնելը, որը երաշխիք է նրա գործունեությունը շարունակելու համար»,- ասաց փոխնախարարը: