Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստանը» երկրորդ անգամ նույնականացվում է իշխող կուսակցության հետ՝ կողմ քվեարկելով Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին «Իմ քայլը»-ի նախագծին՝ Yerkir.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով կարծիքներին, որ ԼՀԿ-ն այս քայլով կորցնում է ընդդիմության դիմագիծը և իշխանության կցորդ դառնում:
«Այսինքն՝ ԼՀԿ-ն ոչ միայն այլընտրանք չդարձավ իշխող խմբակցությանը, այլև այս կերպ օգնեց իշխանության ղեկավարին անձնիշխան համակարգ հաստատելու հարցում»,- ասաց նա:
«Լուսավոր Հայաստան»-ից հակադարձում են՝ կողմ քվեարկելու են հարցի միայն իրավակազմակերպական գործընթացին: Yerkir.am-ին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց՝ կողմ են, որ ՍԴ-ն քննարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, իսկ թե ի՞նչ կորոշի խմբակցությունը, իրավասու չէ որևէ բան անել:
«Այս գործընթացն ունի 2 մաս՝ իրավակազմակերպական և բովանդակային: Քանի որ «Իմ քայլը»-ի և, ընդհանրապես, իշխանության մոտեցումը դատական համակարգին բացառապես եղել է քաղաքական և ընկալվել որպես քաղաքական ճնշում, հիմա նրանք որոշել են օգտվել իրավական ճանապարհից՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածով: ՍԴ նախագահի վերաբերյալ կարգապահական էական խախտումների առերևույթ հիմքեր տեսնելով՝ իշխող խմբակցությունը նախաձեռնել է դադարեցնել նրա լիազորությունները: Մենք էլ ասում ենք՝ եթե նկատում եք առերևույթ խախտումներ, եկեք դիմենք ՍԴ»,- ասաց ԼՀԿ պատգամավորը:
Խորհրդարանի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը Yerkir.am-ի հետ զրույցում նախընտրեց նախագծին կողմ և դեմ քվեարկելու խնդիրն առայժմ չբարձրացնել, մի կողմ թողնել էմոցիոնալ ֆոնն ու հարցին զուտ իրավական տեսանկյունից մոտենալ:
«2017 թվականին ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի թիկնածությանը դեմ էր քվեարկել: Խնդիրը պետք է տարանջատել անձերից և հասկանալ միայն մի բան՝ սա իրավական փաստաթուղթ է, որն իրավաբանորեն պետք է անթերի լինի»,- ասաց Աբովյանը և հավելեց՝ հարցը կքննարկեն ու դիրքորոշում կհայտնեն:
«Ընդդիմությունը միայն քաղաքական կարգավիճակ չէ, այն պետք է ներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը, որը պետք է տարբերվի իշխող քաղաքական ուժի տարբերակից»,- ընդգծեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նա վստահ է, որ այս հարցում ԱԺ ընդդիմադիր կուսակցությունները «Իմ քայլը»-ին այլընտրանք չեն:
Բադալյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ շատ դեպքերում ԼՀԿ-ի գործողությունները, չնայած որոշ քննադատություններին, համընկնում են իշխանության ցանկություններին: «Մասնավորապես՝ վարչապետի շահերից էր բխում ԼՀԿ-ի այն նախագիծը, որով ոստիկանությունը և ԱԱԾ-ն կարող են ղեկավարվել քաղաքական ուժի կողմից և ԱԺ-ին հաշվետու մարմին չլինել»,- ասաց նա:
Բադալյանը չբացառեց, որ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում նման քայլերի հետևանքով ԼՀԿ-ի՝ խորհրդարան մտնելը խիստ կասկածելի դառնա:
«Դեկտեմբերի 9-ին հեղափոխության ֆոնով ձևավորված խորհրդարանի էյֆորիան ամբողջովին անցել է: Նոր ընտրությունների ժամանակ հնարավոր է՝ ուժերի նոր կոնֆիգուրացիա լինի»,- ասաց Արմեն Բադալյանը: